Գյումրու բազան չի կարող պաշտպանել ՀՀ ողջ տարածքը

Գյումրու բազան չի կարող պաշտպանել ՀՀ ողջ տարածքը

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հոկտեմբերի 19-ին հանդես եկավ սյունեցիներին ուղղված կոչով՝ միավորել խաղաղ բնակչության բոլոր ուժերն ու հնարավորությունները՝ «հանուն մեր սահմանների անառիկության, ու մասնակցել ինքնապաշտպանությանը, կամավորագրվել ու ծառայել հայրենիքին՝ հանուն մեր երկրի եւ մեր զավակների ապագայի»։ Սյունիքի ինքնապաշտպանության կոչերով հանդես եկան Քաջարանի ու Մեղրիի համայնքապետերը։ Քաջարանի քաղաքապետի խոսքը պակաս դիվանագիտական էր․ զենք վերցնեն 20-60 տարեկան բոլոր տղամարդիկ, ովքեր ի զորու են պաշտպանել Սյունիքը:

Փաստորեն, բաց տեքստով ասվում է, որ հայ-ադրբեջանա-թուրքական-ջիհադիստական նկրտումները նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի ռազմավարական նշանակության մարզի՝ Սյունիքի նկատմամբ են։ Սյունեցիներին ուղղված կոչը տեղի պաշտոնյաների սեփակա՞ն նախաձեռնությամբ էր, թե՞ նման կոչով հանդես գալու հրահանգը եղել է կենտրոնական իշխանություններից։ Այս հարցին ի պատասխան՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն առաջարկեց որեւէ հարց չտալ․ «Առաջին լինիա եմ, ո՛չ կարում եմ խոսամ, ո՛չ էլ դրա ժամանակն ունեմ, ո՛չ էլ կարամ պատասխանեմ»։ Հեռախոսն անջատելուց առաջ նա հասցրեց ասել․ «Զորքը պատրաստ է, մարդկանց ոգին տեղն ա, ոչ մի խնդիր չկա»։

Խոսեցինք նաեւ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի հետ։ Նախ, հարց՝ ինչո՞ւ Կապանի քաղաքապետը չմիացավ այդ կոչերին։ «Անհրաժեշտություն չկա»,- ասաց Փարսյանը։ Նա նշեց, թե կոչով հանդես գալը եղել է Սյունիքի պաշտոնյաների նախաձեռնությունը։ «Սա տեղական ինքնակառավարման մարմինների կոչն է․ Քաջարանի, Մեղրիի քաղաքապետերի, իսկ Կապանի պարագայում նման կոչով հանդես գալու կարիք չկա, քանի որ մարդիկ գալիս, կամավորագրվում են»։ Թե կոնկրետ որքան մարդ է կամավորագրվել, Փարսյանը չի կարող հայտնել պատերազմի ժամանակ՝ ռազմական դրության պայմաններում։ «Բայց կարող եմ ասել՝ ակտիվ է»,- ասաց նա։ Զինվորագրման համար սյունեցիները դիմում են կա՛մ Քաջարանի համայնքապետարան, կա՛մ ԵԿՄ տարածքային գրասենյակ, եւ կա՛մ Մեղրու զինկոմիսարիատ։

Կոնկրետ վտանգի մասին Փարսյանը նույնպես կաշկանդված էր խոսում։ Միայն ասաց․ «Քանի որ մենք թշնամու հետ գործ ունենք, վտանգը միշտ էլ կա, պիտի նախապես պատրաստվենք»։ 
Հիշեցնենք․ երեկ հաղորդվեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են մարդասիրական հրադադարը՝ փորձել են Իրանի ու Արցախի (փաստորեն՝ Սյունիքի) Խոդաֆերինի ջրամբարի մոտ առավել բարենպաստ դիրք գրավել։ Իսկ հոկտեմբերի 10-17-ը թուրք-ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռակոծվել են Սյունիքի մարզի Արծվանիկ, Երիցվանք, Դավիթ-Բեկ եւ Խնածախ բնակավայրերը՝ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ, որի ժամանակ վնասվել են նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Սա էլ արդեն ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքն է, որի դեպքում կազմակերպությունը պարտավոր է արձագանքել անդամ պետության տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքին։ Կոնստանտին Զատուլինն էր վերջերս հարցազրույցում հարցրել, թե ինչու Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին։ Բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, որ ռուսաստանյան լրատվական ստուդիաներում հնչող հայտարարությունները, թե չեն միջամտում, որովհետեւ շփման գիծը ֆորմալ առումով Հայաստան չէ, այլեւս համոզիչ չեն հնչում։ Հարցադրումն ուղղեցինք ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւին, որն ի պատասխան՝ առաջարկում է ՀԱՊԿ-ի հետ հույսեր չկապել։ «Այլ միայն Ռուսաստանի, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի հարցի կապակցությամբ ՀԱՊԿ-ում տարբեր դիրքորոշումներ են։ Ղազախստանն իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին, Բելառուսը վաճառում է «Պոլոնեզ» եւ այլ սպառազինություններ արդեն կոնֆլիկտից հետո։ Այնպես որ, միայն ռուս-հայկական ռազմական փոխօգնություն։ Որքանով ես եմ հասկանում՝ Ռուսաստանից Հայաստան օգնություն գալիս է։ Միգուցե կան թերություններ»,- ասաց ռուսաստանցի փորձագետը։

Կոնկրետ Սյունիքի հետ կապված՝ նա հավելեց․ «Պետք չէ խուճապի մատնվել։ Այն, որ պատերազմը կտեղափոխվի ՀՀ տարածք, հասկանալի էր ի սկզբանե, քանի որ նման մասշտաբի դեպքում սա անխուսափելի էր։ Եվ դա տեղի ունեցավ նաեւ հուլիսին, երբ պատերազմական գործողությունները Հայաստան-Ադրբեջան սահմանին էին»։ Վլադիմիր Եվսեեւն ասում է, որ սյունեցի համայնքապետերի կոչը տեղին է եւ արդարացված։ Նաեւ առաջարկում է՝ թող կազմակերպեն քաղաքների հակաօդային պաշտպանությունը։ «Բայց այս մասով կարծել, թե հայաստանյան քաղաքների վրա պետք է գրոհեն ինչ-որ դիվերսանտներ, սա արդեն չափազանցություն է»,- հավելեց Եվսեեւը։ 

Որքան հայտնի է՝ մենք ՌԴ-ի հետ ունենք միացյալ ՀՕՊ։ Ուրեմն ինչո՞ւ են մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ հայտնաբերվում եւ ոչնչացվում, նախքան դրանք թիրախներ կխոցեն։ Վլադիմիր Եվսեեւը նկատեց, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը տեղակայված է Գյումրիում՝ 102-րդ բազայում։ «Եվ նախատեսված է Թուրքիայի հետ սահմանի պաշտպանության համար։ Գյումրու ՀՕՊ համակարգերը 300 կիլոմետր հեռավորության համար են նախատեսված։ Իսկ այլ ուղղություններով հակաօդային պաշտպանության համար անհրաժեշտ են լրացուցիչ ուժեր։ Գյումրու բազան չի կարող պաշտպանել ՀՀ ողջ տարածքը։ Իսկ Հայաստանի ՀՕՊ համակարգը տեղափոխվել է Ղարաբաղ»։ Եվսեեւը մանրամասնեց նաեւ, որ ռուսական բազան ժամանակին տեղակայվել է Գյումրիում, քանի որ այն ժամանակ միայն այս կողմից էր գնահատվում վտանգը։ «Նաեւ հայտարարվում էր, որ Հայաստանի Հանրապետությունն իր խնդիրները երկրի արեւմտյան հատվածում սեփական ուժերով կլուծի։ Բայց տեսնում եք, որ չստացվեց։ Եթե մենք նախապես պայմանավորված լինեինք եւս մեկ ռուսական բազայի ստեղծման մասին՝ երկրի արեւմտյան հատվածում, լինեին սարքավորումներ, սպառազինություն, իրավիճակը շատ ավելի լավ կլիներ»,- հավելեց Եվսեեւը։

ՀԳ․ Ճակատագրի հեգնանքով՝ ուղիղ 100 տարի առաջ Զանգեզուրը նույնպես ինքնապաշտպանվում էր՝ 1919-1921 թթ․ պայքարելով թուրքական, թաթարական ու խորհրդային զորքերի դեմ՝ Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ։ Թուրք-ադրբեջանական համաթուրքական հեռանկարային ծրագրում նախատեսվում էր Թուրքիայի եւ Ադրբեջանի միավորում, որի ճանապարհին կանգնած էր Սյունիքը։