Խաղաղություն՝ իշխանափոխության պայմանով. ի՞նչ է պնդում Մոսկվան

Խաղաղություն՝ իշխանափոխության պայմանով. ի՞նչ է պնդում Մոսկվան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության տնօրեն Մաքսիմ Մուսիխինը հայտարարել է, որ «ուկրաինացի ժողովուրդը պետք է ընտրի նոր ղեկավարություն, որը կարող է Ռուսաստանի հետ խաղաղության հուշագիր ստորագրել»։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «վաղուց կորցրել է նույնիսկ ներքին լեգիտիմությունը և չի կարող ներկայացնել երկիրը նման բանակցություններում»։

Մուսիխինը կարծում է, որ ուկրաինական կողմից փաստաթուղթը պետք է ստորագրի «այն անձը, ով ունի ժողովրդի մանդատը դա անելու համար», հակառակ դեպքում, նրա խոսքով, «խնդիրներ կառաջանան»։ 

Պաշտոնյայի պնդմամբ, Ուկրաինայի խորհրդարանի ղեկավարը, իբր, «որոշակի լիազորություններ» ունի նման համաձայնագիր ստորագրելու, բայց «արդյո՞ք նրան թույլ կտրվի դա անել իր սեփական երկրում՝ մեծ հարց է»։

Ավելի վաղ՝ մայիսի 19-ին, Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտնել էր Մոսկվայի պատրաստակամությունը Կիևի հետ համագործակցել խաղաղ կարգավորման վերաբերյալ հուշագրի շուրջ։ 

Հիշեցնենք, որ ըստ The Wall Street Journal-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հունիսի կեսերին՝ Վատիկանում: