Ինչ տեղի կունենա, եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի Դոնալդ Թրամփը․ մաս 1-ին

Ինչ տեղի կունենա, եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի Դոնալդ Թրամփը․ մաս 1-ին

Չնայած այն բանին, որ սոցհարցումների գերակշիռ մեծամասնությունը փաստում է, որ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն ունի առավելություններ առաջիկա նախագահական ընտրությունների համար, սակայն գործող նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրության հնարավորությունները բավականին բարձր են։ Ընդ որում, դա ունի մի քանի պատճառներ։

Այդ պատճառներից են՝ այդ սոցհարցումների ի սկզբանե ոչ անաչառ լինելը, քանի որ դրանց պատվիրատուները հիմնականում կապվում են դեմոկրատների հետ։ Բացի այդ, սովորաբար անտեսվում են հաղթանակի համար կարեւոր մի քանի գործոններ, որոնցից են այսպես կոչված «ամոթխած» ընտրողների գործոնը, ինչպես նաեւ տատանվող նահանգներում կամ առանձին շրջաններում՝ թեկնածուների վարկանիշում եղած բավական մեծ տարբերությունը։ Չպետք է մոռանալ, որ տատանվող ընտրողների թիվը, ինչպես եւ 2016 թվականին բավական բարձր էր՝ 10-11 տոկոս։

Դեռեւս չորս տարի առաջ, ամերիկա-բրիտանական Democracy Institute-ը արձանագրել էր, որ տատանվող ընտրողների թվի աննախադեպ շատ լինելը կարող է կանխորոշել ընտրությունների ելքը եւ ենթադրել էին, որ ամենայն հավանականությամբ նրանք վերջին պահին կընտրեն Թրամփին։ Ներկայումս էլ Democracy Institute-ում նույն կարծիքին են մնացել եւ կարծում են, որ ներկայիս ընտրական մարաթոնում ամենայն հավանականությամբ կհաղթի ԱՄՆ գործող նախագահը։ Այդուհանդերձ, վերջին տասնամյակների համար ամենից լարված ԱՄՆ նախագահական ընտրական մարաթոնի արդյունքները շարունակում են մնալ չափազանց անորոշ։ Ուստիեւ լիովին տեղին կլինի գնահատել, թե ինչ տեղի կունենա, եթե հաջորդ չորս տարիներին էլ Սպիտակ տանը տանտեր մնա Դոնալդ Թրամփը։