Ադրբեջանը հող է նախապատրաստում լայնածավալ գործողություններ սկսելու համար․ Խաչիկ Գալստյան

Ադրբեջանը հող է նախապատրաստում լայնածավալ գործողություններ սկսելու համար․ Խաչիկ Գալստյան

«Վերջին տարիների ընթացքում, հատկապես իշխանափոխությունից հետո հայ ժողովրդի կենսական շահերի տեսանկյունից ամենառաջնային խնդրի վերաբերյալ՝ Արցախյան հիմնահարցի վերաբերյալ  գործող իշխանությունները վարել են շատ անպատասխանատու, շատ անփույթ քաղաքականություն՝ չունենալով ոչ մի հայեցակարգային մոտեցում, ոչ մի ռազմավարական տեսլական»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր Խաչիկ Գալստյանը՝ համաձայն լինելով սեպտեմբերի 19-ին ՀՅԴ Գերագույն մարմնի տարածած հայտարարության բովանդակության հետ։

ՀՅԴ Գերագույն մարմինն ընդլայնված խորհրդակցությունից հետո տարածած հայտարարությամբ գործող իշխանություններին մեղադրել էր Արցախյան բանակցային գործընթացում հստակ ռազմավարություն չունենալու, մարտավարական ձախողումների մեջ։ 

Խաչիկ Գալստյանի խոսքերով՝ իշխանությունը գործող վարչապետի գլխավորությամբ մի քանի ռեվերանսներ արեց, փորձեց մի քանի նորամուծություն անել 2 տարվա ընթացքում, սակայն բոլոր նորամուծությունները տապալված են, մասնավորապես այդպես էլ չի հաջողվել Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնել, չի չեզոքացվել պատերազմի վտանգը։ «Ասեմ ավելին, այսօր մենք, առավել քան երբևէ, կանգնած ենք լայնածավալ պատերազմի շեմին, քանի որ բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չկա, իսկ խաղաղ կարգավորման հեռանկարներն, այսպես ասած, անորոշ են, որտեղ իշխանություններն իրենց մեծ մեղքի բաժինն ունեն»,- շարունակեց նա։

Անդրադառանալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջերս արած հայտարարություններին, թե ՀՀ իշխանությունները խափանել են Արցախի շուրջ բանակցությունները, բանակցություններ չեն ընթանում, քաղաքական գործիչն ասաց․ «2003 թվականից՝ 17 տարի շարունակ, Ալիևը, ներկայացնելով Ադրբեջանը, հասկանալի, պարզ քաղաքական, պետական գործիչ է դարձել մեզ համար։ Այս իշխանությունները թող պատասխանեն իրենց հարցադրումներին, որ «Ալիևը կիրթ գործիչ է», «Ալիևի հետ կարելի է բանակցել», «վերելակում կարելի է ինչ-որ պայմանավորվածությունների գալ»․ դրա մասին եմ ասում»։

Արցախյան հիմնահարցի վերաբերյալ, ըստ «Հայրենիք» կուսակցության անդամի, անփույթ մոտեցումները, համպատրաստից ինչ-որ գաղափարներ, թեզեր շրջանառելն անթույլատրելի շքեղություն էին։ 

«Ու ցավոք սրտի, իշխանությունները գնացին հենց այդ ճանապարհով։ Եթե Ալիևի, Ադրբեջանի պետական  այրերի՝ վերջին շաբաթներին հրապարակված հայտարարություններն ուշադիր վերծանենք և վերլուծենք, ապա կտեսնենք, որ մաքսիմալ ռազմատենչության հոտ է գալիս։ Նրանք մի քանի տեղեկատվական օպերացիաներ են իրականացրել, որը զրո արձագանք է գտել հայկական կողմից, մասնավորապես քուրդ գրոհայինների՝ Արցախի տարածքով դեպի Ադրբեջան պատերազմական գործողությունների նախաձեռնությունների, այլնի մասին։ Սրանք բոլորը վկայում են այն մասին, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում լայնածավալ գործողություններ սկսելու համար․ սա մեզ համար ազդակ պետք է լինի, որ մենք առնվազն պատրաստ լինենք նման զարգացումների։ Իսկ ինչ վերաբերում է Ալիևի մեղադրանքներին, առնվազն մեզ համար վաղուց պարզ է, որ, այո՛, Ալիևը կամ Ադրբեջանի ղեկավարությունն իրենց անփոփոխ, հայատյաց քաղաքականությամբ բնականաբար իրենց պատկերացրած կամ իրենց երազած բանակցային գործընթացը ոչ մի իշխանության դեպքում չեն ստանալու։ Հայաստանում չկա և չի ծնվելու որևիցե մարդ, որը միակողմանի և ոչ հայանպաստ լուծումների գնա, առնվազն այդպիսի մարդկանց գնահատականը և դատաստանը հայ ժողովուրդը միասնական կտա»,- եզրափակեց քաղաքական գործիչը։