Ադրբեջանը փաստացի նախապատրաստվում է նոր էսկալացիայի

Ադրբեջանը փաստացի նախապատրաստվում է նոր էսկալացիայի

Զրուցել ենք ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ:

–Երեկ Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի մասին:  Ո՞րն էր Ալիևի հիմնական ասելիքը: 

–Ալիևը պարզ տեքստով խոստովանեց, որ հենց իրենք են հերթական անգամ գնացել ագրեսիայի: 
Ալիևը, մասնավորապես նշել է. «Հայկական կողմը հերթական անգամ սադրանքի է գնացել, և դրա հետևանքով մենք զոհ ենք ունեցել: Բոլորը պետք է տեսնեն, որ մենք մեր զոհերի արյան վրեժն անպատասխան չենք թողնում: Մենք միանգամից ձեռնարկել ենք «Վրեժ»  գործողությունը, վրեժ լուծել մեր զոհի համար և խստորեն պատժել նրանց: Մեր զոհի արյունը թանկ է նստել թշնամու վրա, և նրանք դա չեն մոռանա: Եթե ևս նման սադրանքի գնան, նույն պատասխանը կստանան: Ոչ ոք չի կարող մեզ խոչընդոտել, ոչ ոք չի կարող մեզ կանգնեցնել»:  Հիշեցնեմ, որ օգոստոսի 3-ին Արցախի դեմ ձեռնարկված ադրբեջանական ագրեսիային նախորդել է տեղեկատվական արշավ ադրբեջանական ողջ քարոզչադաշտով, և առկա էին հստակ ազդակներ, որ Ադրբեջանը գնում է սադրանքի: Ես նաև Ձեզ հետ զրույցներում էի կանխատեսել, որ Ադրբեջանը գնում է էսկալացիայի: Ցավոք, դա իրականություն դարձավ:
Ալիևի երեկվա հայտարարությունը ոչ միայն հստակ խոստովանություն է, այլ ևս մեկ անգամ հնչող սպառնալիք՝ ապագայում ևս նման գործողությունների գնալու վերաբերյալ: Վրեժի ծարավ Ալիևը այդպես էլ չի բավարարվում ձեռք բերվածով: Նրա վարած քաղաքականությունը խաղաղության հետ որևէ աղերս չի ունեցել և չի էլ կարող ունենալ, քանի որ ամբողջ բռնապետական համակարգը հիմնված է հայի դեմ ատելության քարոզի վրա, ինչից Ալիևը երբեք չի հրաժարվելու: 
Ուշագրավ է Ալիևի հայտարարության այն հատվածը, որտեղ նա նշում է, որ որևէ զանգ չի կարող կանգնեցնել: Ենթադրում եմ՝ նա ակնարկում էր և՛ Արևմուտքից և՛ հատկապես Ռուսաստանից եկող որոշ նախազգուշացումներ: Ալիևը իր ամեն ելույթում շեշտում է, որ ռուսները ժամանակավոր են և պետք է հեռանան: 

-Ալիևը նաև անդրադարձել է Արցախի թեմային՝ նշելով, որ կարգավիճակի մասին որևէ խոսակցություն չի կարող լինել: 

-Առաջին անգամ չէ, որ Ալիևը նման բան է ասում: Մի կողմից, նա միջազգայինների աչքին թոզ է փչում, թե իբր հայերը կարող են անվտանգ ապրել, որևէ խնդիր չկա, կարգավիճակի անհրաժեշտություն չկա, բայց մյուս կողմից խոսելով այն մասին, որ Սոսի կամ Աղավնոյի բնակիչները ցանկություն են հայտնել  մնալու՝ սպառնում է նրանց հաշվեհարդարով: Օրինակ՝ երեկվա իր խոսքում նա նշել է. «Լուրեր կան, որ նրանք ասում են, որ չեն գնա։ Իրենք գիտեն։ Իրենք ռազմական հանցագործներ են։ Թող չչափեն մեր համբերությունը նորից։ Թող հեռանան իրենց կամքով։ Մեզ միևնույն է, թե ուր կգնան»: 

Փաստորեն Ադրբեջանի համար Արցախի հայերն իրականում «ռազմական հանցագործներ են»: Այսպիսին է Ադրբեջանի պատկերացրած «խաղաղությունն ու անվտանգությունը»: 
Այս ամենը միջազգային գործընկերներին ներկայացնելու փոխարեն իշխանական ներկայացուցիչները շարունակում են կեղծ օրակարգեր ստեղծել: Հանում են մայիս ամսվա ինդեքսներ և տարածում համացանցում: Այդ մարդիկ հստակ ապացուցում են, որ իրականության հետ որևէ աղերս չունեն: Եթե նախկիններին մեղադրում էին իրականությունից կամ ժողովրդից կտրված լինելու մեջ, ապա իրենք ավելի քան կատարելագործվել են այդ հարցում և գերազանցել նախկիններին: 

-Այդ ամենին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, թե իբրև հայկական կողմերը խախտում են հրադադարը: 

-Այո, Ադրբեջանի այդ գործելաոճը նոր սադրանքների գնալու նախապատրաստություն է: Նրանք արդեն տևական ժամանակ է այսպես են վարվում, քանի որ ցանկանում են ցույց տալ, թե հայկական կողմը չի գնում խաղաղության և շարունակ լարված է պահում իրավիճակը: Իրականում բոլորին էլ պարզ է, որ հայկական կողմը ո՛չ Արցախում, ո՛չ էլ ՀՀ սահմանների երկայնքով չի ցանկանում լարման գնալ: 
Հայկական կողմի սխալն այն է, որ ունակ չէ միջազգային հանրությանը հստակ, փաստական ցույց տալ Ադրբեջանի գործելաոճը: Ադրբեջանը փաստացի խաղաղ բանակցային գործընթացի իմիտացիա է անում, իսկ իրականում նախապատրաստվում է նոր էսկալացիայի: Դրա համար բանակի հզորացումը հրամայական է, եթե մենք ցանկանում ենք զսպել Ադրբեջանի ախորժակը: