«Հրապարակ». ԱԳՆ-ն առանց պայմանագրի 35 մլն դրամի գնում է կատարել

«Հրապարակ». ԱԳՆ-ն առանց պայմանագրի 35 մլն դրամի գնում է կատարել

Դեկտեմբերի 14-15-ը Հայաստանում տեղի է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպում։ Այդ հանդիպման կազմակերպման համար արտաքին գործերի նախարարությունը գնում է կատարել Մարիամ Աբգարյան անհատ ձեռնարկատիրոջից՝ նրան փոխանցելով 35 մլն դրամ: Սակայն պայմանագիրն այս ձեռնարկատիրոջ հետ կնքվել է դեկտեմբերի 18-ին՝ բուն միջոցառման իրականացումից 3 օր անց: Հարց է առաջանում, թե ինչպես է Մարիամ Աբգարյանն ԱԳՆ-ին մատուցել ծառայությունը, կազմակերպել այդ միջոցառումը՝ նրա հետ չունենալով պայմանագիր։ Ըստ ամենայնի, հետո պայմանագրային ձեւակերպում են տվել արդեն իրականացված գործողությանը:

Մենք ԱԳՆ-ից փորձեցինք ճշտել այս հանգամանքը` գրավոր հարցում ուզեցին մեզնից, որն արդեն ուղարկել ենք։ Տեսնենք` ինչքան կտեւի պատասխան ուղարկելը: Փաստորեն, հարցերին պատասխանում են ուշացումով, իսկ ծառայությունները ստանում են նախապես, առանց փաստաթղթավորման: