Գոնե հանգիստ նստեք տեղներդ

Գոնե հանգիստ նստեք տեղներդ

Մարտի 1-ի բուն մեղավորները կրկին ակտիվացել են: Նրանք վախենում են, որ Քոչարյանի գործի հետ կապված այս ամեն ինչն իրենց դեմ կարող է շուռ գալ: Պատճառը «Մարտի 1-ի գործով մեղադրյալ», ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հայտարարությունն է այն մասին, որ Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս զինված ուժերն օգտագործել ներպետական հարցերում։ Ավելին, պաշտպանը միֆ է որակել հակառակ պնդումը, իսկ հակառակ պնդման կողմնակիցները, ինչպես գիտեք, 2008թ. մարտի 1-ից այս կողմ ոչինչ լսել չեն ուզում եւ, չնայած այն օրերի ընդդիմության պահվածքին տրված ոչնչացնող գնահատականներին, արդեն 11 տարի է՝ կառչած են բանակի ներգրավվածության միֆից:  

«ՀՀ օրենսդրությունն ուղղակիորեն թույլ է տալիս եւ միշտ թույլ է տվել օգտագործել զինված ուժերը, մասնավորապես, զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով»,- լրագրողներին ասել էր փաստաբանը եւ հիմնավորումներ բերել, այդ թվում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի սահմանադրությունն ու այդ սահմանադրության «թույլտվությամբ» 1996-ին Երեւանի փողոցներ БТР-ներ հանելը: Ալումյանը նախորդ Սահմանադրությունից մեջբերել է Մայր օրենքի նախկին խմբագրմամբ 8.2 հոդվածը, նորով՝ 14-րդ հոդվածը,  որը, ըստ պաշտպանի, փաստում է, որ զինված ուժերը նաեւ ներքին սպառնալիքներից պաշտպանելու համար են: Քոչարյանի հակառակորդներն էլ ամուր բռնել են նույն հոդվածի հետեւյալ տողերից. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ քաղաքացիական վերահսկողության ներքո են»: Հասկացանք: Իսկ հիմա նաեւ փորձենք հասկանալ, թե որքանով էին քաղաքական Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների՝ 2008թ. մարտի 1-ի գործողությունները՝ նույն թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից 10 օր անց: Եթե պետական շենքերը գրավելու եւ այդ շենքերում գիշերելու մասին կոչերը քաղաքական կոչեր են, հարց չկա, եթե քաղաքական պայքարի ձեւեր են ոստիկանության պահանջին չենթարկվելը, վրաններում «Մոլոտովի կոկտեյլներ», երկաթյա ձողեր ու «ոզնիներ» կուտակելը, դարձյալ հարց չունենք, եթե քաղաքական գործիչներ են ոստիկանությունից մահակներ խլելու, բարձրաստիճան ոստիկանների մեքենաներն այրելու, խանութներ թալանելու փաստերով ուրախացողներն ու 10 զոհը նորմալ համարողները, դարձյալ հարց չունեմ: Բայց չէ՞ որ դա այդպես չէ, չէ՞ որ քաղաքական պայքարն ու փողոցային անկարգությունները տարբեր կատեգորիաներ են, չէ՞ որ փողոցային անկարգությունները, իշխանությունների, թե ընդդիմության կողմից հրահրված, սկսվում են այնտեղ, որտեղ վերջանում է քաղաքական պայքարը:

Այնպես է ստացվել, որ Հայաստանում այսօր իշխանության է եկել Ռոբերտ Քոչարյանի թիվ 1 հակառակորդը՝ Նիկոլ Փաշինանը: Ինձ թվում է, որ նրան եւս անհանգստացրել է Քոչարյանի պաշտպանի հայտարարությունը, որով, ըստ էության, հերթական անգամ հօդս է ցնդել երկրի նախագահին ներկայացված «սահմանադրական կարգը տապալելու» մեղադրանքը: Եվ հիմա ի՞նչ է լինելու, երբ արդեն սպառվում են Քոչարյանին կալանքի տակ պահելու Փաշինյանի եւ նրա իրավաբանների փաստարկները: Հասկանալի է, Մարտի 1-ի գործը նրանք ընդհանրապես տապալեցին, եւ արդեն գրեթե հույս չկա, որ որեւէ մեկը երբեւէ պատասխան կտա սպանությունների համար: Խնդիրն այլ է այսօր: Ամեն օր ավելի ու ավելի պարզ է դառնում, որ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ընդ որում՝ ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի, դատաիրավական ողջ համակարգի եւ, այո, բանակի ներգրավմամբ:

Պագոնները պոկած գեներալներին կրկին բարձրացնելը, բանակի գեներալներին ձերբակալությամբ սպառնալն ու ցուցմունքներ կորզելը, սպաներին միտինգի ամբիոն հանելը, զինվորներին Հյուսիսային պողոտայով վազեցնելը եւ այլ խայտառակություններ ինչի՞ մասին են խոսում, եթե ո՛չ բանակը հեղինակազրկելու եւ քաղաքական խաղերի մեջ քաշելու:

«Ցանկացած բանական քաղաքացի կարող է ինքնուրույն ընթերցել սահմանադրական կարգավորումը ու համոզվել, որ այն բացառում է բանակի օգտագործումը ներպետական հարցերում: Հայաստանի անվտանգության համար սպառնալիք են եղել ոչ թե խաղաղ հանրահավաքները, այլ նախագահական ընտրությունների համակարգված կեղծումը, որի նպատակը եղել է քրեաօլիգարխիայի իշխանության երկարաձգումը՝ սահմանադրական կարգի տապալման ճանապարհով: ԶՈւ-երը Քոչարյանի հրամանով դուրս են բերվել քաղաքական չեզոքության ռեժիմից՝ վտանգելով ոչ միայն սահմանադրական կարգը, այլ նաեւ անվտանգությունն առաջնագծում»,- գրում է Փաշինյանի «հինգերորդ շարասյան» դերակատարում ստանձնած քաղաքական ուժի լրատվական կայքը: Բա չասե՞ս՝ այ․․․, դուք, որ այսօր որպես «ընդդիմություն»՝ Նիկոլի հետ իշխանություն եք, ի՞նչ արեցիք Ազատության հրապարակի, Իջեւանի, Բաղրամյան փողոցի խաղաղ ցուցարարների հետ, ի՞նչ եք պատրաստվում անել Ամուլսարի հանքի շահագործմանն ընդդիմացող ջերմուկցիներին: Հանուն ինչի՞ է այս ամենը: Մի՞թե սրանով չեք փորձում պահել կարգուկանոնը երկրում: Եվ ի՞նչ եք անելու, երբ ցուցարարների ձեռքին երկաթե մահակներ հայտնվեն, ինչպես հեռավոր 2008-ին: Հրաժարակա՞ն եք տալու: Ինչ-որ չեմ հավատում: Դուք ոչ միայն հայոց բանակը կհանեք ժողովրդի դեմ, այլեւ օտարներից զորք կխնդրեք՝ «անգրագետ պողոսներին» ցրելու եւ ձեր իշխանությունը երկարաձգելու համար: Եվ գոնե հիմա, երբ, թվում է, հասկացել եք, որ վաղը-մյուս օրը Քոչարյանն ազատվելու է կալանքից, մի ծիծաղեցրեք մարդկանց ձեզ վրա, ընդունեք վտանգավոր նախադեպ դարձած ձեր սխալն ու հանգիստ նստեք տեղներդ: