«Ջերմուկում զոհված ու անթաղ զինվորները ծնողներ ունե՞ն»  

«Ջերմուկում զոհված ու անթաղ զինվորները ծնողներ ունե՞ն»  

Ցավոտ է, չէ՞։ Ոստիկանությունն ուժ է կիրառել Եռաբլուրում ննջողների ծնողների նկատմամբ, իսկ հետո դատի տվել ծնողներին, ովքեր թույլ չեն տվել, որ նրանց մահվան տարած գերագույնը մոտենա հերոսների շիրիմներին։ 

Ինչու՞ է այդպես անողոք գործում ոստիկանությունը։ Հասկացանք, հրաման է կատարում, պարգևատրվում է, բայց հրաման տալիս են այն ժամանակ, երբ գիտեն, որ այդ հրամանի դեմ բողոքող չի լինի։ Լավագույն դեպքում սոցիալական ցանցերում մի քիչ «կտաքանան», հետո կանցնեն առօրյա հոգսերին։

Մինչև հիմա Ջերմուկում, թշնամու տիրապետության տակ  անցած տարածքում,  մեր զոհերի անթաղ մարմիններն են։ Ցավ չպատճառելու համար, չնայած անտարբեր հոգիներին ճիշտը ցավ պատճառելն է, չխոսեմ այդ մասին։ Միայն հիշեցնեմ,  թե դա ինչ ողբերգություն է ծնողների, հարազատների համար։ Ի՜նչ ողբերգություն է հերոսների համար, որոնց մարմինները  չեն հանգստանում։ Ինձ թվում էր, թե այդ ծնողների աղաղակը երկինք պիտի հասներ, որտեղ կփորձեին գտնել իրենց զավակների թափառող հոգիները։ Բայց նրանց ձայնը լսելու փոխարեն ամեն օր ֆեյսբուքում, նույնաբովանդակ աղիողորմ մի գրառում եմ կարդում, անունը չեմ նշի․ «Ջերմուկում զոհված ու անթաղ զինվորները ծնողներ ունե՞ն»։  Պարզ, մարդկային հարց է։ Երց ցավում է սիրտդ, լացում ես, երբ խիստ է ցավում, լացից խեղդվում ես, իսկ երբ անասելի է ցավում՝ չես դիմանում՝ աղաղակդ, ողբդ երկինք է հասնում։ Սա տեսնում է, չէ՞, այն իշխանությունը, որ հասցրել է մեզ  այդ վիճակին։ Տեսնում է ու գիտի, թե ինչու եք լռում։ Տեսնում է ու գիտի, որ ձեզ կարող է լռեցնել։ Կարևոր չէ՝ ինչով, բարոյական սանդղակներ այլևս չկան։ Հիմա ի՞նչ եք մտածում։ Նա ինչու՞ դատի չպիտի տա այն ծնողներին, որոնք չեն լռում, որոնց ողբը, աղաղակը երկինք է հասնում, որոնք գիտեն, որ իրենց որդիներին հերոսներ են ասում, որ իրենց աթոռները ներսում  պահեն։ Բայց հոգու խորքում իրենց որդիները նրանց համար ոչինչ են, որոնց անուններն անգամ գրելուց ֆեյսբուքն արգելափակում է։ Մեր հերոսներն այսօր իրենց կողմից դիտվում են որպես ահաբեկիչ ու խմբեր, կայքեր, էջեր են փակվում նրանց նկարը տեղադրելուց, անունները գրելուց։ 
Ավելի լավ է լռենք։