Նախկինում ներսում էր թատրոն տալիս, հիմա՝ դրսում․․․

Փաշինյանի «կառավարման» յոթ տարվա մեջ մի կարևոր բան է փոխվել, որը չեք ուզում նկատել կամ ես չեմ տեսնում։ Սպասեցնել չեմ տա․ միանգամից կասեմ։ Նախկինում ներսում էր թատրոնը, հիմա՝ դրսում։ Ո՞նց եք մոռացել կախարդական ներկայացումները։ Մի փոքրիկ ու տխուր ներկայացում կար, որտեղ գլխավոր դերում Փաշինյանն էր խաղում։ 2019 թվականի սեպտեմբերն էր։ Արցախյան աշնանային մի պայծառ օր։ Դերասանը իր փոքր դստեր հետ լուսանկար է հրապարակում (որպեսզի դերը ավելի հուզիչ լինի) ու ֆեյսբուքի իր էջում լացակումած մի պատմություն անում․
«Այսօր մեր Արցախ գալիս մի շատ ջերմ միջադեպ տեղի ունեցավ ճանապարհին:
Հաթերք գյուղի մերձակայքում ճամփեզրին դեռ հեռվից մի մարդ նկատեցի՝ որը ձեռքին ինչ-որ բան պահած ակնհայտ սպասում էր իմ մեքենայի մոտենալուն:
Չթաքցնեմ՝ մի պահ նույնիսկ լարվեցի. Արփին ինձ հետ էր մեքենայում ու նստած էր հենց այն կողմում, որ ճամփեզրի մարդն էր կանգնած:
Ու երբ մոտեցանք՝ անսպասելի բան տեղի ունեցավ. մարդը ջուր լցրեց իմ ավտոմեքենայի ետեւից…
Ցավդ տանեմ, եղբայր. ես ո՞նց կարող եմ քեզ հուսախաբ անել: Մենք ո՞նց կարող ենք իրար հուսախաբ անել: Տարբերակ չկա»:
Ընդամենը մի փոքրիկ ներկայացման դրվագ եմ ներկայացնում․ ո՜նց կարող էր հայ մարդը չհուզվել․ փոքրիկ Արփին, Արցախը, բաժակով ավտոմեքենայի հետևից ջուր լցնող հաթերքցին ու իր մրմունջը՝ ցավդ տանեմ եղբայր ջան․․․ Ահա նման թատերական ներկայացումների, շոուների մեջ է անցել մեր յոթ տարին։ Արցախը չկա, հաթերքցին չգիտեմ կենդանի՞ է այսօր և արդյո՞ք նման մարդ եղել է։ Կա միայն ինքն ու իր մեծացած Արփին։ Չկա Արցախը։ Եթե ներկայացնեմ յոթ տարվա մեջ խաղացած նրա դերերը, նեկայացումների ցանկը, կհասկանաք, թե նմանօրինակ միաոճ, միատոն ներկայացումներից ինչու՞ է հոգնել հանրությունը և ոչ նրան ուզում է լսել, ոչ տեսնել։ Բեմադրիչը ելքը գտել է։ Լավ դերասաններ է պատրաստել, որոնք խաղում են ներսում, իսկ ինքն իր կնոջ հետ փոդքասթներ է անում դրսում․․․ Ներսում նրան էլ չեն հավատում, որովհետև յոթ տարի մարդկանց հույզերի վրա է խաղացել ու ցույց տվել, թե երկիր է ղեկավարում, այնինչ երկրի մի ծերից բռնել ու թելի կծիկի պես բացել ու սկսել է հանձնել։ Հիմա ներսում նրան փոխարինում են փորձառու դերասանները՝ Ավինյանը, Պապիկյանը, Տատիկյանը, Միրզոյանը, ուսապարկերը, նախարարները, ովքեր իրենց գորշ գոյությամբ փորձում են համոզել, որ պետություն ունենք ու այն էլ՝ ինքնիշխա՜ն, որ ղեկավար ունենք, ով դրսերում իրեն մաշու՜մ է․․․ Այնինչ մեծ բեմադրիչը հասկացել է, որ ներսում գլխավոր դերակատարին պիտի փոխարինեն այլ դերակատարներ, ինքը դրսում թատրոն կխաղա։ Այդպես լավ է․ մարդիկ նրան չեն սուլի, բեմից իջեցնի, կսուլեն իր նշանակած դերակատարներին, իսկ ինքը հեռվում մակրոնների հետ դեր կստանձնի, որ մարդիկ մտածեն՝ վա՜խ, տես ոնց է Մակրոնը գրկել Նիկոլին։ Սա գրկից գիրկ նետվելու ու նվաղելու վերջին դերն է․․․ Հիշեք, սա իր թուլությունը, անզորությունը քողարկելու վերջին արարն է, որը փորձում է փաթեթավորել գույնզգույն թղթերով։ Երբ բացենք հազար գույնով շողշողացող այդ թերթերը, կտեսնենք, որ մեջը ոչի՜նչ չկա։ Սին դատարկություն։ Իսկ մենք կարծում էինք, թե ինքը կա։
Կարծիքներ