Չի կարելի «կոտրած ատամներով» իշխանություն պահել․․․

Վաղն էլ կասեն՝ ինչու՞ Սյունիքը թողեցիք։ Այս հարցը պարզ պատասխան ունի և մատչելի ձևով այն պիտի բացատրել։ Մի պարզ ճշմարտություն կա, հայրենի հողը թողնում են ոչ թե թշնամու, այլ օրվա իշխանության պատճառով։ Երբ իշխանությունն ապաշնորհ, անկամ, թույլ, հողատու է լինում։ Հայրենի հողը լքում են այն ժամանակ, երբ թշնամին ու իշխանությունը սինխրոն աշխատում են ու հայը տեսնում է, որ առաջը սուր է, հետևը՝ ջուր։ Իշխանության մեջ գտնվողների մեծ մասը չգիտի, թե պատերազմն ինչ է, հող պահելն ինչ է, ապաստարանում վախով սպասելն ինչ է, քաղցած երեխայի աչքերի մեջ նայելն ինչ է, ոգին ինչ է, կռվելն ինչ է․․․ Գուցե դա է պատճառը, որ արտաբերում են բառեր, որոնք առաջացնում են ժողովրդի զայրույթը։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ իմ ողջ ընտանիքով, փոքր երեխաներով ապրել ենք ապաստարանում։
Սահմանամերձ տարածք էր, օրումեջ հրետակոծում էր թշնամին։ Ոչ մեկը չլքեց իր տունը՝ նույնիսկ կանայք ու երեխաները։ Գիտե՞ք ինչ էին ասում սահմանամերձ Տեղ, Կոռնիձոր, Խնձորեսկ գյուղի կանայք՝ մենք մեր ամուսիններին չենք թողնի ու դուրս չենք գա, որովհետև կռվելու նրանց ուժը մենք ենք։ Այլ կռիվ է, երբ ընտանիքիդ, երեխաներիդ համար ես կռվում, որ հանկարծ թշնամին չմոտենա նրանց։ Գիտե՞ք ինչու էին այդպես մտածում, որովհետև պետության ձեռք կար, պետության շունչ կար, հայրենասիրության քարոզ կար, ու մարդիկ մեկը մյուսից ամաչում էր՝ դուրս գալ հրետակոծվող տարածքից, ասելով՝ վերին արտի ցորե՞նն եմ․․․ Այսօր չկա այդ պետությունը, չկա այդ ուժը, ոգին, հայրենասերները հալածվում են պետական մակարդակով, իշխանությունն աշխատում է թշնամու հետ, պարում նրա խաղը, դա է պատճառը, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան արցախցի լրագրողին ասում է՝ «Դուք դուրս եկաք Արցախից, որովհետև անվտանգ չէր, չնայած՝ կարելի էր մնալ և պայքարել, բայց դուք դուրս եկաք»։
Քանի՜, հազարամյակ է արցախցին ապրել իր ոչ անվտանգ երկրում։ Ինչու՞ հենց ձեր իշխանության ժամանակ դուրս եկան,- իշխանության ներկայացուցիչը հարցրե՞լ է իրեն։ Պատճառն այն է, որ իշխանությունն ապաշնորհ էր, թշնամու առաջ անատամ։ Իր կոչումն էր ժողովրդին թուլացնել, պառակտել, պատասխանատվություն չվերցնել ու ոգին կոտրել։ Հրանտ Մաթևոսյանն ասում է․ «… Չի կարելի: Չի կարելի առանց փողկապի, չսափրված հայտնվել էկրանին, չի կարելի կոտրած ատամներով պետական պաշտոնյա լինել, չի կարելի 15 րոպե աշխատանքից ուշանալ, չի կարելի դեպքը պատահելուց 5 րոպե հետո այնտեղ չլինել, չի կարելի անառողջ լինել: Շատ բաներ չի կարելի: Մեզ հիանալի պետական չինովնիկներ են պետք, հոյակապ կատարողներ են պետք, լավ, հստակ ծառայողներ են պետք… »։ Հայաստան աշխարհը այդ չի կարելիների կարելին է դարձել։ Մենք ունենք, կոտրած ատամներով, անատամ իշխանություն։ Թշնամու առաջ թույլ, վտիտ, հիվանդ։
Շատ արցախցիների եմ լսել, թե ինչպես հայրենիքին, իրենց տանը ամենավերջին հրաժեշտը տվին։ Ինչպե՞ս թողեցին իրենց տունը։ Կրակից հետո սառը մոխիր շոշափե՞լ եք։ Սև, սառը, անարձագանք, անլաց։ Կրակը միայն գիտի, թե ո՜նց է մոխիր դարձավ։ Պատասխանից այդ զգացողությունն եմ ունեցել։
Արցախյան առաջին պատերազմից իզուր մեջբերում չարեցի։ Այն ժամանակ սյունեցին ուրիշ էր, այսօր իմ համաքաղաքացիներից շատերին չեմ ճանաչում։ Ո՜նց են փոխվել։ Այդ խրոխտ կռվող, ոգի ունեցող ժողովրդից շատ քիչ բան է մնացել։ Հուսահատ, ընկճված, հիասթափված, անհավատ։ Սա այն յոթ տարի վարած պետական քաղաքականությունն է, որի մամլիչի տալով անց են կացրել սյունեցուն։ Եթե մնաց այս իշխանությունը, վաղն էլ կասեն ՝ ինչու՞ Սյունիքը թողեցիք․․․ Ու հիմա ցույց տալ, թե Արցախում Արցախի իշխանութունն էր որոշումներ կայացնում, այնքան պա՜ղ, անհաղորդ է։
Կարծիքներ