Հայաստանում չունենք գոնե մեկ մարզադահլիճ՝ Եվրոպայի առաջնություն անցկացնելու համար

Հայաստանում չունենք գոնե մեկ մարզադահլիճ՝ Եվրոպայի առաջնություն անցկացնելու համար

Անցած տարվա դեկտեմբերի 30-ին, վարչապետի որոշմամբ, սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը նշանակվեց ԿԳՄՍ փոխնախարար, ով այսուհետ համակարգելու է սպորտի ոլորտը։ Նախօրեին արդեն նախարար Վահրամ Դումանյանը նորանշանակ փոխնախարարին ներկայացրել է ԿԳՄՍՆ կառույցների, ստորաբաժանումների ղեկավարներին։

Փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելու հրավերը ստացել է նորանշանակ նախարար Վ․ Դումանյանից․ «Նա իմ մտերիմն է, իհարկե, երկար մտածել եմ ու եկել այն եզրակացության, որ եթե կարող եմ իմ երկրի համար ինչ-որ բան անել, ուրեմն պարտավոր եմ դա անել։ Մի օրինակ, թե ինչու համաձայնեցի․ չգիտեմ՝ ով էր իրեն նման բան թույլ տվել մտածել, սպորտային բժշկությունն անջատել էին սպորտից եւ տարել միացրել առողջապահության նախարարությանը, ու 4 ամիս արդեն ոչ մի դեղորայք ու վիտամին մարզիկները չէին ստանում։ Ու դա այն պատճառով, որ համակարգված չէր։ Այսօր Ծաղկաձորում հունահռոմեական ազատ ոճի ըմբշամարտերի հավաքականների հավաք ունենք՝ առանց դեղորայքի ու վիտամինի են գնացել․ դա ինչի՞ է նման։ Փառք Աստծո, նաեւ ԱՆ-ի շատ բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ երեկ այդ հարցը լուծվել է, եւ երկուշաբթիից ամեն ինչ ճիշտ հունով կշարունակվի, ու մարդիկ կստանան դեղեր եւ վիտամիններ»։

Գիլոյանը վստահեցնում է, որ քաղաքականությամբ կյանքում չի զբաղվել եւ չի էլ ուզում զբաղվել, իսկ հարցին, թե մեր օրերում հնարավո՞ր է զերծ մնալ դրանից, ասաց․ «Հավատացեք, իմ պարագայում հնարավոր է, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ քաղաքականությամբ չեմ զբաղվել եւ չեմ զբաղվում։ Այո, պատերազմին մասնակցել եմ, բայց դա քաղաքականություն չէր, դա հայրենիքի առջեւ իմ պարտքն էր, որ կատարել եմ ու ամենաթեժ կետերում եմ եղել։ Ես ձեզ խոստանում եմ, որ իմ աշխատանքի համար չեք ամաչի․ երբ Կարապետ Չալյանը պարտվում էր Եվրոպայի առաջնությունում, ես ուշագնաց եղա, ու շտապօգնությամբ ինձ տարան։ Ես այդպես եմ սպորտն ընդունում, որպես իմ անձնականը»։

Կարեն Գիլոյանն ասում է, որ երկար տարիներ լինելով սպորտային ոլորտում եւ համակարգն իմանալով ներսից՝ խնդիրներն էլ շատ լավ գիտի ներսից։ «Մեկ տարի առաջ արդեն ծրագիր ունեի՝ ինչպես վերակենդանացնել սպորտը, որովհետեւ իսկապես ծայրահեղ ծանր վիճակում է այսօր ոլորտը եւ հրատապ, շատ լուրջ քայլերի կարիք ունի։ Ամենատարրական բանն ասեմ․ մենք Հայաստանում այսօր չունենք գոնե մեկ մարզադահլիճ, որտեղ կարողանանք որեւէ մարզաձեւից Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն անցկացնել, որովհետեւ այդ կարգի բարձր մրցաշարերի դեպքում պայման գոյություն ունի՝ գոնե 5 հազար հանդիսականի համար նախատեսված տրիբունա պետք է լինի, էլ ուրիշ բաների մասին չասեմ։ Մենք ունենք միայն մեկ մարզահամերգային համալիր, որը մարզաձեւերի համար այնքան էլ պատրաստ չէ, ու շատ մեծ գումար պետք է ծախսել՝ ինչ-որ մի մարզաձեւի համար պատշաճ տեսքի բերելու ու առաջնություն անցկացնելու համար։ Եվ այդպես ամեն անգամ՝ բոլոր մարզաձեւերից։ Բայց գոնե Երեւանը մեկ մարզապալատ չունենա՞, Վրաստանը Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը 2013-ին անցկացրեց Թբիլիսիում, 2019-ին էլ՝ Բաթումիում, իսկ մենք մեր վերջին պաշտոնական չեմպիոնատը որեւէ օլիմպիական մարզաձեւից անցկացրել ենք 2014-ին․ դա եղել է նետաձգության չեմպիոնատը։ Այ, այդքան դուրս ենք մնացել միջազգային սպորտային ընտանիքից»,- ասում է Գիլոյանն ու ընդգծում, որ մենք միջազգային ֆեդերացիաներում եւս ներկայացուցիչ չունենք, մինչդեռ ժամանակին ունեինք հնգամարտի աշխարհի ֆեդերացիայի նախագահ Իգոր Նովիկով, շախմատի աշխարհի ֆեդերացիայի փոխնախագահ Վանիկ Զաքարյան։

Պատճառը պետության անհետեւողականությո՞ւնն է։ «Միայն դա չէ, թեպետ, այո, պետությունը պետք է հետեւողական լինի, եւ մի փոքր էլ՝ բյուջեում ծախսերն ավելացնել։ Այսօր Վրաստանի սպորտի բյուջեն 60 մլն դոլարից ավելի է, Վրաստանի միայն ըմբշամարտի բյուջեն հավասար է Հայաստանի ամբողջ սպորտի բյուջեին, բնական է, չէ՞, որ վրացիներն ավելի շատ չեմպիոն կունենան։ Ինչու եմ Վրաստանը օրինակ բերում, որովհետեւ համարժեք երկրներ ենք, եւ մենք շատ ենք հետ մնացել»։

Փոխնախարար Կ․ Գիլոյանն ընդգծում է՝ սպորտն այսօր ազգը ներկայացնելու լավագույն միջոցներից մեկն է․ «Ես խորին հարգանք ունեմ գիտնականների, արվեստագետների, բոլորի հանդեպ, բայց այսօր Եվրոպայում Հենրիխ Մխիթարյանից ավելի ճանաչված հայ չկա, որովհետեւ մարդը լավ ֆուտբոլ է խաղում։ Դե ուրեմն եկեք ազգը ճանաչել տանք հաջողություններով եւ մի քիչ էլ՝ միջոց չխնայենք»։

Այս ընթացքում սպորտում արձանագրված բոլոր հաջողությունները, ըստ նրա, հիմնականում եղել են անհատ մարդկանց մասնավոր ներդրումների եւ մեր գենետիկ կոդի շնորհիվ․ «Օրինակ՝ Արթուր Ալեքսանյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը որտեղ էլ ծնվեին, իրենք այնպիսի գենետիկ կոդ ունեն, որ չեմպիոն էին դառնալու։ Նրանց եմ նշում, որովհետեւ այսօր նրանք են մեր ուժեղագույնները։ Հասկացանք, որ մեր գենետիկ կոդն ուժեղ է, բայց անգամ ամենալավ ալմաստը պետք է մշակես, որ ադամանդ ստանաս, իսկ մշակելը պետության գործն է։ Պետության դերը շատ մեծ պետք է լինի, անհատները կողքից կարող են, այսպես ասած, թյունինգ անել, ոչ ավելի, բայց մեքենան պետք է արտադրի պետությունը, հետո թե ինչ անվադողեր կդնեն անհատները, դա ոչինչ»։

Պետությունը տարիներ շարունակ միջոցներ չի՞ ունեցել, թե՞ ուղղակի չի կարեւորել սպորտը։ «25 տարի սպորտում եմ եւ չեմ հիշում, թե վերջին անգամ պետությունը երբ է սպորտային որեւէ կառույց հանձնել շահագործման։ Իհարկե, նորոգումներ եղել են, բայց որ որպես լիարժեք կառույց, որեւէ մարզահամալիր հանձնվի շահագործման՝ չի եղել։ Ես գնում եմ Աշխաբադ, Թուրքմենստան՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնություն, ու երկար ժամանակ ոչինչ չեմ կարողանում ասել, որովհետեւ տեսնում եմ, թե ինչ է արված․ ու դա՝ հա՛մ զարմանքից, հա՛մ էլ մի քիչ՝ չարությունից, որովհետեւ պատվախնդիր մարդ եմ, ինչո՞ւ մենք չպետք է ունենանք նման բան»։

Գիլոյանի կարծիքով, կորոնավիրուսից ու պատերազմից հետո գուցե մարզահամալիրի կառուցումը դիտվի որպես ըղձական, երազանքի պես մի բան, բայց վստահ է, որ դա կարող ենք անել եթե ոչ այս, գոնե հաջորդ տարի․ «Եթե ոչ պետական բյուջեից, գոնե պետության աշխատանքի շնորհիվ ալտերնատիվ գումարի աղբյուրներ հայթայթելով։ Ի դեպ, դա նույնպես իմ ծրագրի կետերից մեկն է։ Օրինակ, Խորհրդային Միության պես հզոր երկիրն ամբողջովին չէր կարողանում հոգալ սպորտի ծախսերը, եւ որպեսզի սպորտը խնդիր չունենար, ստեղծվեց «Սպորտ լոտոն», որի ամբողջ բյուջեն տրամադրվում էր սպորտի զարգացմանը։ Հիմա մենք այսքան բուքմեյքերներ ունենք․․․ սա չեմ ասում, որ գումար խաղանք, որպեսզի այդ գումարն օգտագործենք, ոչ, բայց դա տարբերակներից մեկն է։  Բազմաթիվ այլ խնդիրներ կան, որոնք կարելի է լուծել՝ մի փոքր կողքի դնելով անձնական ամբիցիաները, կեղծ հպարտությունը եւ գնալ ուժեղների մոտ, ասել, որ այս պահին ձեր աջակցության կարիքն ունենք, եկեք ընկերություն անենք։ Ես չեմ զլանա այդ քայլերից»։ Ո՞ւմ նկատի ունի։ «Նաեւ՝ այլ պետություններին, նաեւ՝ մեր երկրի ազգային մեծահարուստներին, ու դա անել ոչ մուրացկանի պես, այլ արժանապատիվ պայմաններով՝ փոխարենը ինչ-որ բան առաջարկելով՝ գովազդ, հարգանք, պատիվ»։

Ոչ պակաս կարեւոր է նաեւ Հայաստանում մրցումներ անցկացնելու փաստը․ «Երկար տարիներ մտավախություն կար՝ բա որ Ադրբեջանն ու Թուրքիան գան ու մեդալներ նվաճեն, բա որ մենք գնացինք Բաքու, մեդալ նվաճեցինք, ի՞նչ եղավ, այդ երկիրը հո չփլվե՞ց։ Թուրքիայում երբ Տիգրան Մարտիրոսյանն աշխարհի չեմպիոն դարձավ, ի՞նչ եղավ, Թուրքիան պատվազրկվե՞ց։ Սա սպորտ է, եւ պետք է հասկանանք, որ եթե գան, այո, կարող են եւ հաղթել, ու դրա համար պետք է մտածենք՝ ոչ թե մրցում չանել Հայաստանում, որ չգան հաղթեն, այլ մտածենք՝ այնքան ուժեղանանք, որ չկարողանան մեզ հաղթել»։

Կ․ Գիլոյանի համար շատ կարեւոր է նաեւ մասնագիտացված սպորտային ալիքի առկայությունը, որը Հայաստանում չկա․ «Ես հիմա առաջարկ ունեմ՝ նաեւ կաբելային հեռուստաալիք անելու, սա նախնական պայմանավորվածություն է, բայց ցանկությունը շատ մեծ է։ Նաեւ շարունակելու եմ իմ գործունեությունը որպես մեկնաբան, որպես վարչարար առաջին անգամ եմ, իսկ մեկնաբան՝ արդեն 25 տարի։ Ես չեմ թողնելու այդ գործը եւ չեմ պատկերացնում, որ ըմբշամարտ կամ ծանրամարտ չմեկնաբանեմ։ Չեմ մտածում, որ եթե փոխնախարար եմ, ուրեմն սպորտ չեմ մեկնաբանելու, հակառակը՝ լծակներս ավելի շատ կլինեն՝ ներգրավվելու այդ ամենի մեջ»։