Ասադը շատ հնարավորություններ բաց թողեց անցնցում հեռանալու, ինչն էլ երկիրը փլուզման հասցրեց

Ասադը շատ հնարավորություններ բաց թողեց անցնցում հեռանալու, ինչն էլ երկիրը փլուզման հասցրեց

Բաշար ալ Ասադը լքեց Սիրիան, Սիրիայի ընդդիմությունն իր վերահսկողության տակ վերցրեց ամբողջ երկիրը՝ «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորման հրամանատար Աբու Մուհամմադ ալ Ջուլանիի ղեկավարությամբ։ Իշխանության կտրուկ ու անսպասելի փոփուխությունը հատկապես մտահոգել է Սիրիայում հայկական համայնքին։ «Հրապարակ»-ը զրուցեց արաբագետ Արաքս Փաշայանի հետ։ 

-Ի՞նչ կատարվեց Սիրիայում։ Ասադի հեռանալը փոխհամաձայնեցվա՞ծ էր։

-Այո, կարծում եմ համաձայնեցված էր իշխանության հանձնումը և համաձայնեցված էր շատ մեծ սպեկտրով. Ռուսաստան, Թուրքիա, հավաքական Արևմուտք, Իսրայել, արաբական մի շարք երկրներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար, Եգիպտոս։ Կարծում եմ, գոնե այս շրջանակը համաձայնության էր եկել։ Իսկապես դեպքերը շատ արագ զարգացան։ Փաստորեն 2011-ից մինչև հիմա երկար ձգվում էր այս ճգնաժամը և ընդամենը 10-12 օրվա ընթացքում տեղի ունեցավ Ասադի հեռացումը։ Մինչ այդ էլ Ասադը տարբերակներ ուներ անցնցում հանձնել իշխանությունը ընդդիմադիրներին։ Սկզբում աշխարհիկ ընդդիմադիրներ էին և կարելի էր իշխանությունը հանձնել նրանց։ Հետո եկան իսլամիստները, մի խոսքով Ասադը շատ հնարավորություններ բաց թողեց, որի արդյունքում երկիրը ուղղակի հասավ փլուզման եզրին։

-Ի՞նչ է լինելու Սիրիայի հայ համայնքի հետ։ 

-Առայժմ անվտանգ է, այդ թվում  փոքրամասնությունների համար։ Քրիստոնյաները ստացել են անվտանգային երաշխիքներ։ Ժամանակը ցույց կտա՝ հնարավոր կլինի՞ իրավիճակը կայուն պահել։

-Ասադի իշխանության տապալման գործում ի՞նչ դեր խաղացին Թուրքիան և Իսրայելը։ 

-Ասադի իշխանության տապալումը մի շարք պետությունների էր ամենից շատ հետաքրքրում՝ առաջին հերթին Իսրայելին, Արևմուտքին, որոնք շահագրգռված էին Սիրիայից Իրանի և Ռուսաստանի դուրսբերմամբ։ Գիտեք, որ Իրանի հետ կապված ճնշումներ կային և վերջին տարիներին դրանք ավելի էին ահագնանում։ Իսրայելին շատ էր մտահոգում Իրանի կողմից ռազմաքաղաքական  խմբավորումների հովանավորումը։ Դա էր պատճառը, որ Իսրայելը փաստորեն ջանք ու եռանդ չխնայեց Գազայում ՀԱՄԱՍ-ի դիրքերը թուլացնելու, Հեզբոլլահը շարքից հանելու ուղղությամբ և այդ շղթան` Իրան-Սիրիա-Հեզբոլլահ՝ արդեն Ասադի իշխանությամբ փլուզվեց։

-Ռուսական ռազմաբազաները շարունակելու են մնալ Սիրիայում՝ նման լուրեր են տարածվում։ Ինչի՞ դիմաց են ընդդիմադիրները համաձայնել դրան։ 

-Ռուսաստանի մասով դժվար է այս պահին որևէ հստակ բան ասել։ Գուցե Ռուսաստանին էլ հաջողվի որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել ռազմաբազաների հետ կապված։ Այս պահին չեմ կարող հստակ նշել, թե ռազմաբազաներում ինչ իրողություն է, բայց մի բան հստակ է՝ Ռուսաստանի ու Իրանի ռազմաքաղաքական ներկայությունը չեղոքացված է Սիրիայում։ Զարգացումները հետագայում կերևան։ 

-Ի՞նչ զարգացումներ կլինեն Ասադի տապալումից հետո՝ Հեզբոլլահի, Գազայի ու Լիբանանի մասով։ 

-Հեզբոլլահի ու պրոիրանական, շիաական խմբավորումների հետ կապված, կարծում եմ, հաջորդ հուժկու հարվածը կրելու են հութիները Եմենում, որոնք փաստացի կազմաքանդել են Սուեզի ջրանցքի երթևեկը և ինչը մտահոգում է արաբական երկրներից հատկապես Եգիպտոսին, որը միլիոնավոր դոլարներ է կորցնում Սուեզի ջրանցքի երթևեկի խափանման պատճառով։ 

-Սիրիայում տեղի ունեցած իրողություններն ավելի՞ են մեծացնելու Թուրքիայի դերն ու ազդեցությունը։ 

-Այո, Թուրքիայի դերը կմեծանա։ Թուրքիան արդեն ուներ լուրջ շոշափելի լծակներ Սիրիայի ներքաղաքական զարգացումների վրա ներգործելու առումով։ Հյուսիսային Սիրիան ուղղակի գտնվում է թուրքական ազդեցության տակ, այնտեղ թուրքերեն են խոսում, առանձին շրջաններ՝ հյուսիսային, հյուսիս-արևմտյան շրջաններն ուղղակի օկուպացված են։ Եվ այստեղ Թուրքիան առաջիկայում ամեն ինչ անելու է՝ խաթարելու քրդական ինքնավարություն ստեղծելու փորձերը, եթե չլինի ամերիկյան աջակցությունը սիրիացի քրդերին։ Թուրքիան իսկապես վերջին շրջանում մեծացրել է իր աշխարհագրությունը; Թուրքիայի աշխարհաքաղաքական ազդեցությունը տարածվում է շատ արեալներում՝ աֆրիկյան, Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիայում որոշակիորեն, Հարավային Կովկասում՝ Արցախյան պատերազմից հետո, Ռուսաստանի առանձին շրջաններում է մեծացել, Լիբանանում, և այլ տարածաշրջաններում։ Թուրքիան միշտ շահած է դուրս գալիս վերջին շրջանի աշխարհաքաղաքական վայրիվերումներից։ 

-Աբու Մուհամմադ ալ Ջուլանիի կամ Ահմեդ Հուսեյն ալ Շառայի մասին ի՞նչ կասեք։ Կկարողանա՞ն զսպել ծայրահեղ իսլամիստներին, ովքեր նախկինում ԱԼ Քաեդայի կամ Ջհաբաթ ան Նուսրայի անդամներն են եղել։ 

-Ջուլանին ռեբրենդինգի է ենթարկվել, փոխել է իր իմիջն ու հռետորաբանությունը։ Այժմ ներկայացնում է չափավոր իսլամիզմը, բայց նաև սիրիական իսլամական ազգայնականության կրող է և իր հետևում ոչ թե իսլամական սև դրոշն է, այլ Սիրիայի նոր դրոշը։ Սիրիական հասարակությունը աֆղանական հասարակություն չի և կարծում եմ, որ այստեղ շատ կոշտ շարիաթական նորմերը բնականաբար չեն անցնելու և մարդիկ էլ վախենում են այդ ռադիկալ իսլամիստական, ջիհադական շեշտադրումներից։ Իրենք էլ պիտի ընդառաջ գնան հասարակության պահանջներին․ քաղաքական իսլամիզմը 21-րդ դարում պիտի առերեսվի արդի իրողություններին և հետևաբար իրենք էլ պիտի գիտակցեն, որ հասարակությունը աշխարհիկ իրողությունում է ապրել տասամյակներ շարունակ, չնայած իսլամական շեշտադրումներ կլինեն թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ՝ դա անխուսափելի է։