«Վիրուսը պարալիզացրել է մեզ, անցնի, կշարունակենք գյուղը սարքել»

«Վիրուսը պարալիզացրել է մեզ, անցնի, կշարունակենք գյուղը սարքել»
«Վիրուսը պարալիզացրել է մեզ, անցնի, կշարունակենք գյուղը սարքել»

Կառավարությունը արտակարգ դրության պայմաններում արտակարգ ռեժիմով է աշխատում: Տեղեկություն էինք ստացել, որ բարեգործական ծրագրերի համակագման նիստերը հետաձգվում են, և բարեգործական կազմակերպութունները դրա հետ կապված բարդություններ ունեն:  
 Կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված անորոշության է մատնված նաև «Արմենիան Ֆյուչեր» հիմնադրամը: Սակայն հիմնադրամի տնօրեն Մերուժան Բադալյանը մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունը, որ կառավարության հանձնաժողովի նիստերը հետաձգում են: «Իրականում բարեգործական ծրագրերի համակարգման նիստերը չեն հետաձգվում, հակառակը՝ անցկացվում են ինտենսիվ, հեռակա կարգով, ոչ մի նիստ չի հետաձգվել: Դրանք անցկացվում են արտակարգ ռեժիմով: Խնդիր դրա պատճառով չի առաջանում», - ասաց նա: 

2019 թվականի մայիսից Արագածոտնի մարզի՝ Լուսագյուղ համայնքում ռուսաստանաբնակ գործարարների միջոցներով ստեղծված այս հիմնադրամը բացառիկ սոցիալական նախագիծ է իրականացնում՝ ստեղծվում է զարգացած հայկական գյուղի մոդել, որը տուրիստական նոր ժամանակակից վայր էր դառնալու՝ ճոպանուղով, դահուկուղով, հյուրանոցներով, Ծաղկաձորից ոչ պակաս գրավիչ: 

Անցյալ տարի հիմնադրամը սկսել էր իր հաշվին գյուղացիների տները նորոգել, փողոցներ բարեկարգել, հեռացնել ժանգոտած մետաղի ջարդոնն ու աղբը, խաղահրապարակ էր կառուցել, 600 հացենի էր տնկել գյուղ տանող ճանապարհի երկայնքով: Մեկ տարում հաջողվել էր մարդկանց ամուր կապել հողին: Լուսագյուղից արտագաղթ չկա: Տների ու հողի գները շեշտակի բարձրացել են, բնակիչները մեծ պլաններով անհամբեր սպասում էին գարնանը: Բայց արտակարգ դրության պայմաններում պարզ դարձավ, որ շինարարությունը դեռ չի սկսվելու:

 «Արմենիան Ֆյուչեր» հիմնադրամի տնօրեն Մերուժան Բադալյանը «Հրապարակին» հայտնեց. «Հիմա ապրանք ունենք Ռուսաստանում, փայտից շինությունների նյութերը պետք է գան, որոնք նվիրել է Վոլոգդայի մարզի հայ համայնքը: Դրանք պետք են վարչական շենքի կառուցման համար, որտեղ տեղավորվելու են գյուղապետարանը, փոստային  ու ոստիկանության բաժանմունքները և բուժկետը: Մինչև այս բոլոր հարցերը լուծվեն, մենք ժամանակ չենք կորցնում: Նախ, Լուսագյուղի գլխավոր հատակագծի փորձաքննությունները դեռ տարբեր մարմիններում են, շինթույլտվութունները դեռ տրված չեն, և դրանք դեռ ժամանակ կպահանջեն: Երկրորդ՝ այս ընթացքում դպրոցի շինարարության համար մրցույթ ենք հայտարարել: 4 խոշոր շինարարական ընկերություններ են մասնակցում մրցույթի: Հիմա պետք է ընտրենք նրանցից մեկին, դպրոցի կառուցման համար»: 

Շինարարությունը չի ընկնում պարետատան կողմից թույլատրելի բացառությունների տակ, ուզած-չուզած պետք է սպասեն արտակարգ դրության ավարտին: «Տանիքները կարող են սկսել կառուցել, եթե շինանյութի խանութները բաց լինեն, դրանք գյուղացիներն իրենք են սարքում, բայց մեր վարպետները պետք է գնան, հասնեն գյուղ, չափ ու ձև անեն, իսկ դա արդեն գործունեություն է», - նշում է տնօրենը: 

Իսկ առայժմ գյուղում մտածում  են կորոնավիրուսից պաշտպանվելու մասին: «ժողովուրդը հիմա զբաղված է ախտահանման աշխատանքներով: Փողոցերում, հանրային վայրերում ախտահանման աշխատանքներ են», - ասում է Լուսագյուղ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հրայր Մկրտչյանը: Ո՞նց եք ախտահանում՝ հարցին պատասխանեց. «3 տոկոսանոց քլորամինով լուծույթ ենք ստանում, լցնում ենք ջրի մեքենաները, փողոցներն ենք ախտահանում, դրան գումարած հատուկ ջրցան սարքերով մակերեսներն ենք մաքրում այնտեղ, որտեղ մարդիկ հավաքվում են: Էս կորոնավիրուսը պարալիզացրել է մեզ, անցնի, ամեն ինչը կշարունակենք գյուղը սարքել: Դեռ չունենք հիվանդներ», - ասաց Հրայր Մկրտչյանը, ավելացրեց. «Աստված չանի, որ ունենանք»: