Այդ ինչպե՞ս են երկիրը ՓԲԸ դարձրել

Այդ ինչպե՞ս են երկիրը ՓԲԸ դարձրել

«Մենք ուզում ենք փակ բաժնետիրական ընկերություն ունենա՞լ, թե՞ ժողովրդավարական երկիր»,- հռետորական հարցադրում է անում Մայիլյան-Բաբայան տանդեմի քարոզիչներից մեկը: Բացում ես «Միասնական հայրենիք» կուսակցության ԿԸՀ ներկայացրած ցուցակը: Այն գլխավորում է գործող ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղունցը: Երկրորդ տեղում Անուշ Դոլուխանյանն է՝ Արցախի պետական համալսարանի ասիստենտ, երրորդը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոս Դիմա Առաստամյանն է, չորրորդը՝ արդարադատության փոխնախարար Սիրան Ավետիսյանը, յոթերորդն՝ «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Դավիթ Սարգսյանը, ութերորդն՝ «Արեւիկ»  բուժմիավորման տեղամասային մանկաբույժ Նունե Մելքումյանը, իներորդն՝ «Արցախէներգո» ՓԲԸ ՔՔաշաթաղի մասնաճյուղի իրացման բաժնի մասնագետ, տասներկուերորդը՝ «Նորաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մերինե Ղազարյանը, տասներեքերորդն՝ «Արցախգազ» ՓԲԸ գազալցակայանի պետ, հաջորդը՝ Հաթերքի դպրոցի ուսուցչուհի, տասնվեցերորդը՝ «ՄԱՎԼ» ՍՊԸ տնօրեն:

Եւ այսպես՝ մինչեւ վերջ՝ վաթսուներկուերորդ համար՝ Բաղունց Իննա՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոս, ցուցակի առաջին համար Գագիկ Բաղունցի կինը: 

Այդ ինչպե՞ս են երկիրը դարձրել ՓԲԸ, եթե արդարադատության փոխնախարարն ընդգրկվում է գործող իշխանություններին ամենաարմատական ընդդիմություն հանդիսացող կուսակցության ընտրական ցուցակում: Եթե չկա ազատ շուկայական տնտեսություն, որտեղի՞ց է «ՄԱՎԼ» ՍՊԸ-ն, որի տնօրենն իրեն այնքան ազատ ու անկաշկանդ է զգում, որ ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ է զբաղվում: Կամ ինչպե՞ս են պետական բուհի դասախոսներն անդամակցել «Միասնական հայրենիք» կուսակցությանը եւ տեղ զբաղեցրել նրա ցուցակի առաջին հորիզոնականներում: Դրանում, իհարկե, քննադատելի ոչինչ չկա: Ուղղակի պետք է բոլորն ընդունեն, որ Արցախում վաղուց մոռացության են մատնվել այն ժամանակները, երբ ԱԺ պատգամավորների ցուցակը կազմվում էր Պաշտպանության բանակի հրամանատարի առանձնասենյակում: Նա էր որոշում, թե ով է գլխավորելու օրենսդիր մարմինը, ով է լինելու տեղակալ, ովքեր՝ մշտական հանձնաժողովի նախագահ: Եւ բոլորը պետք է այնպես անեն, որ այդ ժամանակները չվերադառնան: