Լիբանանը վառոդի տակառ է․ նրանք, ովքեր ցանկանում են, իսկ նրանք շատ են, պետք է գան

Լիբանանը վառոդի տակառ է․ նրանք, ովքեր ցանկանում են, իսկ նրանք շատ են, պետք է գան

«Հրապարակի» հարցազրույցը Լիբանանում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ։

- Պարոն Նավասարդյան, որքան տեղյակ ենք, զրուցել եք համայնքում ապրող Ձեր ընկերների հետ, պայթյունի ի՞նչ վարկածներ են իրենք առաջ քաշում․ հաղորդվեց նավահանգստում պայթուցիկ նյութի՝ ամոնիակային սելիտրայի առկայության մասին, ԱՄՆ-ից՝ նախագահի, պետքարտուղարի մակարդակով հարձակման մասին, «Հըզբոլահը», Իսրայելը հերքում են։

- Ես շատ լավ գիտեմ այդ նավահանգիստը․․․ և ոչ ոք դեռ չի կարողանում ասել՝ սա ահաբեկչական, դիտավորյա՞լ արված բան է․․․ Այնտեղ ինձ ասացին, որ «Հըզբոլահի» խմբավորումներ չկան, և այս պահին դժվար է ասել․․․ հնարավոր է պարզապես անփութության հետևանք է։ Բայց ահավոր բան է կատարվել, որովհետև 20 տարի պատերազմի մեջ արյունաքամ եղած երկրում նման ուժգնության պայթյուն երբևէ չի եղել։ Ցնցումները եղել են մինչև Կիպրոս․․․ մի հատ քարտեզը նայեք։

-Համայնքում ի՞նչ տրամադրություններ կան, այստեղ կոչեր կան, որ հրատապ կազմակերպվի Երևան-Բեյրութ չվերթ։

-Բեյրութի հարցը դարձել է հայկական հարցը։ Դեռ սրանից քանի՞ տարի առաջ, երբ սկսվեց սիրիական պատերազմը, մենք խոսեցինք այդ մասին, ասացինք, որ նույն բանը պիտի կրկնվի այնտեղ։ Լիբանանը դատապարտված է, ապագա չունի, համենայնդեպս, համայնքի առումով չի կարող լինել այն, ինչ էր։ Առաջին անգամ Լիբանան եմ գնացել 69 թվին՝ 300 հազար մարդ էր ապրում, որի բնակչության կեսը հայ էր։ Հիմա մնացել է 40-45 հազար մարդ։ Պատճառները տարբեր են․ նախ, քաղաքացիական պատերազմը հայ համայնքը մաղեց ու քարուքանդ արեց, ապա դրան հաջորդեց արտագաղթը, հետո շատացան խառն ամուսնությունները, երբ հայ աղջիկներն ամուսնանում են հրեաների ու արաբների հետ, ու սա շատ լայն տարածում է գտել։ Դե, էլ չեմ խոսում սուննիների ու շիաների միջև ողջ այդ կրոնական խնդիրները․ հիմա 1 միլիոն փախստական կա Սիրիայում՝ մի քիչ ավել կամ պակաս, և ոչ ոք չգիտի, թե այնտեղ որքան է պաղեստինցիների քանակը, որոնք հետևանք են «6-օրյա» պատերազմի ժամանակ, փաստորեն, հիմնված ճամբարների և որոնք միշտ եղել են լարվածության բուն։ Մասնավորապես՝ պատերազմի ժամանակ 74-ից մինչև 1990 թվականը։ Գումարած դրան այն, որ հիմա ավելացել է ամենապայթյունավտանգ էլեմենտը՝«Հըզբոլահը», որը, գիտեք՝ Իրանի ծնունդն է և արդեն երկար ժամանակ է՝ կա։ Երբ ես աշխատում էի, հանդիպեցի իրենց նախագահի հետ, այդ մասին էլ, ի դեպ, գրքիս մեջ՝ «Դիվանագիտություն», կա։ Ես հատուկ գնացել եմ հարավ և հանդիպել իրենց նախագահի հետ՝ Հաթալան էր այն ժամանակ։ Նրանց նախագահներն ասում և կրկնում են, որ քանի Իսրայելը կա, «մենք մեզ համարում ենք իրենց խնդիրը», քանի դեռ այդ պետությունը չի վերացել, մենք լինելու ենք, մոտավորապես։ Հետո եղան պատերազմներ, գիտեք, Իսրայելի և նրանց միջև, և երկու կողմից էլ ահագին զոհեր եղան։ Այնպես որ, սա գործող դինամիտ է, որովհետև կռվում են նաև Սիրիայում, որտեղ ունեն իրենց ճամբարները։ Մի խոսքով՝ սա վառոդի տակառ է։ Եվս մի բան․ ավելացել է թուրքերի գործոնը, որն իմ ժամանակ չկար կամ այդ սրությունը չուներ։ Այն է, որ թուրքերը շատ ակտիվորեն սկսեցին գործել Լիբանանում՝ համարել դա իրենց Օսմանյան կայսրության տարածքը։ Առաջ դա չկար, այնտեղ ադրբեջանական դեսպանություն չկար։ Ադրբեջանցիներն այնտեղ շատ ակտիվ են աշխատում, բայց ավելի ակտիվ աշխատում են թուրքերը։ Եվ, փաստորեն, պրոպագանդիստական, բացառված չէ, որ ավելի վտանգավոր քայլերի են դիմում հայկական համայնքի դեմ։ Այս բոլորը երբ ի մի ես բերում, գալիս ես եզրակացության, որ Լիբանանն ինքը, որպես այդպիսին, ապագա չունի, և այնտեղ շատ ծանր իրավիճակ է։ Նաև տնտեսական, նույնիսկ՝ հացի խնդիր կա։ Մարդիկ, որոնք փող ունեն, ոչ մի բան չեն կարողանում․․․ փողը չեն կարողանում բանկից ստանալ․․․ հիմա, որքան հիշում եմ՝ շաբաթական կարող են ստանալ որոշակի, շատ փոքր գումար։ Ունեն փող և չեն կարող այդ փողին տեր կանգնել։

-Այնուամենայնիվ, Դուք պնդո՞ւմ եք, որ լիբանանահայերը քանի շուտ է՝ գան Հայաստան, քանի Լիբանանն էլ Սիրիայի չի վերածվել։

-Դա միայն իմ կարծիքը չէ, ոչ էլ իմ կապրիզը, որ ինչ-որ բան եմ ասել՝ շարունակում եմ պնդել։ Երբ Սիրիայում ամեն ինչ սկսվեց, չեմ ուզում ասել՝ ես, ես, ես, բայց ասվեց, որ պետք է այնտեղից շտապ կերպով դուրս հանել մեր ժողովրդին, և դա մի երևույթ է, որին դեմ է` և՛ Սիրիայի, և՛ Լիբանանի դեպքում, համայնքի ղեկավարությունը, որովհետև դա նշանակում է զրկվել լծակներից։

-Հիշում եմ՝ ասում էին` ձեր պապերի ու հայրերի գերեզմաններն այստեղ են, եկեք, մնացեք, տեր կանգնեք ձեր գերեզմաններին։

-Ապրես, և ես էլ ասացի՝ մնացեք, որ գերեզմանների թիվն ավելացնեք, Վեհափառն ինձնից նեղացել էր։ Դաշնակներն էլ օբստրուկցիա սարքեցին, թե ի՜նչ է խոսում, բան, փոխանակ ասի՝ մնացե՛ք, կռվե՛ք։ Մենք ո՜նց կռվեցինք պատերազմի ժամանակ, մենք Բուրջ Համուդը զենքով պահեցինք։ Դա այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, որովհետև, եթե չմիջամտեր Խորհրդային Միությունը, դժվար է ասել, թե այդ քաղաքացիական պատերազմի ժամանակ հայ համայնքի հետ ինչ կլիներ, քանի որ երբ շատ սրվել էին հարաբերությունները կրոնական հողի վրա, և հայերին շատ էին նեղում։ Եվ նաև կրակում էին։ Բայց խորհրդային նավերը մտան Բեյրութի նավահանգիստ, թնդանոթներն ուղղեցին Բեյրութի վրա, և հայտարարություն արվեց, որ հայկական համայնքը չպետք է տուժի։ Հիմա, ելնելով այդ բոլորից, նաև այն հանգամանքից, որ լիբանանյան համայնքն ամենաազնիվ համայնքն է եղել, ամենակարևոր, և դա երկրորդ Հայաստան էր համարվում՝ հայրենիք, հարց բարձրացրեցինք, որ չեմ ասում՝ ողջ համայնքը, բայց հնարավորինս նրանք, ովքեր ցանկանում են գալ, կազմակերպվի նրանց Հայաստան գալը։ Իսկ նրանք, ովքեր ցանկանում են, շատ են, ես հատուկ շեշտում եմ, որ անգամ ցուցակ կա։ Այնտեղ անգամ քրիստոնյա արաբներ կան, ովքեր ասում են, որ եթե նորից քաղաքացիական պատերազմ լինի, և եթե հարկ լինի արտագաղթելու, ապա իրենք կնախընտրեն Հայաստանը։ Հիմա, այս համայնքը սիրիական համայնք չէ, նրանք ինքնաբավ են, ֆինանսական հնարավորություն ունեն, չնայած ասացի, որ ֆինանսական խնդիրներ կան։ Հիմա, եթե նրանք պատրաստ են գալու այստեղ, ապա եթե նրանց պարզապես նորմալ ընդունեն, լուծեն որոշակի՝ երեխաների ուսման, աշխատանքի և այլ հարցեր, նրանք բեռ չեն դառնալու։ Ասեմ նաև, որ այն, ինչ ասացի, մտնում է մեր կառավարության հայտարարած պաշտոնական ծրագրի մեջ։ Հիշում եք, չէ՞, երբ եկան իշխանության, ասացին, որ ներգաղթը լինելու է մեր խնդիրներից մեկը։ Հիմա այդ Սինանյանն անցյալը օրը վեր կացավ, հայտարարեց, որ «մենք նման ծրագիր չունենք», ես էլ եթերում հայտարարեցի, որ «բա այ մարդ, ինչո՞ւ էիք սուտ խոսում, որ ծրագիր կա` ներգաղթ կազմակերպելու»։ Հետ նայելով ասեմ, որ ներգաղթի պատմության մեջ, մասնավորապես, 40-ական թվականների, հատուկ դեր է խաղացել Լիբանանի հայ համայնքը։ Նրանք եկան ու, որպես կանոն, մնացին Հայաստանում։ Դա ոչ Ֆրանսիայի համայնքն էր, ոչ ԱՄՆ-ի և ոչ էլ այլ համայնքների։ Մնացին, ադապտացվեցին և մեծ դեր խաղացին Հայաստանի մշակույթի, արդյունաբերության ու տնտեսության զարգացման գործում։ Սա հատուկ համայնք է, և նրան էդպես․․․ չնկատել, չտեսնել, մոռացության մատնել, կլինի քաղաքական կարճատեսություն։