Ովքեր էին տուն ուղարկողները
Մի քանի օր առաջ Իշխան Սաղաթելյանն իր հրավիրած ասուլիսում ասել էր, թե լավ գիտեն տուն ուղարկողներն ովքեր են։ Խոսքը հանրահավաքի դուրս եկած մարդկանց տներով ուղարկելու մասին է: Բայց Սաղաթելյանն անուններ չէր տվել։ Նկատենք, որ տուն ուղարկելու հարցում «Դիմադրության շարժման» տարբեր անդամներ մասնավոր զրույցներում իրար են մեղադրում։ Մի մասը, հիմնականում՝ ՀՀԿ-ական կամ մերձհանրապետական թևը, մեղադրում է Իշխան Սաղաթելյանին, ՀՅԴ-ի թևից էլ ակնարկներ են արվում ՀՀԿ-ի ուղղությամբ, առնվազն՝ ՀՀԿ-ի ցուցաբերած տակտիկական պասիվության, կամ տակից խաղեր տալու, տարբեր արբանյակների միջոցով քոչարյանական թևին հարվածելու համար։ Իրականում, եթե խոսքը կոնկրետ սեպտեմբերի 14-ին ԱԺ-ի դիմաց կազմակերպված բազմահազարանոց ինքնաբուխ հավաքը ցրելու մասին է, ապա այս հարցում ընկեր Իշխանենք ավելի շատ մեղադրում են այդ պահին «ամբոխի կառավարումն» իրենց ձեռքը վերցրած Կարին Տոնոյանին և Էդգար Ղազարյանին, որոնք իրենց անհասկանալի որոշումներով և հայտարարություններով մարդկանց ցրեցին տներով։ Թեև Իշխան Սաղաթելյանը մեզ հետ զրույցում դարձյալ որևէ անուն չտվեց, բայց նրա թիմակից, ԱԺ պատգամնավոր Արթուր Խաչատրյանը լրագորղների հետ զրույցում այսօր բաց տեքստով հայտարարեց, որ տուն ուղարկող ասելով, այո, իրենք Էդգար Ղազարյանին և Կարին Տոնոյանին նկատի ունեն։
Երբ հարցրինք, թե ո՞վ ուղարկեց տուն մարդկանց այդ ժամանակ, Խաչատրյանն ասաց․ «Նրանք, ովքեր էդ ինքնաբուխ հավաքի ժամանակ սկսեցին․․․ Այսինքն՝ միկրոֆոնը ում ձեռքում որ էր»։ Նկատեցինք՝ լա՞վ չէր, որ ինքնաբուխ հավաք էր, որովհետև շատերն ասում են՝ մենք այս կամ այն ուժի հետևից չենք ուզում գնալ, վերջապես ինքնաբուխ հավաքվել էր ժողովուրդը, բայց ուղարկեցին տներով, Խաչատրյանն ասաց․ «Դա ինքնաբուխ հավաք էր, ինքնաբուխ էլ ցրվեց, կամ նրանք, ովքեր փորձում էին կառավարել, նրանց կառավարման արդյունքում ցրվեց»,-ասաց նա:
Նկատեցինք՝ Էդգար Ղազարյանն ու Կարին Տոնոյանն էին այնտեղ, իրե՞նց նկատի ունեք, դաշնակցական պատգամավորը չթաքցրեց. «Եթե իրենք էին կազմակերպիչները, ապա նաև՝ այո»: Իսկ այդ «ինքնաբուխ հավաքի» կազմակերպիչները հենց իրենք էին, Խաչատրյանի ասած` այդ միկրոֆոնն էլ հիմնականում հենց նրանց ձեռքում էր՝ Էդգար Ղազարյանի և Կարին Տոնոյանի։
Կարծիքներ