Դատարանը Անդրանիկ Փիլոյանին չի զրկել «Ազգային հերոս» կոչումից
Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր դատարանի վճռով մեղավոր ճանաչվեց։ Նա մեղավոր ճանաչվեց պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։
Դատարանը նրան դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման։ Դատավճռով նաեւ Փիլոյանը 3 տարի ժամկետով զրկվել է որոշակի հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, բացի այդ, նշանակվել է տուգանք՝ 1 միլիոն 300 հազար դրամի չափով։
Փիլոյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ դատարանն ի՞նչ որոշում է կայացրել Փիլոյանին «Ազգային հերոսի» կոչումից զրկելու հանրային մեղադրողի պահանջի հետ կապված, նա նշեց, որ դատարանն այդ պահանջը չի բավարարել։
Խոսելով դատավճռի մասին՝ նա ասաց, որ այն գնահատում են ոչ հիմնավոր եւ բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։
Հարցին, թե այս դատավճռով նախկին պաշտոնյան այժմ կալանքի՞ է վերցվելու, ասաց, որ ոչ, քանի որ այն դեռեւս օրինական ուժի մեջ չի մտել, այսինքն՝ բողոքարկելու են Վերաքննիչ դատարան, եթե վճիռը թողնվի անփոփոխ, կհասնեն Վճռաբեկ դատարան։
Նշենք, որ գործով նաև այլ անձինք, այդ թվում՝ ԱԻՆ այլ պաշտոնյաներ են անցնում։ Հակակոռուպցիոն դատարանն այսօր նաև մյուսների մասով վճիռը հրապարակեց՝ նշելով, որ գործով մեղավոր են ճանաչվել ԱԻՆ «ՀԱԷԿ»-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի խմբի հրամանատար Արտակ Բեյբությանը (ազատազրկում 1 տարի, որը պայմանականորեն չի կիրառվել), Փիլոյանի մտերիմ Վիգեն Գրիգորյանը (ազատազրկում 8 տարի), Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արթուր Օհանյանը, ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության տեխնիկայի և սարքավորումների վերանորոգման բազայի պետ Վիգեն Մկրտչյանը (տուգանք՝ 300 հազար ՀՀ դրամի չափով, ազատազրկում՝ 2 տարի, որը պայմանականորեն չի կիրառվել), ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի ղեկավար Հրաչյա Երեմյանը (տուգանք՝ 500 հազար դրամի չափով) և Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանը (տուգանք՝ 1 մլն դրամի չափով)։ Իսկ ԱԻՆ-ից նյութական և այլ կախվածության մեջ գտնվող «Սօս Սիստեմս» ընկերության համահիմնադիր Արա Յաղջյանն արդարացվել է։
Կարծիքներ