Այս օրենքը Ստամբուլյան կոնվենցիայից բխող իրավական ակտ է. Գևորգ Դանիելյան

Այս օրենքը Ստամբուլյան կոնվենցիայից բխող իրավական ակտ է. Գևորգ Դանիելյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որի առնչությամբ «Հրապարակը» անհրաժեշտ համարեց որոշ հարցադրումներով դիմել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին։

-Նշվում է, որ այս օրինագիծը դեմ է ընտանիքի գաղափարին, ի՞նչ կարծիք ունեք Դուք։

-Նախ, ինչպես հայտնի է, էլեկտրոնային քննարկման այս փուլում այդ նախագծին կողմ է քվեարկել ընդամենը 19 տոկոսը, դե իսկ 81 տոկոսը՝ դեմ է։ Հանրային կարծիքի այսպիսի պատկերն արդեն իսկ խոսուն է։ Ակնհայտ է, որ բոլոր այս բնույթի նախաձեռնությունները, ինչպիսի գեղեցիկ «փաթեթավորմամբ» էլ հրամցվեն, հանրությունը ճշգրտորեն ընկալում է, որպես ավանդական ընտանքի հիմքերի հետ լրջագույն աղերսներ ունեցող քայլեր, և այս համատեքստում անհիմն են մեղադրանքով համեմված այն պնդումները, թե իբր մեր երկրում հանրությունը ինչ֊ինչ սովորույթի ուժով հանդուրժող է ընտանիքում բռնությունների նկատմամբ, իբր միջնադարյան մտածելակերպով են առաջնորդվում. սա առնվազն անհարկի վիրավորանք է։ 

Այժմ հակիրճ անդրադառնանք այն էական դրույթներին, որոնք առաջարկվում է ներառել օրինագծով՝

ա) ընտանիքի անդամին իր կարգավիճակով հավասարեցնել, այսպես կոչված՝ զուգընկերներին` միևնույն անձի հետ մտերիմ, այդ թվում՝ ինտիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց,

բ) օրինագծի վերտառությունից հանել «ընտանիքում համերաշխության վերականգնման» և «ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման» բառերը,

գ) գործող օրենքից հանել «ապաստարանում չեն կարող տեղավորվել երեխաներ՝ առանց առնվազն մեկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի» բառերը և այլն։ 

Ի դեպ, բոլոր այս նորմերը տարիներ առաջ ներառված էին հիշյալ օրենքի սկզբնական նախագծում, սակայն հանրային քննարկումների արդյունքում դրանք, այնուամենայնիվ, հանվեցին։


- Օրինագծի հեղինակները մշտապես մի վերապահում են անում, ըստ որի՝ չի փոխվելու ընտանիքի կոնցեպտը, հետևաբար, ի՞նչ մտավախություն կա, որ այս օրենսդրական նախաձեռնությունը կարող է խարխլել ընտանիքի հիմքերը։

-Իսկ ո՞րն է ընտանիքի կոնցեպտը։ Ես ծանոթ եմ այդ օրինագծի առնչությամբ մոտ 2 տասնյակի հասնող առաջարկություններին և դրանց արձագանքին։ Ցավոք, առանց այդ էլ խիստ նեղ շրջանակով քննարկման ընթացքը վկայում է այն մասին, որ ընտանիքի կոնցեպտը սահմանափակվում է բացառապես ընտանիք կազմելու իրավունք ունեցող անձանց կազմը հստակեցնելով, և այդ համատեքստում հավաստիացվում է, որ կպահպանվի Սահմանադրությամբ ամրագրված հիմնադրույթը, ըստ որի՝ միայն կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն։ Սակայն, երբ մտերիմ, այդ թվում՝ «ինտիմ հարաբերությունների» մեջ գտնվող «զուգընկեր» եզրույթ են ներմուծում և նրանց իրավական կարգավիճակով հավասարեցնում են ընտանիքի անդամների հետ, ապա այդ կոնցեպտը ամբողջովին կորցնում է իր սահմանադրական արժեքը։ Վերջին հաշվով, չպետք է անտեսել, որ նույն Սահմանադրությունը ոչ միայն սահմանում է ընտանիք կազմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, այլև բացահայտում է ընտանիքի էությունը. «Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք (ընդգծումը մերն է), ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են» (Սահմանադրության 16-րդ հոդված): Այ սա է ընտանիքի կոնցեպտը, և հարկ է ընկալել, որ այն հասարակության վերարտադրման հիմքն է, ոչ թե սեռական կողմնորոշումներով պայմանավորված անձանց ցանկացած միություն։  

- Երբ ժամանակին ընդունվել է այս օրենքը, նման ձևակերպումներ մտցնելու փորձ եղե՞լ է, ո՞ւմ կողմից։

-Ինչպես արդեն ասացի, բոլոր վերը նշված դրույթները արդեն իսկ ամրագրված են եղել քննարկման առարկա օրենքի սկզբնական նախագծում։ Բնականաբար, օրինագիծը մշակվել էր Կառավարության նախաձեռնությամբ, իսկ տեքստը կազմելուն մեծ չափով ակտիվ մասնակցություն էին ունեցել ինչպես տվյալ ոլորտում որոշակի ուղղվածություն ունեցող միջազգային որոշ փորձագետներ, այնպես էլ միջազգային ոչ պետական կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող տեղական փորձագետները։ Ի դեպ, պաշտոնապես, իր բացասական դիրքորոշումն այն ժամանակ հայտնել և գրավոր փաստաթղթի տեսքով Կառավարությանն էր դիմել նաև Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Ես ինքս բազմիցս հրապարակայնորեն առիթ եմ ունեցել մասնակցելու օրինագծի քննարկմանը և բացահայտելու դրա անխուսափելի բացասական հետևանքները։ 
Մի կարևոր նկատառում. այսպիսի անվանումով օրենքներ ներկայումս ընդունված են անխտիր բոլոր հետխորհրդային երկրներում, սակայն դրանցից որևէ մեկում չկան այնպիսի խնդրահարույց կարգավորումներ, որոնք անընդունելի դիտարկվեին ընտանիքի հիմքերի խարխլման կամ երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից, ընդհակառակը առաջադրվել են այնպիսի ողջամիտ լուծումներ, որոնք իրավական հիմքեր են ստեղծել ընտանիքում բռնությունների կանխարգելման, մասնավորապես, պատժաչափերի խստացման, երեխաների իրավունքներն առավել պաշտպանված դարձնելու և այլ նմանաբնույթ ասպեկտներով։  

-Ինչ ընդհանրություններ ունի փոփոխությունների այս նախագիծը Ստամբուլյան կոնվենցիայի հետ։

-Այս օրենքը, ըստ էության, հենց Ստամբուլյան կոնվենցիայից բխող իրավական ակտ է, իսկ այն ինչ առաջարկվում է օրինագծով, ամբողջովին համահունչ են հենց այդ կոնվենցիային։ Որպեսզի իմ և կոնվենցիային դեմ բոլոր իրավագետների տեսակետը թյուրըմբռնման տեղիք չտա, հարկ եմ համարում ընդգծել, որ մենք ոչ թե դեմ ենք, այլ ճիշտ հակառակը՝ ակնկալում ենք, որ ընտանիքում բռնությունը հետևողականորեն դատապարտվի և յուրաքանչյուր դեպք համարժեք արձագանքի արժանանա։ Երբ բերում են օրինակներ, թե այս կամ այն ընտանիքում բռնության դեպքեր են արձանագրվել, բայց որևէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության, իմ պատասխանը հետևյալն է՝ գործող օրենսդրությունը ցանկացած բռնության համար հստակ պատասխանատվություն է սահմանում, ստեղծված են համապատասխան իրավապահ և մինչդատական վարույթ իրականացնող մարմիններ, և ոչինչ չի խոչընդոտում, որ այդ դեպքերով կոնկրետ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության, դրա համար որևէ կոնվենցիա պետք չէ։ 

Ընդհանրապես, վերջին շրջանում դրական զարգացում եմ նկատում արդարադատության նախարարության գործելաոճում, երբ ոչ միայն արձագանքում են խնդրահարույց կոնվենցիաների և օրենսդրական ակտերի առնչությամբ հրապարակային դիտարկումներին և սուր քննադատությանը, այլև հավաստիացնում են, որ խնդրահարույց շատ նորմերի կիրառմանը նախապատվություն չի տրվելու։ Ընդ որում, ընդգծվում է, որ այդպիսի հնարավորություն ընձեռում են դրանց կից ուղեցույցներն ու բացատրագրերը։ Այս համատեքստում արդեն մեկ այլ գերատեսչության կողմից զուգահեռ խնդրահարույց նախաձեռնությամբ հանդես գալն առնվազն կարող է նվազեցնել վստահությունը, ինչը չափազանց կարևոր գործոն է հանրային կարծիքի ձևավորման տեսանկյունից։ 
Բացի այդ, հույսը բացատրագրերի վրա դնելով, այնքան էլ շահեկան վիճակում չենք հայտնվելու, վերջին հաշվով, հարկ է զարգացումների հեռանկարների մասին պատկերացում կազմելու համար ելակետ ընդունել միտումները, որոնց ճնշման տակ բացատրագրերը շատ արագ կփոխվեն՝ ճանապարհ հարթելով ի սկզբանե ամրագրված խիստ անընդունելի դրույթների համար։