Շահեկան կլինի, որ ԱՄՆ-ն ակտիվացի իր գործունեությունն ընդհանրապես ռեգիոնում․ Հակոբ Բադալյան

Շահեկան կլինի, որ ԱՄՆ-ն ակտիվացի իր գործունեությունն ընդհանրապես ռեգիոնում․ Հակոբ Բադալյան

Մյունխենյան անվտանգային համաժողովի առցանց Հատուկ թողարկման ժամանակ ելույթներով հանդես էին եկել (19.02.2021) նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, Դեմոկրատական Ջո Բայդենը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Բայդենի կրկին շեշտել էր, որ «ԱՄՆ-ը վերադառնում է»` նկատի ունենալով իր ղեկավարած գերտերության առավել ներգրավվածոթյունը միջազգային գործընթացներում։ Ինչպեսև սպասվում էր, ԱՄՆ նախագահը քննադատել էր Ռուսաստանի Դաշնությանը, պուտինյան վարչակարգին, խոսել էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ մրցակցության մասին, Եվորպական Միության և ԱՄՆ միջև համագործակցության, անդրատլանտյան դաշինքի, ՆԱՏՕ-ի կարևորության մասին։ «Եվրոպան ու Միացյալ Նահանգները պետք է ևս մեկ անգամ առաջնորդեն վստահությամբ, մեր կարողությունների նկատմամբ հավատով, մեր նորացմանն ուղղված պարտավորությամբ, մեկս մյուսի նկատմամբ վստահությամբ ու Եվրոպայի և ԱՄՆ-ի ունակություններով՝ առերեսվելու ցանկացած մարտահրավերի՝ մեր ապագան միասին ապահովելու համար», - նշել էր ԱՄՆ նախագահը։

Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենն իր հերթին ողջունել էր ԱՄՆ-ի «վերադարձը», նշել Չինաստանի տնտեսական ազդեցության մեծացման մասին, Ռուսաստանին անվանել «ավելի ու ավելի արհամարհական»։ «Մեզանից` Միացյալ Նահանգներից ու Եվրոպայից, մնում է կրկին ամրապնդել մեր համագործակցությունը: Որպես ապացուցված ու վստահելի գործընկերներ: Որպես անփոխարինելի դաշնակիցներ: Ուս ուսի։ Քանի որ, եթե մենք առաջնորդում ենք ճանապարհը, սա միայն ուժերը միավորելու մասին չէ: Սա ազդանշան է աշխարհին», - ընդգծել էր ԵՄ գործադիր իշխանության ղեկավար ֆոն դեր Լայենը։

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է «Լրագիր» առցանց թերթի քաղաքական մեկնաբան, քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ։

- Պարո՛ն Բադալյան, Բայդենը հայտարարեց, որ «ԱՄՆ-ը վերադարձել է», խոսեց Ռուսաստանի, Չինաստանի հետ մրցակցությունից, անդրադարձավ նաև Աֆղանստանի կոնֆլիկտին։ Ըստ Ձեզ՝ տարածաշրջանային կոնֆլիկնտներում ներգրավվածության մասով, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում ներգրավվածության մասով, ինչպե՞ս իրեն կդրսևորի ԱՄՆ-ը [ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է]՝ հաշվի առնելով Բայդենի այսպիսի հայտարարությունը։

- Եթե գնահատենք դեռևս պատերազմի ժամանակ Բայդենի արած հայտարարություններով, որոնք իրենց վրա կրում էին նաև Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների նախընտրական տրամադրությունները՝ սպասելի է, որ Բայդենի վարչակազմն ավելի ակտիվ ռեգիոնալ քաղաքականություն կվարի։ Բայց այստեղ, իհարկե, երկու առանցքային հանգամանք կա՝ Բայդենի վարչակազմ ի՞նչ քաղաքականություն է վարելու Ռուսաստանի նկատմամբ, ինչպիսի՞ քաղաքականություն է վարելու Իրանի նկատմամբ։ Եվ այդ երկու հանգամանքներն էլ իրենց հերթին պայմանավորելու են արդեն ամերիկա-թուրքական հարաբերությունները։ Եթե Բայդենի վարչակազմն Իրանի հարցում շարժվի Միջուկային համաձայնությունը վերականգնելու տրամաբանությամբ, ինչի թույլ նախանշաններ կան, ապա սա, կարծում եմ, ընդհանուր առմամբ, կստեղծի նպաստավոր իրավիճակ՝ ավելի կայուն ռեգիոնալ իրավիճակի տեսանկյունից։

Եթե Իրանի հետ հարաբերությունն ընթանա ավել կոշտ տրամաբանությամբ, ապա առավել անբարենպաստ ռեժիմ կլինի՝ ռեգիոնալ անվտանգության և կայունության տեսանկյունից։ Իհարկե, ինքնին չի նշանակի ապակայունություն, բայց որպես ռեժիմ, որպես հարաբերությունների տրամաբանություն՝ կլինի նվազ բարենպաստ։ Ռուսաստանի մասով, մենք տեսնում ենք, որ Բայդենը բավականին կոշտ հայտարարություններ է անում։ Սա ևս նշանակում է, որ դիմակայությունն իր արտացոլումը կունենա նաև ռեգիոնալ առումով։ Եվ այստեղ առաջանում է հարց՝ արդյո՞ք Միացյալ Նահանգներն ինքը կփորձի դիմակայել ու մրցակցություն ունենալ Ռուսաստանի հետ Կովկասյան հատվածում, թե՞ դա կանի անուղղակի ձևով, այսպես ասենք՝ Թուրքիայի միջոցով՝ խաղալով ռուս-թուրքական փոխզսպման տրամաբանության վրա։ Այս հարցերի պատասխաններն էլ ինչ-որ իմաստով մեզ ցույց կտան, կնշմարեն, թե Բայդենի վարչակազմը քաղաքական ինչ մարտավարություն է կիրառելու Կովկասում։

Ընդհանուր առմամբ, կարծում եմ, Հայաստանի համար շահեկան կլինի, որ Միացյալ Նահանգներն ակտիվացի իր գործունեությունն ընդհանրապես ռեգիոնում և նաև մասնավորապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Որովհետև այստեղ մեզ համար չափազանց կարևոր է բալանսների վերականգնումը և բազմազան շահերի ձևավորումը, որը մեզ հնարավորություն կտա վարել ավելի ճկուն քաղաքականություն՝ հաշվի առնելով, որ Արցախի հարցում հիմա փաստացի գործում է ռուս-թուրքական պայմանավորվածությունների ռեժիմը։ Իսկ դա մեզ համար, մեղմ ասած, բարենպաստ ռեժիմ չէ։

- Դուք նաև վերջերս [21․01․2021] այլ քաղաքագետների հետ հանդիպել էիք ԱՄՆ դեսպանի հետ։ Ի՞նչ փոխանցեցիք դեսպանին, նա Ձեզ ի՞նչ ասաց, ի՞նչ տպավորություններ ստացաք այդ հանդիպումներից՝ թե՛ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, թե՛ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղված իրավիճակի վերաբերյալ։

- Նախ ասեմ, որ այսպիսի հանդիպումները սովորաբար տեղի են ունենում չհանրայնացման ձևաչափով՝ ավելի արդյունավետ, ավելի պրոդուկտիվ լինելու համար։ Բայց միևնույն ժամանակ ասեմ, որ ինքս հավասարապես փոխանցել եմ, ինքս արտահայտվել եմ այս թեմաների մասով։ Այսինքն՝ Հայաստանին և ընդհանրապես ռեգիոնին անհրաժեշտ են այսպես ասած բազմազան երաշխիքներ, որպեսզի դա առավելագույն բարձրացնի ռեգիոնալ թե՛ անվտանգությունը, թե՛ մասնավորապես Հայաստանի անվտանգային միջավայրի ավելի կայուն հեռանկարներ ստեղծի։ Եվ այս տեսանկյունից, իհարկե, նշել եմ, որ շատ կաևոր է, որպեսզի Նահանգները վերականգնեն իրենց դերակատարումը ռեգիոնում, որը կորսվեց Թրամփի վարչակազմի շրջանում։ Եվ մեծ հաշվով Թուրքիան և Ադրբեջանը, կարծում եմ, օգտվեցին հենց այդ հանգամանքից, այսինքն՝ այն վակուումից, որ առաջացավ Թրամփի վարչակազմի քաղաքականության հետևանքով։ Մենք գիտենք, այդ քաղաքականությունը, այսպես ասած «հետքաշվելու քաղաքականությունն» էր։ Եվ դա բերեց անվտանգային վակուումների առաջացման, որից էլ, ինչպես նշեցի, օգտվեց Թուրքիան։

Պատահական չէր, որ պատերազմի նախաձեռնումը տեղի ունեցավ հենց այն շրջանում, երբ Միացյալ Նահանգներն առավելապես զբաղված էր ներքին, նախագահական դիմակայությամբ, առճակատմամբ։ Եվ մեկ այլ հատկանշական հանգամանք է այն, որ փաստաթուղթը ստորագրվեց, պատերազմը դադարեց այն ժամանակ, երբ նոյեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգներում Թրամփը պարտություն է կրել նախագահական ընտրությունում, և հաղթող դարձել է Բայդենը։ Այսինքն՝ սրանք բավականին նշանային ցուցիչներ են, որ Միացյալ Նահանգների պասիվացումը մեր ռեգիոնում բերեց անվտանգային վակուումների, որից օգտվում են երկրներ, որոնք, մեղմ ասած, Հայաստանի համար սպառնալիք են ներկայացնում։

- Նույն այդ համաժողովի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունեց Ամերիկայի վերադարձն այս նոր իրողությունների կոնտեքստում, ինչպես նաև թե՛ Բայդենը, թե՛ ֆոն դեր Լայենը նշեցին անդրատլանտյան դաշինքի կարևորությունը: Ըստ Ձեզ՝ Ամերիկայի քաղաքականությունից կախվա՞ծ կլինի նաև ԵՄ-ի ներգրավվածությունը ռեգիոնալ խնդիրներում։ Որովհետև ֆոն դեր Լայենը շատ ուղիղ տեքստով ասաց, որ «Սա ազդանշան է աշխարհին»։ ԵՄ-ի պահվածքն ինչպիսի՞ն կլինի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։

- Ճիշտն ասած, ես Եվրամիության մասով չեմ տեսնում առանձնապես մեծ դերակատարման հեռանկար։ Այն պարզ պատճառով, որ Եվրամիությունն ինքը միատարր քաղաքական սուբյեկտ չէ, և այստեղ կան բազմազան շահեր ունեցող սուբյեկտներ։ Այդ տեսանկյունից, ես կարծում եմ, առանցքային է, որպեսզի ԵՄ անդամ Ֆրանսիան շարունակի ակտիվ դերակատարում ունենալ դարձյալ Մինսկի խմբի համանախագահությունում։ Այսինքն՝ այս առումով, Կովկասի ռեգիոնալ ռազմաքաղաքական կայունության առումով Մինսկի խմբի ձևաչափը բացառիկ էր և որոշակիորեն արդյունավետ։ Եվ կարծում եմ՝ Մինսկի խմբի վերականգնումն այդ ձևաչափով դերակատարների ակտիվ աշխատանքի և հարաբերությունների վերականգնումն ինքնին արդեն բավական դրական կարող էր նպաստել ռեգիոնալ կայունության տեսանկյունից։ Եվրամիությունն, իհարկե, կարող է դրական ազդեցություն ունենալ որևէ ներգրավվածությամբ, բայց որ դա կունենա վճռորոշ նշանակություն, այդքան էլ չեմ պատկերացնում։ Հաշվի առնելով, որ քաղաքական շահերի տեսանկյունից Եվրամիությունը բազմնազան սուբյեկտների միավորում է։ Եվ այստեղ միատարր քաղաքական հեռանկար, կարծես թե, չկա։

- Պարո՛ն Բադալյան, օրինակ՝ Ֆրանսիան՝ ի դեմս Մակրոնի, հենվում է նաև ԵՄ-ի վրա։ Մակրոնը բավականին քննադատության է ենթարկում երբեմն ՆԱՏՕ-ն։ Ֆրանսիան նաև հակաիսլամիստական քաղաքականություն է վարում, ծայրահեղականության դեմ նախագծեր է բերում խորհրդարան։ Ըստ էության, Ֆրանսիան ի՞նչ կանի, եթե դիտարկենք նաև Եվրամիության ֆոն դեր Լայենի հայտարարությունը, Մակրոնի կողմից վարվող բավականին անկախ քաղաքականությունը։

- Ֆրանսիան, կարծում եմ, փորձում է լուծել իր խնդիրները Եվրամիությունում։ Բացի դրանից Մակրոնը՝ բնականաբար իր ներքին քաղաքական խնդրները, բայց նաև խնդիրները Եվրամիությունում՝ իր տեղի և դերի առնչությամբ։ Եվ նաև այստեղ միջոցներից մեկը նաև Կովկասում ակտիվ դերակատարումն է, որտեղ Թուրքիան նոր խաղացող է։ Այսինքն՝ Ռուսաստանին զուգահեռ ձևավորվել է թուրքական ներկայությունը։ Եվ այստեղ դրա հետ հարաբերվելով, այդ շահերի շրջանակ մտնելով՝ Ֆրանսիան բնականաբար ակնկալում է լուծումներ գտնել նաև Թուրքիայի եվրոպական, միջերկրյածովյան ուղղությամբ հարաբերություններում։ Այստեղ ամեն ինչ միարժեք չէ, և իրավիճակը բազմաշերտ է։

Մենք կարող ենք դիտարկել, որ Թուրքիան կենտրոնացնելով Կովկասյան ուղղությամբ, այսպես ասած գամելով Կովկասյան ուղղությամբ՝ գուցե փորձում է թուլացնել նրա ագրեսիվությունը միջերկրծովյան ռեգիոնի հանդեպ։ Այսինքն՝ այս իմաստով մենք կարիք ունենք հասկանալու բոլոր դերակատարների շահերի բազմազանությունը։ Բայց միևնույն ժամանակ, դրանով հանդերձ օգտագործել այն բոլոր ուղիները, որտեղ որ մեր շահերը համընկնում են։ Եվ եթե խոսենք այս տեսանկյունից, ապա Ֆրանսիան բացառիկ դիրքորոշում ունի Արցախի կարգավիճակի և այն տարածքների վերաբերյալ, որ պատերազմի հետևանքով անցել են Ադրբեջանի վերհսկողության տակ, այս տարածքների դեօկուպացիայի խնդրում։ Եվ այս առումով Ֆրանսիան արել է քաղաքական կարևոր հայտարարություններ, որոնք Հայաստանի համար աշխատանքի դաշտ են, աշխատանքի հնարավորություն են։ Եվ մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունը։ Հասկանալի է, որ բոլոր դերակատարներն այստեղ խաղում են իրենց շահերը և ռազմավարությունն ունենալով։ Որևէ մեկն այստեղ չի խաղում Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի կամ Ռուսաստանի օգտին։ Բայց ձևավորվում է շահերի շրջանակ, որ յուրաքանչյուր պետություն փորձում է օգտագործել իր օգտին։ Եվ այստեղ մենք պետք է ընդամենը հասկանանք այդ շրջանակը և մեր հերթին փորձենք օգտագործել այդ ամենը՝ մեր շահերի տեսանկյունից առավելագույնս քաղելու համար։ Ֆրանսիան, նշեցի, որ այս տեսանկյունից բացառիկ դիրքորոշումներ է արտահայտել, և մենք սա պետք է փորձենք առավելագույնս օգտագործել, իհարկե՝ միևնույն ժամանակ չհակադրվելով։

Այսինքն՝ Հայաստանի խնդիրը չպետք է լինի հակադրել Ռուսաստանի հետ հարաբերությունը Ֆրանսիայի հետ հարաբերությանը կամ Նահանգների հետ հարաբերությանը։ Որքան էլ որ մենք կարող ենք լուրջ մտահոգություններ և մտավախություններ ունենալ ռուս-թուրքական աշխատանքի տեսանկյունից, մենք պետք է նաև աշխատենք Ռուսաստանի հետ՝ թեկուզ այդ մտահոգությունները չեզոքացնելու համար։ Բայց միևնույն ժամանակ այստեղ աշխատանքի արդյունավետությունը կախված է նրանից, թե մենք Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դերակատարումը որքան արդյունավետ կկարողանանք օգտագործել և հասնել շահերի բալանսավորման։

- Կարելի՞ է ենթադրել, որ Մակրոնը երբեմն քննադատություններ է հնչեցնում ՆԱՏՕ-ի հասցեին, կարող է կապված լինել հենց Թուրքիայի պահվածքի հետ։

- Կարծում եմ, որ այդ քննադատությունն, իհարկե, առնչվում է Թուրքիայի դերին, բայց գլխավորապես դա Ֆրանսիայի դերակատարմանն ուղղված քաղաքականություն է։ Այսինքն՝ բարձրացնել Ֆրանսիայի դերն ու նշանակությունն այս համակարգերում՝ եվրատլանտյան համակարգում, Եվրամիության շրջանակում։ Եվ Թուրքիայի հարցն, իհարկե, Մակրոնը փորձում է օգտագործել դրա համար։ Եվ այս ամենը Ֆրանսիան բավականին բաց է իրականացնում։