Երեխայի նկատմամբ բռնության փաստը չի հաստատվել

Երեխայի նկատմամբ բռնության փաստը չի հաստատվել

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը գրել է․

«Առավոտյան այցելեցի թիվ 52 հիմնական դպրոց, որտեղ երեկ, ըստ տարածված տեղեկության, աշակերտի ծնողը (մայրը) դասարանում, երեխաների ներկայությամբ ագրեսիվ վարք է դրսեւորել ուսուցչի նկատմամբ, ապտակել է նրան:

Երկար զրույց ունեցա նախ երեխայի հոր հետ, նրան հարցրեցի տեղի ունեցածի վերաբերյալ իր պատկերացումների մասին: Հայրը ըստ էության չի հաստատում, որ երեխայի նկատմամբ դպրոցում դեկտեմբերին տեղի է ունեցել բռնություն, ինչն կարող էր երեկվա միջադեպի պատճառ լինել: Հոր պատմելով՝ երեխան վստահ չէ, որ նման բան է եղել, տարբեր օրերի կատարվածի տարբեր վարկածներ է ներկայացնում: Երեխայի նկատմամբ բռնության ահազանգով համապատասխան մարմիններն ու մասնագետները եւս հետաքննություն են արել եւ բռնության փաստը չի հաստատվել:
Զրուցեցի նաեւ դպրոցի տնօրինության եւ նախօրեին ագրեսիայի ենթարկված ուսուցչի հետ: Ցանկացած պարագայում համարում եմ, որ մանկավարժի նկատմամբ նման վարքը անթույլատրելի է: Այն խաթարում է դասապրոցեսը, սթրեսի է ենթարկում սովորողներին, հասարակությունում նսեմացնում է ուսուցչի կերպարը եւ առհասարակ, անձի արժանապատվությունը Սահմանադրությամբ ամրագրված բարձրագույն արժեքներից է:

Անկախ տհաճ միջադեպի հանգամանքներից, պետք է ապահովել նաեւ երեխայի կայուն հոգեբանական վիճակը եւ բնականոն ուսման պրոցեսը: Առաջարկել եմ ծնողին՝ երեխային տեղափոխել այլ դասարան: Մնացած հարցրի պատասխանները, կարծում եմ, կտան իրավապահները»: