Գյումրիում օդային տրանսպորտ կառուցելու ծրագիրը հօդս ցնդեց

Գյումրիում օդային տրանսպորտ կառուցելու ծրագիրը հօդս ցնդեց

Երեկ Գյումրու ավագանին ուժը կորցրած ճանաչեց 2020 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը՝ «Արմոն» ընկերությանը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրված հողամասերը համայնքապետարանը հետ վերցրեց։

Բանն այն է, որ նախորդ տարվա մարտ ամսին «Արմոն» ՍՊԸ տնօրեն Խաչատուր Սարգսյանը, որ ծնունդով գյումրեցի է, բայց երկար տարիներ բնակվում է Աֆրիկայում, «Սքայ Գյումրի» ծրագիրն  էր ներկայացրել քաղաքապետարան: Ծրագրի հիմնական նպատակը Գյումրիի ենթակառուցվածքները զարգացնելն էր։ Քաղաքում օդային տրանսպորտ էր կառուցվելու։ Օդային տրամվայը կունենար 14 կանգառ՝ իր ենթակառուցվածքներով, ամեն կանգառում կկառուցվեին առևտրի, ժամանցի, հանգստի գոտիներ։ «Սքայ Գյումրիի» ընդհանուր արժեքը գնահատվում էր 500 մլն դոլար։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանի բնորոշմամբ՝ ծրագիրը «հեքիաթ» էր։

Ի պատասխան՝ Խաչատուր Սարգսյանն էլ նշել էր, թե հեքիաթները մի օր իրականություն են դառնում։ Քաղաքապետի եւ «Արմոն» ՍՊԸ տնօրենի վերջին հանդիպումը կայացել էր անցյալ տարվա ամռանը, որի ընթացքում կողմերը քննարկել էին «Սքայ Գյումրի» ծրագրին առնչվող բազմաթիվ հարցեր, սակայն որոշ ժամանակ անց գործարարը ծրագիրը սառեցնելու որոշում էր կայացրել՝ պատճառաբանելով համավարակն ու պատերազմը:

Ի վերջո, համայնքապետարանը ծրագիրն անիրատեսական համարելով՝ որոշում կայացրեց ետ վերցնել ընկերությանը տրամադրած հողատարածքները՝ այն մեկ այլ՝ կարևոր նպատակի ծառայեցնելու համար:

Մեր տեղեկություններով՝ գործարարն ինքն է անձամբ խնդրել ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանին` վերջնականապես սառեցնել ծրագիրը, քանի որ առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունները խառնել են նրա խաղաքարտերը։