Նախարարությունն աշակերտահաճո որոշումներ է կայացրել

Նախարարությունն աշակերտահաճո որոշումներ է կայացրել

Հաշվի առնելով հակահամաճարակային միջոցառումներն ու առողջապահության նախարարության ցուցումները՝ ԿԳՄՍ նախարարությունը կայացրեց որոշումներ, որոնք, ըստ նախարարի, արվել են ի շահ կրթական համակարգի։

Ուսուցիչներից շատերի կարծիքով, նախարարությունն աշակերտահաճո որոշումներ է կայացրել․ «Տարին փակում են կիսամյակների արդյունքներով ու մինչեւ մարտի 13-ն ունեցած գնահատականներով․ դա ընդվզման ալիք բարձրացրեց ուսուցիչների մոտ հենց միայն նրա համար, որ նախապես չէր ասվել, որ մինչեւ ամսի 13-ն ունեցած գնահատականներով է ամփոփվելու տարին, բայց մինչեւ մայիսի 22-ը շարունակվելու է հեռավար ուսուցումը։ Ենթադրենք, առաջին կիսամյակում աշակերտը «5» է ստացել, 2-րդ կիսամյակում ունի պատահական մի «9» գնահատական, ուրեմն 2-րդ կիսամյակը փակում են «9» եւ չեն նայում այդ «5»-ին։ Այսինքն՝ ոչ մի բան չարած աշակերտն իր տարեկանը փակում է բարձր գնահատականով։ Բայց եթե գնում ես աշակերտահաճո այդ քայլերին ու անտեսում ես գնահատումը, ուրեմն այն հանի բոլոր օղակներից՝ նաեւ միջին ու ավագ դպրոցներից։ Երեխաների մոտ հիմա այնպիսի տրամադրություն է, որ եթե գնահատականները չեն հաշվում, ուրեմն դասերին մասնակցելն էլ պարտադիր չէ։ Այդ որոշումն ազդեց աշակերտների մասնակցության թվի վրա։ Նախարարն ասում է՝ գնահատականը կարեւոր չէ, բայց եթե կարեւոր չէ, կա՛մ մեզ նախօրոք ասեիք, կա՛մ հիմա չհայտարարեիք, որ երեխաները դասերին նորմալ մասնակցեին, որովհետեւ նախարարի այդ հայտարարությունից հետո շատ երեխաներ դասերին այլեւս չեն մասնակցում։ Տարեկանը փակված է, եւ հիմա իրենք ուղղակի հավեսի համար են դասերին միանում, դրա համար ուսուցիչներից շատերի դասերին հիմա դասարանի կեսն է նստում»։

Մեկ այլ խնդիր եւս՝ գնահատման հարցը․ «Նախարարը խոսեց, որ շուտով 1-4-րդ դասարանցիների գնահատումն ընդհանրապես կհանվի, տարրական դասարանների համար դա նորմալ է, բայց խնդիր է դառնում միջին դպրոցի համար, ճիշտ կլիներ, որ ընդհանրապես հանվեր գնահատման սիստեմը բոլոր դասարաններում, գնահատում չլիներ, այլ լինեին տարեվերջում փոխադրման համար քննություններ՝ օնլայն կարգով, որ մարդկային սուբյեկտիվ պահերն էլ բացառվեին, ու երեխան դասարանն ավարտեր այդ քննությունների միջոցով»։    

Դժգոհություններ կան նաեւ էլեկտրոնային մատյաններից, որոնք հիմա փակ են ուսուցիչների համար։ «ԿՏԱԿ-ի միջոցով բոլոր գնահատականներնօնլայն անցկացրել ենք այդ էլեկտրոնային մատյաններում, ու հիմա փակել են որոշ գործառույթներ եւ չեն թողնում, որ ուսուցիչը մտնի այդ համակարգ եւ որոշ բաներ խմբագրի։ Այսինքն՝ վստահության պահը կորել է, գուցե կոռուպցիա են այդտեղ տեսնում, որ կարող է գնահատական փոխվի, հնարավոր է՝ ճիշտ են, եւ 20 տոկոսն այդպես անում է, բայց դա չի նշանակում, որ մնացած 80 տոկոսն էլ մի սխալի համար չպիտի կարողանա մտնել այդ համակարգը եւ ուղղել։ Ու վատն այն է, որ հիմքում անվստահությունն է, այսինքն՝ չեն վստահում քեզ, դրա համար են փակել համակարգը»,-ասում են ուսուցիչները, որոնք, սակայն, չցանկացան ներկայանալ, որովհետեւ ամեն հարցազրույցից հետո քաղաքապետարանից զանգում են տնօրենին եւ, այսպես ասած, հաշիվ պահանջում, թե ինչու է իր դպրոցի ուսուցիչը նման կարծիք հայտնել։ Տնօրենն էլ հետո իր հերթին է ուսուցչից հաշիվ պահանջում։ Մի խոսքով, ծանոթ սցենար․ «Իհարկե, նախորդ իշխանությունների՝ ՀՀԿ-ի ժամանակ ճնշումն ավելի ուժեղ էր, բայց այնպես է, որ հիմա էլ հետ չեն մնում, եւ նույնկերպ շարունակվում է»։

Փորձեցինք լսել նաեւ դպրոցի տնօրենների կարծիքը։ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանն ասում է, որ իրենք արդեն տարիներ շարունակ վերջին զանգի արարողություն չեն անում, վերջին դասով ամփոփում են տարին․ «Այնպես որ, ոչ մի խնդիր չի առաջացել եւ հանգիստ ընդունվել է ծնողների ու երեխաների կողմից։ Այդպես որոշեցինք, որովհետեւ տարբեր բաների հետ էր կապված՝ գումարներ էին հավաքում եւ այլն, եւ այլն, ու որպեսզի չընկնեինք այդ խառնաշփոթի մեջ, միանգամից լուծեցինք այդ հարցը»։

Դպրոցն արդեն ամփոփել է կիսամյակները։ «Շատ հապճեպ՝ 4 օրվա մեջ, որ ուսուցիչները մուտքագրեն գնահատականները մինչեւ մարտի 12-13-ը։ Դա արդեն արված է, անգամ՝ միջինացված տարեկանները»,- ասում է ու համաձայնում, որ տարին փակելուց հետո դժվար է երեխաներին պահել հեռավար ուսուցման էկրանների առաջ․ «Ճշմարտություն կա դրա մեջ, բայց, ինչպես ասաց նախարարը, երեխան պետք է գիտակցի, որ գիտելիք է ստանում, ծրագրային նյութը, եւ եթե չնստեց ու չլսեց, հաջորդ տարվա դասընթացի ժամանակ արդեն պրոբլեմներ է ունենալու։ Ի վերջո գալիս ենք նրան, որ գնահատականն էական չէ, չնայած մենք գիտելիքի չափման այլ միավոր չունենք։ Ճիշտ է, երբեմն վրդովվում ենք, ըմբոստանում ենք, բայց անում ենք, որովհետեւ, ի վերջո, կատարող բանակ ենք»։

Թե էլեկտրոնային մատյանների գնահատականները որքանով են օբյեկտիվ, անաչառ եւ ստույգ, ապա, ըստ տնօրենի, որոշակի սուբյեկտիվիզմ կա, «որովհետեւ գնահատականները երեխան ստացել է ծնողի օգնությամբ, բայց չէ՞ որ աշխատել է․ ե՛ւ ուսուցիչներն են ջանք թափել, ե՛ւ երեխան, էլ չասեմ ծնողի ջանքը, եւ ինչո՞ւ չպետք է գնահատվեին։ Հետո՝ ուղղակի վիրավորական է այն արտահայտությունը, երբ ասում են, որ ծնողները միջամտում են, որ իրենց երեխաների թվանշանները բարձր լինեն եւ այլն, եւ այլն։ Շատ լավ կլինի, որ այդ անվստահության դաշտը վերանա մանկավարժի նկատմամբ։ Բոլորն աշխատել են, ոգեւորվել են, գնահատվել են»։

Թեպետ հեռավար ուսուցման դեպքում հավասար դաշտը պահպանված չէ, եւ այս մոդելն իրատեսական չէ բոլորի համար, բայցեւայնպես, աշխատանք է արվել։ «Կարող է մի ուսուցիչ 1-2 դաս գլուխ է պահել, բայց մյուսը 4-5-ի փոխարեն արել է 6-7-ը, դրանք անչափելի են, բայց հսկայական աշխատանք է արվել։ Իսկ եթե գնահատականն էական չէ՝ էական չէ, թող երեխաները սովորեն սովորել»,- ասում է նա ու նկատում, որ հեռավար ուսուցումը դեռ մի բան էլ հեշտացրեց իրենց գործը՝ առանց քննության 9-րդ դասարանի երեխան ստանալու է իր վկայականը, 12-րդ դասարանցին 3 առարկաներից իր ընտրությամբ միայն մեկն է հանձնելու․ «Ուղղակի զայրույթը նրանից է, որ եթե այդքան գնահատականները չպետք է հաշվի առնվեին, ուրեմն ինչո՞ւ այդքան չարչարվեինք, դնեինք, որոնք երբեմն կորում էին, համակարգը խառնվում էր, գնահատականը պահվում էր-չէր պահվում, հաջորդ օրը նորից էինք գրանցում տնային աշխատանքները կամ օրվա նյութը։ Աշխատանք է, որն այդքան չարչարանքից հետո կարելի էր գնահատել, ընդամենը»։

Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցի տնօրեն Նունե Ղազարյանն ասում է, որ կիսամյակներն ի օգուտ երեխաների են փակվում․ «Իսկ մնացածի մասին՝ վերջին զանգ եւ այլն, չենք էլ մտածում»։ Ու նկատում է, որ դեռ չգիտեն, թե երբ կանցկացվի այն։

Մեր այն դիտարկմանը, որ Գյումրիում դպրոցներից մեկն ուզում է գաղտնի անցկացնել վերջին զանգի միջոցառում, տնօրենը չի պատկերացնում, թե ինչպես է հնարավոր դա անել․ «Առավել եւս՝ հո երեխաների առողջության հետ չե՞նք խաղալու, թող մի տարի էլ այսպես լինի, եթե օնլայն ինչ-որ բան կարողանանք կազմակերպել, կանենք խոսքերով ու մաղթանքներով»։

Տնօրենի կարծիքով, ուսուցիչները գերազանց են կատարել իրենց աշխատանքը հեռավար ուսուցման ընթացքում․«Միանգամից մտան աշխատանքի մեջ, ու ամեն ինչ արվեց, իհարկե, այն արդյունքը, որ առկա ուսուցումն է տալիս, չենք կարող ունենալ, բայց տվյալ ժամանակին տվյալ պարագայից ելնելով, ի պատիվ իրենց՝ շատ լավ կազմակերպեցին։ Ինչ վերաբերում է մեզ, ապա ամեն ինչ անում ենք ի օգուտ աշակերտների։ Եվ փառք ուսուցիչներին, որ կարողացան երեխաներին 24 ժամ պահել տանը»։