Սերժի ժամանակ նորմալ էր էս ամեն ինչը, ոչ կգնայի, ոչ կդիմեի

Սերժի ժամանակ նորմալ էր էս ամեն ինչը, ոչ կգնայի, ոչ կդիմեի

«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն է դիմել քաղաքացի Թորգոմ Տեր-Մկրտչյանը։ 
Ինչպես պատմում է քաղաքացին, Արարատի մարզի «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի ատամնաբույժներից Արտակ Հարությունյանը խնդիրներ է ունեցել նույն հիվանդանոցի տնօրինության հետ։
Ըստ Տեր-Մկրտչյանի՝ խնդիրները առաջացել են հիվանդանոցում առկա աշխատանքային վատ պայմանների արդյունքում։

Մեզ հետ զրույցում Արտակ Հարությունյանը նշեց, որ ինքը ժամանակավոր է աշխատել 
«Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնում․ «Ես ժամանակավոր էի աշխատում այնտեղ, սեպտեմբերի 25-ին հեռացել եմ։ Որպես փոխարինող էի աշխատում այնտեղ, հիմնական աշխատողը եկավ, ես հեռացա։ Հարցը սա չէ, հարցը հիվանդանոցի անմխիթար վիճակն է։ Լույսի, ջրի խնդիր կա։ Ես այս հարցով ամեն տեղ դիմել եմ։ Դիմել եմ ԱԺ, նախարարություն, բայց բոլոր տեղերից «ատկազ» եմ ստացել։ Քանի որ հիվանդանոցը ՓԲԸ է, կարելի է ասել անհայտ բաժնետրիկան ընկերություն է, ոչ մի տեղից չի վերահսկվում, բայց դա կապ չունի, ինքը ռայոնում միակ պետպատվեր կատարող հիմնարկն է։ Ես ուղղակի շոկի մեջ եմ, հիմա բան է փոխվել, թե չի փոխվել։ Սերժի ժամանակ նորմալ էր էս ամեն ինչը, ոչ կգնայի, ոչ կդիմեի, ոչ կգրեի, իսկ հիմա դիմել եմ՝ ինձ ասում են՝ բա ի՞նչ էիր ուզում, բա տենց էլ պետք է լիներ»։

Ատամնաբույժը նշում է, որ նույնիսկ բժիշկները չեն կարողանում ջրից օգտվել․ «Ջուր չկա, պատկերացնու՞մ եք։ Շշերով ենք ջուր բերում, որ կարողանանք բժիշկներով լվացվել։ Պատկերացնու՞մ եք, պոլը քանդած է, հողը, բետոնը երևում է։ Մենք ինչքան կարողացել ենք հավաքել ենք, մաքրել ենք, բայց սենց ինչքան, մեծ շենք է»։

Արտակ Հարությունյանի խոսքով՝ դիմել է նաև Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին․ «Նարեկ Զեյնալյանն ինձ ասում է՝ եթե դու փաստացի գործ չունես իր՝ տնօրենի վրա, ուրեմն ինքը օրենքով ճիշտ է, թեման փակում ենք»։

 

«Հրապարակի» հետ զրույցում «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը նշեց, որ Արտակ Հարությունյանը իր գլխավորած հիվանդանոցում աշխատել է որպես փոխարինող․ «Հեռացում չէ։ Երբ որ աշխատողը արձակուրդից հետ է գալիս, նրան փոխարինողը ինքնըստինքյան ազատվում է աշխատանքից։ Ինքն իմ հետ երբևիցե որևէ խնդիր չի ունեցել։ Պայմանների մասին որ խոսել է, խոսքը վերանորոգմանն է վերաբերում։ Մենք ոչ ջրի խնդիր ունենք, ոչ հոսանքի խնդիր ունենք։ Ես չեմ հասկանում՝ հիմա ո՞նց օրինական կարգով արձակուրդից հանեմ, իրեն վերձնեմ աշխատնքի։ Էդ մարդը կդիմի դատարան։ Ես նորից եմ կրկնում, որ այո, վերանորոգման կարիք կա, բայց ես որտեղից վերանորոգեմ, դրա համար պետք է եկամուտ լինի»։

Արտակ Հարությունյանը մեզ տրամադրեց նաև հիվանդանոցի պայմաններն ի ցույց դնող տեսահոլովակ։