Ո՞վ ես դու, ո՞վ եք դուք, ի՞նչ կապ ունեք Հայաստանի ու հայ ժողովրդի հետ

Հայաստանի իշխանությունն արդեն գործում է բաց՝ առանց թաքնվելու։ Երկու դեպքում են բաց գործում։ Մեկ այն դեպքում, երբ թուլանում է ժողովրդի դիմադրողականությունը, մեկ էլ՝ երբ նրան պարտադրում են ծրագրի կատարման ժամկետի մեջ։ Նիկոլ Փաշինյանն իր արբանյակներով յոթ տարի աշխատում է ժողովրդի դիմադրողականությունը կոտրելու, տնտեսությունը լրիվ կազմալուծելու և կախյալ վիճակում թողնելու, երկրի մակրո ու միկրո տնտեսական կառուցվածքները ձևախեղելու, հանրությանը պառակտելու, Հայաստանը շրջափակման վտանգի առաջ կանգնեցնելու ուղղությամբ։ Յոթ տարին փոքր հատված չէ ու եթե Հայաստանը չունենար համապատասխան պաշտպանական մեխանիզմները, այսօր արդեն պետականություն չէր ունենա։ Հայաստանի իշխանության բաց գործելու մեջ երկու գործոնն էլ կա։ Պետք է ընդունել, որ վիրավոր Հայաստանը՝ վերքերը լիզելով, դեռ շարունակում է դիմադրել այս իշխանության ու թշնամու սինխրոն հարվածներին, մանրևներին, մանիպուլյացիաներին, դավադրություններին, հոգեբանական աննախադեպ ճնշումներին։ Այսօր արդեն՝ ի մի բերելով հանրության ու քաղաքական դաշտի ընդհանրացված գնահատականը, վստահորեն կարելի է արձանագրել, որ այս իշխանությունը գործում է թշնամու օրակարգով։ Այլապես ի՞նչ մտածել, երբ Հայաստանի ԱԳՆ-ն Թուրքիային հավաստիացնում է, որ «Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության գործընթացը սկսվել է դեռևս 2018 թվականին, և այժմ այն վերածվում է ոչ թե միայն առանձին փոփոխությունների, այլ ամբողջովին նոր Սահմանադրության մշակման նախաձեռնության»։
Փաստորեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումում արձանագրում է, որ ծրագիրը, որով նրանք իշխանության եկել, եղել է այն, ինչ այսօր իրականացնում են։ Դա նոր չէ։ Իրենք հենց այդ ծրագրով են եկել ու իրականացնում են։ Բավականին ուշագրավ է, որ նա նշում է, որ իրենք ծրագրի իրագործման ճանապարհին են․ «Քննարկվում են իրավական մեխանիզմները, որոնց հիման վրա պետք է կատարվեն փոփոխությունները։ Հանձնաժողովի աշխատանքների ավարտը նախատեսվում է 2026 թվականին, որը համընկնում է նաև Հայաստանի հաջորդ խորհրդարանական ընտրությունների տարում»։ Իրեն թվում է, թե ինքն արդեն դիվանագետ է դարձել և կարող է թաքնվել բառախաղերի հետևում։ Հասկացնել թշնամուն, որ արագացնել պետք չէ՝ մեզ պահեք մինչև 2026- ի ընտրությունները, որ կատարենք ձեր սրտի փափագը։ Մնում է բարձրաձայնել հայոց ընդհանրական ձայնը՝ ո՞վ ես դու, ո՞վ եք դուք, ի՞նչ կապ ունեք Հայաստանի ու հայ ժողովրդի հետ։ Դուք Հայաստանի ձայնը չեք։ Արարատ Միրզոյանը ներկայացնում է ընդամենը 2018-ին իշխանության բերված իրենց խմբակի ձայնը։
Կարծիքներ