Թեժ քննարկում՝ մանկաբուժությանը հատկացվող գումարների թեմայով 

Թեժ քննարկում՝ մանկաբուժությանը հատկացվող գումարների թեմայով 

Առողջապահության նախարարությունում այս պահին մանկաբուժությանը հատկացվող պետական գումարների թեմայով քննարկում է, որն ասում են՝ թեժ է անցնում։

Նախարարությունն ասում է՝ ընդամենը մանկաբուժությանն ուղղվող գումարների հոսքերն են ուղղորդում, որ ավելի օպտիմալ լինի, ոլորտի ներկայացուցիչների կարծիքով էլ՝ դրա հետևանքով գումարները պակասելու են, և երեխաներին նորմալ չեն կարողանալու հիվանդանոցում պահել և բուժել։ Առողջապահության նախարարությունից վստահեցնում են՝ այս փոփոխությամբ լուրջ բարեփոխումներ են իրականացնելու, որից հետո երեխաներն այլևս «անհարկի երկար չեն մնալու» հիվանդանոցներում, և որ դա հենց երեխաների առողջության շահերից է բխում։

Քննարկմանը նաև «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար, մանկաբույժ Արա Բաբլոյանն է մասնակցում, ասում են՝ նա էլ է դեմ այս փոփոխությանը և, հիմա բժիշկները պայքարում են, որ ֆինանսական հոսքերը ճիշտ ուղղորդվեն։ Այսօր՝ մինչ քննարկումը, մենք զրուցել էինք այս թեմայով Արա Բաբլոյանի հետ, նա ասաց, որ ինքը քննարկումների մեջ է, քանի դեռ չեն ավարտվել քննարկումները, ինքը չի կարող մեկնաբանել։

«Պա՞րզ չէ, որ ես պայքարում եմ երեխաների առողջության համար, որ լավ պայմանները պահպանվեն»,-ասաց նա։