Արծվաշենը՝ խայծ

Արծվաշենը՝ խայծ

Իշխանության կողմից միակողմանի զիջումներն ու հանրության լռությունը խոսում է այն մասին, որ մեր ժողովուրդը դեռ դուրս չի եկել 44- օրյա պատերազմի պարտվողական հոգեբանությունից։ Համատարած, ազգային պարտվողական հոգեբանության մեջ  այս իշխանությունը մխրճեց ժողովրդին և մի կողմ քաշվեց՝ պարտվողական հոգեբանության բոլոր ծանր հետևանքներով։ Իշխանություն ասելով նկատի ունեմ մեկ անձի իշխանությանը։  Եվ ինչպես կորոնավիրուսի ժամանակ, երբ ասաց, որ կարելի է դրանից «օգուտ քաղել» ու արեց, նույն կերպ վարվեց նաև, երբ խայտառակ պարտությունից, կապիտուլյացիայից հետո ժողովրդին որպես սփոփանք թողեց անընդհատ զիջումներով իբր խաղաղություն պահելը։ Պարտվողական հոգեբանությունը սեփական ուժերին չհավատացող ժողովրդի հոգեբանություն է, որն արտահայտվում է ողջ օրգանիզմի իմուն համակարգի թուլացմամբ։

Ընկճված, կորցրած, հուսահատված ժողովրդին հեշտ էր տանել այն ուղղությամբ, ինչ ուղությամբ տարավ այս իշխանությունը։ Արցախի հանձնում, կորուստ, հայաթափում, Հայաստանի մարտական դիրքերի հանձնում, զորքի հետքաշում, տարածքների հանձնում․․․ Լռություն։ Ի՞նչ կարող է խոսել պարտված մարդը, երբ որդուն, տունը ձեռքից առել, առանց շորերի դրսում են թողել։ Դա ազգային ողբերգություն, արհավիրք էր, իսկ իշխանության համար պարտությունը որպես սեփական գոյության երկարաձգում՝ ի հաշիվ ժողովրդի տառապանքների, թուլացման ու ոչնչացման։ Հիմա խոսում է Հայաստանի ութ գյուղերի հանձնման մասին։ Այո՛, այո՛, կարող է խոսել ոչ միայն  ութ գյուղերի, այլ ՀՀ մարզերի հանձնման մասին, ոչ մեկը ձայն չի հանի։ Պարտվողական հոգեբանությունն այնքան է խորացել, որ ազգը կարող է համակերպվել ամեն ինչի հետ, միայն թե մի ներքնակ դնելու տեղ տան։ Իսկ դրա համար անխոնջ աշխատում է իշխանությունը։ Խոսում է Արծվաշենի մասին, բաց չի ասում, բայց հասկացնում է, որ Արծվաշենն էլ անկլավ է, և մենք էլ դա կվերցնենք։ Չխոսեմ այն մասին, որ մեր ութ գյուղերի հանձնումը Ադրբեջանի հեռահար ծրագիրն է՝ դրա միջոցով ՀՀ ռազմավարական կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողություն սահմանել և մեր երկրի կենսունակությունն աստիճանաբար շարքից հանելը, որին կհետևի Հայաստանը Արցախի շրջափակման կարգավիճակին հասցնելը։ Խոսեմ ավելի պարզ, տեսանելի թեմայից։

Ադրբեջանը Արծվաշենը հանձնելու՞ է։ Թե՞ Արծվաշենի թակարդում մեր իշխանության կողմից  խայծ է դրվել՝ պարտության տարած մարդկանց կերակրելու ու որսալու համար։ Ադրբեջանը Արծվաշենը հանձնելուց առաջ ՀՀ սուվերեն տարածքում դեռ շատ բան ունի հանձնելու։ Երբ ասում է Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է, Ադրբեջանի կողմից օկուպացված մյուս տարածքների մասին չի՞ մտածում։ Նրանք ՀՀ ինքնիշխան տարածք չե՞ն․․․Ադրբեջանը, որ մխրճվել է Սյունիքի, Ջերմուկի, Գեղարքունիկի սիրտը ու խողխողելու է հետո, պատրա՞ստ է մեր օկուպացված տարածքները հանձնել։ Օկուպացվածը իմ բառը չէ, իշխանության առաջին դեմքի օգտագործած բառն է։ Նա էր ասում՝ Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքի այսքան հատված։ Թիվ չեմ նշում, որովհետև հայտարարած թվերին չեմ հավատում։ Մեր տարածքը չհանձնողը, մեր տարածքում խորացողը Արծվաշեն կհանձնի՞․․․ Այլ թեմա է, որ Արծվաշեն խայծի դիմաց ողջ Հայաստանն է վտանգի տակ դրվում։