Նախագահին արգելել են լքել երկիրը. կալանք է սպառնում

Նախագահին արգելել են լքել երկիրը. կալանք է սպառնում

Կորեայի Հանրապետության արդարադատության նախարարությունը նախագահ Յուն Սոկ Յոլին արգելել է դուրս գալ երկրից: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Տոնա իլբո» թերթին։

«Նախագահ Յուն Սոկ Յիգի նկատմամբ ելքի արգելք է գործում դեկտեմբերի 9-ից` ժամը 15:30-ից»,- պարբերականին հայտնել է միգրացիոն հարցերը վերահսկող գերատեսչության աշխատակիցը:

Արգելքն առաջին անգամ է կիրառվում գործող նախագահի նկատմամբ։ Ավելի վաղ Բարձրաստիճան ծառայողների նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննությունների վարչության ղեկավարը հայտարարել էր, որ հրահանգել է Յուն Սոկ Յոլի դեմ երկրից դուրս գալու արգելք սահմանելու պահանջ ներկայացնել: Յուն Սոկ Յոլի գործողությունների հետ կապված հետաքննություն է անցկացվում խռովության կասկածով։

Հարավային Կորեայի օրենսդրությունը թույլ է տալիս գործող նախագահի դեմ քրեական հետապնդումը խռովության և պետական դավաճանության մեղադրանքներով:

Հիշեցնենք` դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլը խորհրդարանական ընդդիմության գործողությունների պատճառով «հյուսիսկորեամետ տարրերի» դեմ պայքարելու նպատակով ռազմական դրություն սահմանեց, որը չեղարկվեց մոտ վեց ժամ անց: Ընդդիմությունը դեկտեմբերի 4-ին խորհրդարանում իմպիչմենտի գործընթաց էր նախաձեռնել՝ համարելով, որ նախագահը խախտել է սահմանադրությունը, քանի որ ռազմական դրության համար հիմքեր չեն եղել:

Դեկտեմբերի 7-ին Կորեայի Հանրապետության խորհրդարանում կայացավ նախագահի իմպիչմենտի վերաբերյալ քվեարկությունը: Իմփիչմենտ չհայտարարվեց, քանի որ իշխող կուսակցությունը բոյկոտեց քվեարկությունը։ Դրանից առաջ Յուն Սոկ Յոլը ներողություն էր խնդրել համաքաղաքացիներից և հայտարարել, որ պետական գործերը, ներառյալ իր լիազորությունների ժամկետի հարցը, վստահում է իշխող կուսակցությանն ու կառավարությանը: