Եթե սոցիալական աղետի առաջ չենք կանգնել, այս կառավարության շնորհքը չէ, այլ՝ մեր ազգի
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախկին սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանը հաշվարկել է, որ 2023 թվականի դրությամբ` 2019 թվականի համեմատ, Սյունիքի բնակչությունը նվազել է 15%-ով, Գեղարքունիքի բնակչությունը՝ 6%-ով, Տավուշինը՝ 4%-ով։ «Ընդհանուր՝ ավելի քան 40 հազար մարդ»,- գրել է նախկին նախարարն իր ՖԲ էջում։
Այս մարզերն է դիտարկել, քանի որ դրանցում առկա են վտանգ, անվտանգային մտահոգություն՝ մեկնաբանում է նա «Հրապարակի» համար։ «Հայաստանի բնակչության փոփոխության մասով լուրջ խնդիրներ առնվազն այս պահին առկա չեն, բայց կա լոկալ, ներքին արտագաղթ, երբ մարզերից միգրացիա է տեղի ունենում դեպի մայրաքաղաք, ինչը խիստ մտահոգիչ է, հետեւաբար, առավել եւս հեռավոր մարզերի բնակչության նվազումը խոր մտածելու տեղիք պետք է տա իշխանություններին։ Բայց նրանց քայլերը Տավուշում կամ Սյունիքում հեծանիվ քշելը կլինի։ Դրանից ավելին` այդ մարզերի համար, չեմ ակնկալում»,- ասում է Մեսրոպ Առաքելյանը։ Նրան մի քանի հարց ուղղեցինք արտագաղթի մշտապես ակտուալ թեմայի շուրջ։
- Դուք նկատե՞լ եք, որ ռուսները եւս հեռանում են Հայաստանից, եւ ինչի՞ հետ է սա կապված։
- Նման վիճակագրություն հանդիպել եմ հենց Ռուսաստանի կողմից հրապարակված, թե ՌԴ քաղաքացիները հիմնականում որ երկիր են մեկնել։ Սկզբնական շրջանում Հայաստանում մոտ 100 հազարից ավելի ՌԴ քաղաքացիներ կային, հիմա 50 հազարը չի անցնում։ 2 պատճառ կա․ մեկը՝ որ շատ հաճախ պատերազմներն են մարդկանց դրդում արտագաղթել, բայց մի մասը կրկին վերադառնում է՝ հարմարվելով նոր իրականությանը։ Մյուս գործոնը, որը նաեւ հարցումներն են ցույց տալիս, ավելի հարմար է թեկուզ ժամանակավոր ապրել այն երկրներում, որտեղ բնակվարձերը, առօրյա սննդի, կենցաղային ծախսերը քիչ են։ Նաեւ նկատվում է բիզնեսի պայմանների հետ կապված արտագաղթ։ Վրաստանում, Արաբական Էմիրություններում, Թուրքիայում ավելի հեշտ է բիզնես վարելը, քան Հայաստանում։ Սա մի լավ առիթ է` հասկանալու համար, թե մենք արդյոք մրցունա՞կ երկիր ենք օտարերկրացիների բնակվելու համար, եւ Հայաստանն արդյոք ունի՞ առավելություններ։ Եվ հիմա տեսնում ենք, որ այս մրցակցությանը մենք չենք դիմանում։ Նույն՝ հարեւան Վրաստանը, տարածաշրջանի այլ երկրներ հնարավորություն ունեն ավելի լավ պայմաններով օտարերկրացիների ներգաղթ ապահովել։ Էական աշխատանքներ պետք է արվեն ոչ միայն պետական, այլեւ մասնավոր մակարդակում։ Ռուսների համար հայկական միջավայրը երբեք խորթ չի եղել, եւ դա օգտագործելով՝ մենք պետք է փորձեինք ավելի լավ պայմաններ առաջադրել, առավել եւս, որ մենք ՌԴ-ի հետ ԵԱՏՄ անդամ ենք, ու գնալ-գալը, իրերի ու ապրանքների տեղափոխությունը Ռուսաստան շատ ավելի պարզ եւ ազատ է, քան ռուսների համար` ԵԱՏՄ-ից դուրս երկրներ։
- Արցախցիների արտագաղթի մասին ի՞նչ կասեք՝ մե՞ծ է, Ձեր տպավորությամբ։ Չունե՞ք զգացողություն, որ իշխանությունը նրանց արտագաղթի է դրդում։
- Արցախը հանձնելուց հետո գործող իշխանությունն արցախցիներին իրենց հայրենիքում օտարի պես է վերաբերվում։ Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ այս իշխանության պատճառով, ուղղակի պետք է գետինը մտնեին եւ օր առաջ լավագույն պայմաններն առաջարկեին արցախցիներին, բայց, ցավոք, արդեն մեկ տարին է լրանում, որ մեր հարյուր հազարավոր հայրենակիցները բռնի տեղահանվածի կարգավիճակում Հայաստանում են, եւ պետք է ասել՝ փառք ու պատիվ մեր մնացած հայրենակիցներին։ Այն, որ մասսայական խնդիրների ու սոցիալական աղետի առաջ չենք կանգնել, դա այս կառավարության շնորհքը չէ, այլ՝ մեր ազգին հատուկ բնավորության, ընկերների, բարեկամների, որոնց շնորհիվ այդ 100 հազար արցախցիներն իրենց ապահովությունը ստացան։ Ամոթալի է, որ էս մեկ տարում բնակապահովության խայտառակ ծրագիրը չի իրագործվում։ Ընդամենը 2 հազարից քիչ քաղաքացիներ են այդ ծրագրի մասնակիցը դարձել։ Հնարավոր է՝ ավելի քիչ։ Եվ, հետեւաբար, օտարության զգացումն իշխանության վարած քաղաքականությունից է, ոչ թե երկրից կամ մարդկանցից։ Պաշտոնական տվյալներով՝ արտագաղթն արցախցիների շրջանում մոտ 10 հազարի կարգի է եղել, ինչը 120 հազարի պարագայում, մտահոգիչ թիվ է։ Իհարկե, իշխանությունների հետ հույս կապելն անմտություն է, բայց արցախցիների արտագաղթը կանգնեցնելու միակ միջոցը կացարանով ապահովելն է, որ արցախցին իմանա, որ այստեղ ունի իր տունը, իր կենցաղը, իր ապագան կառուցելու հնարավորություններ։
- Կենսաթոշակի տարիքի արցախցիների փաստաթղթերը մնացել են Արցախում, հիմա նրանք չեն կարողանում կենսաթոշակը ձեւակերպել։ Ինչպե՞ս լուծել այդ հարցը, ի՞նչ պետք է անեն, որ չեն անում ՀՀ պաշտոնյաները։
- 2021-ին, երբ ես աշխատում էի, եւ Մանե Թանդիլյանն Արցախի սոցապնախարարն էր, մենք կառավարության անունից 2 հանրապետությունների միջեւ հուշագիր ստորագրեցինք, որով ՀՀ-ն կենսաթոշակի մասով արցախցիների կենսաթոշակի երաշխավորն էր եւ ՀՀ-ն պարտավոր է, ըստ այդ փաստաթղթի, ապահովել արցախցիներին այնպիսի սոցիալական պայմաններ, լուծումներ, որոնցից ՀՀ քաղաքացիներն են օգտվում։ Երբ քաղաքացին չի կարողանում ստանալ ինչ-որ փաստաթղթեր, ինֆորմացիա, որը պետք է ստանա պետական կառույցից, սա քաղաքացու խնդիրը չէ։ Այդ նույն խնդիրը կարող էր ծագել Հայաստանում։ Հետեւապես, պետական ծառայությունները չպետք է քաղաքացուն որեւէ պետական ծառայության ստացումը մերժեն, եթե նա չի բերում ինֆորմացիա։ Այդ ինֆորմացիան պետք է պետությունը հայթայթի, առավել եւս՝ կենսաթոշակի մասով։ Պետությունը պետք է արագ լուծի այս հարցը, փակի այն էջը, եթե փաստաթղթերի հետ խնդիրներ կան։ Չեմ կարծում, որ եթե նույնիսկ ինչ-որ սխալներ եղած լինեն, դրանից կառավարությունը մեծ ֆինանսական խնդիր ունենա։ Ամիսը մի քանի հազար դրամն այն գինը չէ, որի համար արցախցիներին, որոնք կորցրել են ամեն ինչ ու հիմա իրենց ծերության վերջին տարիները պետք է Հայաստանում անցկացնեն, շարունակենք տանջել։
Կարծիքներ