«Յաշման» պայթեց. սպասե՞նք կարմիր բերետավորների

«Յաշման» պայթեց. սպասե՞նք կարմիր բերետավորների

Հակառակորդի խուճապն ակնհայտ է: Այնքան, որ սովորաբար քչախոս եւ գաղտնապահ՝ ադրբեջանական մամուլը մեկը մյուսին հաջորդող խոստովանություններ է անում: Ընդ որում՝ թուրք ռազմական փորձագետների միջոցով: Նրանցից մեկը, մասնավորապես, կարծիք է հայտնել, որ Թուրքիան կարող է Գլխավոր շտաբի հատուկ նշանակության «կարմիր բերետավորներ» գործուղել Ադրբեջան, որպեսզի նրանք ադրբեջանական կողմին վարժեցնեն այն ամենին, ինչին տիրապետում են: 

Տեղեկատվությանը կից ծանուցումն ասում է, որ Թուրքիայի ԶՈՒ ԳՇ «կարմիր բերետավորները,, կազմավորվել են 1952թ.-ին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն զուգահեռ: Համարվում է, որ «կարմիր բերետավորները» թուրքական զինված ուժերի ամենաէլիտար կազմավորումն է, որն առաջին մկրտությունն ստացել է Կիպրոսում՝ 1974 թվականին: Վերջին տարիներին «կարմիր բերետավորները» գործել են հիմնականում Սիրիայում: Կազմավորումն աչքի է ընկել նաեւ քրդական դիմադրության պարագլուխների չեզոքացման գործողություններում: Խոսքը փաստացի դիվերսիոն կազմավորման մասին է, որը կարող է հայտնվել Ադրբեջանում եւ գործել Արցախի ու Հայաստանի սահմանների ուղղությամբ:

Թուրք փորձագետը փաստացի խոստովանում է, որ Թուրքիայի օգնությամբ կազմավորված՝ ադրբեջանական բանակի «Յաշմա» հատուկ նշանակության զորամասն իրեն չի արդարացրել ոչ ապրիլյան քառօրյայում, ոչ էլ տավուշյան մարտերում: «Յաշմայի» մասին տարիներ ի վեր ջանադրաբար հյուսված առասպելը պայթել է: Ադրբեջանը նոր հատուկ նշանակության կազմավորման կարիք ունի, եւ Թուրքիան պատրաստակամ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: Բացառված չէ, որ տեղում ադրբեջանցիներին վարժեցնելու փոխարեն թուրք «կարմիր բերետավորներ» կտեղափոխվեն Ադրբեջան: