Բահրեյնում եւ Օմանում ՀՀ կառավարության որոշման առիթով այսօր մեծ խրախճանք կլինի

Այսօր կառավարության նիստում մի աշխարհացունց, մեր տնտեսությանը վագրային թռիչք ապահովող որոշում է կայացվել` Նիկոլ Փաշինյանի կաբինետը որոշել է, որ Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիները կարող են Հայաստան գալ առանց վիզայի: Ոչ միայն առանց վիզայի կարող են գալ, այլեւ Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարվա մեջ 180 օր մնալ: Այս դարակազմիկ իրադարձությունը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անչափ կարեւորել է եւ «ընդգծել, որ այն կնպաստի զբոսաշրջային հոսքերի ակտիվացմանը, ինչպես նաև երկրում ներդրումային հնարավորությունների խթանմանը»:
Մենք պատկերացնում ենք, թե Բահրեյնում, Սաուդիան Արաբիայում եւ Օմանում ինչ ցնծություն է հիմա տիրում` ինչ տոնախմբություններ են կազմակերպում այս երկրների քաղաքացիները, որ 180 օր կարող են առանց վիզայի ապրել Հայաստանի նման դրախտավայրում:
Մինչ հայ հանրությունը սպասում է, որ ՀՀ կառավարությունը փորձելու է տարբեր երկրների հետ առանց վիզայի ռեժիմ հաստատել եւ ՀՀ քաղաքացիների համար այդ ստորացուցիչ` վիզա ստանալու գործընթացը գոնե հեշտացնել, չենք ասում` վերացնել, ՀՀ կառավարությունը մտահոգված է այլ երկրների, հատկապես` արաբական, քաղաքացիների կյանքը հեշտացնելով: Թեեւ չենք կարծում, թե որեւէ մեկը Բահրեյնից ուզում էր Հայաստան գալ եւ նրան վիզա ստանալու հանգամանքն էր խանգարում: Կամ` ուզում էին Սաուդյան Արաբիայից Հայաստանում ներդրումներ անել` վիզան ստանալը դժվար էր, դրա համար չէին անում:
Այս «կապիկությունները», իրականում, մեր հասարակության մոտ աշխատելու տպավորություն ստեղծելու համար են: Հազար ու մի չլուծված խնդիր ունեցող երկրում Բահրեյնի ու Օմանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը հեշտացնելը որպես աշխատանք ներկայացնելու, դա կառավարության նիստում թմբկահարելու եւ հանրությանը ցուցադրելու այս խղճուկ քայլերը շատ ավելի նման են նրան, որ այս կառավարությունն ուղղակի ծաղրում է իր ժողովրդին: Կամ էլ պարապ է մնացել եւ այլեւս ոչինչ չի որոշում, մնացել է արաբական երկրների մի 10-20 քաղաքացու համար Հայաստան գալը հեշտացնելը, որից ոչ ոք կամ չի օգտվելու, կամ դա զրոյական էֆեկտ է ունենալու:
Կարծիքներ