Մենք ենք, Անգլիան ու Շվեդիան

Մենք ենք, Անգլիան ու Շվեդիան

Եվ այսպես, կորոնավիրուսի 160 հաստատված դեպք և շուրջ 600 մեկուսացված անձ։ Այսօր Արսեն Թորոսյանը հայտնեց, որ բոլորն էլ հասկանում են, որ միջոցներն անսահմանափակ չեն։ «Այդ ռեզերվը մոտենում է ավարտին և մենք պետք է մեր կանխարգելիչ գործողությունները պայմանավորենք ինքնամեկուսացումով, որի մասով հիմա էլ են արվել գործողություններ, բայց փորձը ցույց է տալիս, որ մեր քաղաքացիները միշտ չէ, որ հասկանալով ու գիտակցելով այդ վտանգը՝ հետամուտ են եղել այդ ռեժիմի պահպանմանը, ինչը անհրաժեշտ է հենց իրենց։ Եվ նաև դրանով է պայմանավորված, որ ԱԺ-ն այսօր արտահերթ քննարկեց մի օրինագիծ, որ պատասխանատվություն կսահմանվի այդ ռեժիմի խախտման համար»։ Վարչականից մինչև քրեական պատասխանատվություն, եթե առաջացրել է ծանր հետևանքներ։

Սա արդեն նախապատրաստվել էր ԱՆ նախարարի նախավերջին ասուլիսին, երբ Թորոսյանը շատ հպանցիկ նկատեց, որ ողջ աշխարհը գնում է դեպի ինքնամեկուսացում և ոչ կարանտին։ Հիմա ստացվում է, որ մարդիկ անգամ ջերմություն, հազ ունենալու դեպքում պետք է նստեն տանը, ինքնամեկուսացվեն, և միայն կորոնավիրուսի հիմնավոր կասկածների դեպքում, եթե մարդը շփվել է հաստատված կորոնավիրուս ունեցած անձի հետ կամ այցելել է ռիսկի գոտի (հետաքրքիր է, թե ո՞րն է այդ գոտին, որովհետև նախկինում ասում էին, որ այդ գոտին Իտալիան է, Իրանը, հիմա Հայաստանում միայն 160 հաստատված հիվանդ կա, արդյո՞ք ՀՀ տարածքը այդ գոտին չէ՞) Արսեն Թորոսյանի խոսքով՝ զանգել ԱՆ «Թեժ գիծ»։

Զանգահարեցինք ԱՆ «Թեժ գիծ»՝ պարզելու, թե ինչպես է վարվում նախարարոթյունը այն դեպքերում, երբ քաղաքացին կասկածում է իր մոտ կորոնավիրուսի առկայություն։ Սա որքանով, ի դեպ, փոքրիկ հետաքննություն էր, այնքան էլ ճշմարտություն, քանի որ ունեի 37 աստիճան ջերմություն, կոկորդի ցավ ու մեկ-մեկ էլ չոր հազում էի։

Ի դեպ, այս օրերին նման շատ ախտանիշներ ունեն բազում անձինք, որոնք նույն հոգեբանական վիճակում են գտնվում։ Նախարարությունից հայտնեցին, որ գնամ իմ տեղամասային պոլիկլինիկա։ Իսկ եթե այնտեղ բազմամարդ լինի՞։ Պահպանեմ որոշակի սոցիալական հեռավորություն, ու հետո երբ թերապևտը ցուցի, նոր կորոնավիրուսի թեսթ կանցկացվի։ Այս մոտեցումը, ինչպես հետևելով միջազգային լրահոսին, վերցված է մի շարք արևմտյան երկրներում հաստատված պրակտիկայից։ Մեծ Բրիտանիայում, օրինակ, այս օրերին հանրային առողջապահական կազմակերպիչները բարձրաձայնում էին այն մարտավարության մասին, որ պետության ռեսուրսները չկենտրոնանան վարակի տարածման դեմ կանխարգելման քայլերի վրա, այլ կենտրոնան ծանր դեպքերում ռեանիմացիայի վրա, իսկ մնացած բնակչության մոտ վարակը թեթև ու անսիմպտոմ կանցկացվի։

Ավելին՝ մարդկանց օրգանիզմներում իմունիտետ կգոյանա այս վիրուսի նկատմամբ։ Նմանատիպ մոտեցումներ կան նաև Շվեդիայում, որտեղ առհասարակ, հայտարարել են, որ այս հիվանդությունը վտանգավոր չէ։ Այս երկիրը չի փակել իր սահմանները, շարունակում են աշխատել բոլոր կրթական հաստատությունները, սրճարաններն ու ռեստորանները։ Այս մոտեցման մեջ կա ռացիոնալ հատիկ, թեև Միացյալ Թագավորությունում անգամ նման առաջարկներ հնչեցնողներին մահացու քննադատության ենթարկեցին։ Բայս սա որտե՞ղ է առաջարկվում, Մեծ Բրիտանիայում ու Շվեդիայում, որտեղ հեռավոր 2008-ին առողջապահական ծախսերը կազմում էին երկրի ՀՆԱ-ի 8, 8 տոկոսը կամ մինչև 125 միլիարդ ֆունտ ստերլինգ։ Շվեդիայում էլ առողջապահական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 8,4 տոկոսը։Հայաստանում այս թիվը վերջին տասը տարիներին միջինը տատանվել է 1․24 տոկոսի սահմաններում։ Օրինակ՝ 2012-2014թթ. ՄԺԾԾ համաձայն՝ 2014թ. պետական առողջապահական ծախսերն նվազել էին մինչև ՀՆԱ 1.22%-ը։

Մի խոսքով, համեմատությունը նույնն է, ինչ շվեդ քաղաքացու ու ՀՀ քաղաքացու կենսակերպը։ Եվ հիմա, փաստացի, մերոնք մտածում են այս ճանապարհով գնալ՝ մեզ համեմատելով Շվեդիայի ու Անգլիայի հետ։ Ինչպես հայտնի խոսքում՝ մենք ենք, Անգլիան ու Ավստրիան։ Բայց մենք ունե՞նք նրանց առողջապահությունը։ Հարցն ուղղում ենք առողջապահական կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանին։

Նա ասում է, որ կորոնավիրուսի դեմ հաղթանակ տանելու միակ գրավականը հենց մեր ունեցած բժշկությունն է։«Ունենք հիանալի բժիշկներ, ովքեր հիանալի կարող են տիրապետել»։ Իհարկե, այս պատասխանը սպասելի էր անգամ Արսեն Թորոսյանին կոշտ քննաատող Գրիգորյանից, քանի որ այստեղ խոսքը նախ և առաջ մասնագիտական էթիկայի մասին է։ Նաև նշեմ, որ հարցը բժիշկների պրոֆեսիոնալիզմին չէր վերաբերում, այլ գումարներին, ռեսուրսներին, ռեանիմացիայի սարքավորումների բավարար չափի առկայությանը։ Հիմա հարց՝ եթե ինչ-որ մեկը գերադասում է չգնալ պոլիկլինիկա, ունի ախտանիշներ, բայց թեթև, այսպես շարունակում է ինքնամեկուսանալ՝ գերադասելով մի ավելորդ անգամ իրեն չվտանգել ու չգնալ պոլիկլինկա՝ տուն վարակ չտանելու համար, մեկ էլ հանկարծ կտրուկ վատանում է, ո՞վ է դրա համար պատասխան տալու։

Իսկ այս հարցը Գևորգ Գրիգորյանը առաջարկում է ուղղել Արսեն Թորոսյանին։

Ավելացրեց․ «Կարծում եմ՝ հարցի հասցեատերը ես չեմ, ժողովուրդը պետք է դիմի ԱՆ-ին, հիշեցնեմ, որ առողջապահության նախարարը ժողովրդի սրտի նախարարն է, և հիշեցնեմ, որ մեր կառավարությունը երկրում վայելում է 70 տոկոսանոց լեգիտիմություն և խնդրում եմ՝ դժգոհութուններն ուղղել ոչ թե անհատ փորձագետներին կամ հասարակական սեկտորին, այլ հենց կառավարությանը, գործադիր իշխանությանը և ստանալ ակնկալվող հարցերի պատասխանն՝ այդ կենտրոններից։ Ես իրավասու չեմ պատասխանել, թե ով է պատասխան տալու, եթե մարդը մնա տանն ու վատանա»։