Փողապտույտի մեխանիկա
Օրինավոր իշխանությունը ձեւավորվում է Սահմանադրությամբ հաստատագրված կարգով՝ բացառելով մենատիրական (ավտորիտար), ամբողջատիրական (տոտալիտար) վարչակարգերի ի հայտ գալը: Զինված հեղափոխություններն արյամբ են իրականացվում: Հետո՝ հեղափոխությունը խժռում է իր զավակներին: Այդպես էր ֆրանսիական հեղափոխության ժամանակ, ամենացայտունը 1917-ի ռուսական հեղափոխությունն էր: Ըստ այդմ էլ մեզ մոտ 2018-ին կատարվածը ոչ թե հեղափոխություն էր՝ թեկուզ ոչ բռնի, թավշյա, այլ՝ իշխանափոխություն, եթե հեղափոխություն եղած լիներ, պետք է վաղուց խժռած լիներ իրեն ծնողներին: Իսկ 1998-ին կատարվածը հեղաշրջում էր, եւ սրանք տարբեր բաներ են:
Հեղաշրջումների եւ հեղափոխությունների արդյունքում, ցավոք, պետական մտածելակերպը խեղաթյուրվում է: Օրինակ. ճարտարապետաքաղաքաշինական միտքն այսօր ամլացել է, որպես հոգեբանություն՝ դարձել է բացարձակ բիզնես-մտածելակերպ, հետեւանքը քաղաքաշինական քաոսն է: Երեւանի անզուսպ ընդարձակումը դրա վառ ապացույցն է: Իշխանությունները նույնիսկ հպարտանում են, որ շինարարությունն ամենագլխավոր ու կարեւոր բիզնեսն է հանրապետությունում: Երեւի այդպես էլ կա, քանզի ով փող ունի (կարեւոր չէ՝ ճարտարապետությունից, քաղաքաշինությունից մի բան հասկանում է, գլխավոր հատակագծից տեղյակ է, թե՝ ոչ), բնակելի շենք (թաղամաս) է կառուցում, որովհետեւ այսօր դա շատ մեծ եկամտի աղբյուր է: Վաղուց իշխանական (ոչ պետական) մոտեցումը, ասել է թե՝ կապիտալաշինությունը, փողաշինությունը… նույն շինարարական բիզնեսն է, եւ դա արվում է ճարտարապետաքաղաքաշինական մշակույթի ամլացման հաշվին:
Մեծահարուստ ներդրող-կառուցապատողի համար ձեռնտու չէ Երեւանից դուրս շենք կառուցելը: Նա Երեւանում կառուցում եւ կառուցապատում է այնտեղ, որտեղ իր շահը երաշխավորված է: Հետո, իր իսկ ուզած հարկայնությամբ եւ ճաշակով նորակառույցը հավելագրվում է գլխավոր հատակագծում՝ որպես անձեռնմխելի «նորույթ»: Սա գործող իշխանության հոգեբանությունն է:
Մշակութային ըմբռնումով պետական մտածելակերպը 1998-ի հեղաշրջումից հետո սկսեց մարել եւ այսօր արդեն զրո է, իսկ բիզնես ըմբռնումով մտածելակերպը դարձել է բացարձակ գերիշխող: Նորակառույցի վրա ծախսված գումարի շրջապտույտը տարբեր արձանագրություններով եւ գրպաններով «օրինականացվում» է: Արդեն բանը բանից անցել է: Մեզ մոտ, ընդհանուր առմամբ, մշակույթն անտեսված է՝ ճարտարապետություն, քաղաքաշինություն, նկարչություն, երաժշտություն… Դրա վառ դրսեւորումներն են ստեղծագործական միությունների շենքերի առգրավումը, Կասկադի շինարարությունն ավարտին հասցնելու չհիմնավորված փորձերը, Կոնդ, Ֆիրդուսի թաղամասերի գերխիտ կառուցապատման նախագծերը, ժամանակավրեպ (անախրոնիզմ) «ակադեմիական քաղաքի» հայեցակարգ-նախագիծը…
Հավելենք, որ Երեւանում ներկայիս քաղաքաշինական պայթյունավտանգ զարգացումները բերում են այն համոզման, որ Երեւանի գլխավոր հատակագիծն ավելորդություն է: Ողբամ զքեզ, հայոց մայրաքաղաք:
Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ
Կարծիքներ