Բերանս կապար լցրեք, որ սատկեմ․ ցմահ դատեք ինձ․ Չալաբյանը՝ Մնացական Մարտիրոսյանին

Բերանս կապար լցրեք, որ սատկեմ․ ցմահ դատեք ինձ․ Չալաբյանը՝ Մնացական Մարտիրոսյանին

Դուք այստեղ որոշումներ եք ընդունում՝ համարելով, որ ձեր համար իրականում ոչ մի օրենք էլ չկա։ Դուք որոշումներ եք ընդունում՝ հաշվի չառնելով քրեադատավարական օրենսգիրքը։ Այս մասին քիչ առաջ Ավետիք Չալաբյանի գործով շարունակվող դատական նիստին դիմելով նախագահող Մնացական Մարտիրոսյանին ասաց Ավետիք Չալաբյանը, որը ժամեռ առաջ դատավորի որոշմամբ կրկին կալանավորվեց՝ այս անգամ երեք ամսով։ Հիշեցնենք նաև, որ Մնացական Մարտիրոսյանը Չալաբյանին կալանավորելու որոշում կայացրեց անգամ այն պարագայում, որ մեղադրող դատախազը Չալաբյանին գրավով ազատ արձակելու միջնորդությամբ հանդես եկավ։

«Դուք հստակ այսօր եկել էիք այս դատարան, դատական նիստերի այս դահլիճ, որ ինձ նորից կալանավորեք, սա հստակ է։ Ոչ հանրային մեղադրողի կարծիքը, ոչ մեր փաստարկները փաստորեն ձեր համար ոչ մի արժեք չունեն, ոնց որ արժեք չունի ձեզ համար օրենքը։ Հիմա ես հարց եմ տալիս՝ իսկ ինչը ձեզ համար արժեք ունի առհասարակ։ Ձեր ու այն մարդկանց համար, որոնք ձեզ հրահանգավորում են որոշումներից առաջ, ինչը արժեք ունի։ Դուք որ գնում եք տուն քնելու, ինչն է ձեզ մոտիվացնում։ Ինչի եք շրջանցում օրենքը, ինչի եք գիտակցված շրջանցում օրենքը, ինչն է ձեզ ստիպում դա անել։ Էսօր ինձ բոլորը ասում էին, թե չես կալանավորվելու, որովհետև ոչ մի հիմք չկա, իսկ ես անգամ կնոջս տանից դուրս գալուց ասացի, որ Մնացական Մարտիրոսյանը ինձ կալանավորելու է այսօր։ Ցմահ դատեք ինձ, 3 ամիսը ի՞նչ է, 3 ամիսը քիչ է,  բերանս էլ կապար լցրեք, որ սատկեմ։ Հետո էլ կգնաք, կասեք՝ ձեր հրահանգը կատարված է»,- ասաց Չալաբյանը։