Մամիկոն Ասլանյանի դատավճռից դատախազությունն էլ է դժգոհ

Մամիկոն Ասլանյանի դատավճռից դատախազությունն էլ է դժգոհ

Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, հունվարի 29-ին հրապարակեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով մեղադրական դատավճիռը, որով նրան մեղավոր ճանաչեց պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական կեղծիքի հոդվածներով եւ որպես վերջնական պատիժ՝ նշանակեց ազատազրկումը՝ 4 տարի 4 ամիս ժամկետով, տուգանք՝ 500 հազար դրամ, եւ 3 տարով հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում։ Այսինքն, մոտ 3 տարի ազատազրկում կրած Ասլանյանը, որի նկատմամբ քաղաքական հետապնդում էր իրականացվում` ընտրություններում հաղթելու համար, դեռ 1 տարի 9 ամիս էլ պետք է նստի, եթե այս դատավճիռն ուժի մեջ մտնի: Ասլանյանը մնաց ազատության մեջ` մինչեւ վերաքննիչ ու վճռաբեկ դատարանները կքննեն գործը։ Լավատեղյակ աղբյուրը կարծում է, որ նման դաժան ու չպատճառաբանված դատավճիռը մի բացատրություն ունի` այս դատավորը հենց դատաքննության ընթացքում փոխել էր Ասլանյանի խափանման միջոց ազատազրկումը` սկզբում տնային կալանք տալով, ապա ստորագրություն չբացակայելու մասին եւ ըստ ամենայնի, այս որոշումը վրդովվեցրել է իշխանություններին: Հիմա դատավորը փորձում է սրանով իր «մեղքերը» քավել եւ ցույց տալ, որ «փող չի աշխատել» նման որոշում կայացնելիս: Ահա այսպիսի կախյալ ու նվաստացուցիչ պայմաններում են այսօր աշխատում դատավորները:

Առաջին ատյանի դատավճիռը տեւական ժամանակ դատարանը չէր ուղարկվում կողմերին, որոշ ժամանակ առաջ կողմերը ստացել են այն։ Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ որոշումը նախորդ ամիս են ստացել, վերաքննիչ բողոնը այսօր-վաղը կներկայացնեն, դեռ ժամանակ ունեն։ Պաշտպանը նաեւ նշեց՝ գործով անցնող մյուսն մեղադրյալների պաշտպանները բողոքներն արդեն ներկայացրել են Վերաքննիչ դատարան։ Վերաքննիչ բողոք է ներկայացրել նաեւ դատախազությունը, որը չգիտես ինչու համաձայն չէ առաջին ատյանի դատարանի այս խիստ որոշման հետ։

Նշենք, որ այս քրգործով անցնող մյուս ամբաստանյալը` Սուրեն Աբովյանը մեղավոր էր ճանաչվել առաջադրված մեղադրանքներում, հոդվածների մի մասով՝ ազատվել պատասխանատվությունից, մյուս մասով՝ դատապարտվել ազատազրկման և տուգանքի։ Դատարանը որպես վերջնական պատիժ էր սահմանել ազատազրկումը՝ 2 տարի ժամկետով, տուգանք՝ 400 հազար դրամի չափով, հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելուց զրկել՝ 3 տարի ժամկետով։ Ամբաստանյալ Արևհատ Հովհաննիսյանը մեղավոր էր ճանաչվել առաջադրված մեղադրանքներում, որպես պատիժ նշանակվել էր 500 հազար դրամ տուգանք։