Շատ բան եմ արել իմ երկրի համար, հիմա պարտավոր եմ կշտամբանքներ լսել

Շատ բան եմ արել իմ երկրի համար, հիմա պարտավոր եմ կշտամբանքներ լսել

Այսօր ԱԺ նախկին փոխնախագահ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը գրառում էր կատարել իր էջում, ընդամենը արձանագրելով երկու փաստ․
«Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 770-ի։ ԱՄՆ դոլարի վաճառքի ամենացածր փոխարժեքը անցավ 500 դրամի սահմանը»։
Այս երկու անվիճելի փաստի հիշատակումը ոմանց կողմից արժանացավ դառը հանդիմանությունների եւ անգամ վիրավորանքների։ Վերջին երկու տարում մեր հասարակության մեջ խիստ բազմացած դատավորներն ու դասատուները՝ զոմբիների հետ միավորված գործի անցան՝ իբրեւ թե հիշեցնելով անցյալը, հանդիմանելով, թե՝ «բա ինչի էն վախտ չէիք խոսում»՝ երբ դոլարի կուրսը հասել էր 600 դրամի եւ այլ հայտնի ու ծեծված արտահայտություններ։ Ինչին ի պատասխան Արա Սահակյանը այսպիսի գրառում կատարեց․

«2003-4թթ. դոլարի փոխարժեքը մոտեցավ 600 դրամի: Դա գիտեմ: ԿԲ-ի և կառավարության խաղն էր: Այդ տարիներին ես «Արմատ»ի խմբագիրն էի: Հարյուրավոր քննադատական հոդվածներ եմ հեղինակել, որոնք տպագրվել են «Հայկական ժամանակի» (գլխ. խմբ` Ն.Փաշինյան) շաբաթօրյա համարներում: «Ա1+»-ը փակելու, Բլեյանին հալածելու դեմ ցույցերին եմ մասնակցել: 2008-ի մարտի 1-ի գործով խուզարկել են իմ, ծնողներիս ու որդուս բնակարանները, ինձ տարել դատախազություն` հարցաքննության, ես և ուսանող որդիս պայքարել ենք կալանավորվածների ազատության համար, հեռուստատեսությամբ ելույթներիցս հետո փողոց չէի կարողանում դուրս գալ, Հյուսիսային պողոտայում ծափերով էին ինձ ընդունում, հինգ տարի պատվով Հայաստանն եմ ներկայացրել Ղազախստանում, որտեղ առաջին անգամ մի քանի հարյուր հայերի հավաքել եմ Եղեռնի զոհերի հիշատակի օրը և շատ-շատ բաներ եմ արել իմ երկրի համար, իսկ հիմա մի փաստ-լուր գրառելու պատճառով պարտավոր եմ ոչ միայն բացատրություն տալ, այլև լսել կշտամբանքներ: Եթե չգիտեք ու չեք հասկանում այսքանը, հեռացեք իմ տարածքից»: