Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի նոր ագրեսիան․ ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրում

Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի նոր ագրեսիան․ ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրում

Ֆրանսիան խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ծանր զինատեսակների կիրառմամբ ռազմական գործողության մեկնարկը, այդ թվում՝ բնակեցված տարածքների դեմ։
Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
«Ոչ մի հիմնավորում չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունները, որոնք սպառնում են հազարավոր քաղաքացիական անձանց, որոնք արդեն տուժել են ամիսներ շարունակ ապօրինի շրջափակումներից և հակասում են միջազգային հանրության ջանքերին՝ հասնելու բանակցային լուծման:
Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել իր հարձակումը և վերադառնալ միջազգային իրավունքի պահանջներին։
Բաքուն Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության ճակատագրի համար պատասխանատվությունը կրելու է միանձնյա։
Ֆրանսիան կոչ է անում շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ։ Փարիզը սերտորեն համագործակցում է իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ՝ այս անընդունելի հարձակմանը վճռական պատասխան ապահովելու համար՝ հաշվի առնելով այն ռիսկերը, որ այն ներկայացնում է տարածաշրջանային անվտանգության համար»։