Շնորհակալ եմ վարչապետին՝ պատվի ամա, շնորհակալ եմ գործընկերներիս՝ կամպանիի ամա

Շնորհակալ եմ վարչապետին՝ պատվի ամա, շնորհակալ եմ գործընկերներիս՝ կամպանիի ամա

Կարդացինք հեռացվածների եւ մանդատազրկվածների հրաժեշտի ուղերձները: Ի՜նչ գրագետ ձեւակերպումներ, ի՜նչ ոճ, ի՜նչ կառուցվածք, ի՜նչ ասելիք… Ամեն ինչ շատ լավ էր: Նույնիսկ Բադասյանի հրաժեշտի ուղերձն էր հասկանալի, թեեւ այդ տղան իր պաշտոնավարման ողջ ընթացքում երբեք այնպիսի բան չասաց, որ հնարավոր լիներ վերլուծել հայերենի շարահյուսության կանոններով: Ինչեւէ, կարդացինք: Կարծեմ, միայն Վահե Ղազարյանն ու Հովիկ Աղազարյանը ուղերձ չտվեցին: Դա սպասելի էր, մանավանդ՝ եթե հաշվի ենք առնում մայրենիին իմացության նրանց «լեւելը»: 

Եվ, ուրեմն, ինչպես արդեն ասացի, դրանք հրաշալի տեքստեր էին բոլոր առումներով` անգամ ստորակետի սխալ չկար: Անկեղծ ասած՝ տպավորություն ստացա, թե այդ ուղերձները նախօրոք էին գրվել, հղկվել մինչեւ վերջին փոշեհատիկը, հղկվել նույն վարպետի ձեռքով: Մանավանդ լեյտմոտիվը շատ հստակ էր՝ «Շնորհակալ եմ վարչապետին՝ պատվի ամա, շնորհակալ եմ գործընկերներիս՝ կամպանիի ամա»: Այլ խոսքով՝ գեղեցիկ էին հեռանում, թեեւ Նիկոլն ընդամենը «ս…» էր անում իրենց: Ի դեպ, ուղերձ էր հղել նաեւ Նիկոլը, բայց ոչ թե հեռացումի, այլ՝ հեռացնելու: Գրել էր՝ ճիշտ է, հեռացրել եմ նրանց, բայց եւ շնորհակալ եմ՝ պետություն կերտելու գործում նրանց ներդրած ավանդի համար: Ինչպիսի՜ մանիպուլյացիա, ինչպիսի՜ նիկոլություն: Բա չասե՞ս՝ այ տղա, բա որ շնորհակալ ես, բա որ պետականաշինության մեջ այդ մարդիկ ներդրում ունեն, ինչո՞ւ ես հեռացնում: Լավ չէի՞ն աշխատում՝ նկատողություն տայիր, նախազգուշացում անեիր, պրեմիաները կտրեիր, առանձին-առանձին խոսեիր հետները: Էս էն դեպքն է, երբ ուտում ես գառի խաշլաման ու գովում գառին, թե էն ի՜նչ սիրուն տրտինգ էր տալիս առվի ափին:

Եվ, ուրեմն, ինչո՞ւ են Նիկոլից քշվածներն այսպես գեղեցիկ հեռանում, ի՞նչն է նրանց միավորում: Նրանց էլ, չէ՞, կարելի է մեղադրել մանիպուլյացիա անելու մեջ՝ այ տղա, քեզ գործից հանում է, իսկ դու շնորհակա՞լ ես: Ինչպե՞ս հասկանանք այս պարադոքսը: Մյուս կողմից էլ՝ ի՞նչ ասեին Գնել Սանոսյանը, Սասուն Խաչատրյանը, Արգիշտի Քյարամյանը, Ռուստամ Բադասյանը, որոնք SMS-ի մի կրակոցով հեռացվեցին պաշտոններից: Գնային Նիկոլի դե՞մ, վիճարկեի՞ն SMS-ի բովանդակությունը: Ասինք՝ վատ են աշխատել, ասինք՝ կոռումպացված են, ասինք՝ ուսապարկ են, բայց հո ձին նրանց գլխին է՞լ քացի չէր տվել, որ ելնեին Նիկոլի դեմ: Հասկանում էին, չէ՞, որ ուղիղ գծով կհայտնվեն ճաղերի հետեւում: Հրեն՝ Սանոսյանն արդեն այդ ճանապարհին է, թեեւ Սանոսյանի ուղերձն էլ վատը չէր ու մյուսների ուղերձներին ոչնչով չէր զիջում: Մարդը կատարած աշխատանքներն էր թվարկել, հաղթահարած դժվարությունները, վերջում էլ՝ «Շնորհակալ եմ վարչապետին՝ պատվի ամա, շնորհակալ եմ գործընկերներիս՝ կամպանիի ամա»:

Կշարունակվի՞, արդյոք, հրաժեշտի գեղեցիկ ուղերձների շքերթը, թե՞ Փաշինյանը կանգ կառնի շունչ քաշելու համար: Ի վերջո, սա նաեւ զոնդաժ էր նրա կողմից՝ ինչպե՞ս կպահեն իրենց հեռացողները, արդյոք ինքը մի այնպիսի բան չի՞ արել, որ նրանք հեռանալուց հետո դնեն իր դեմ ու ստիպեն հրաժարական տալ: Այս իմաստով՝ հեռացումների առաջին փուլը բավականին հաջող անցավ Նիկոլի համար: Զգացվեց, որ հեռացվածները ոչ թե պարկեշտությունից, այլ շատ կոնկրետ վախից են այսպիսի ուղերձներ հղել, եւ դա, անկասկած, նրանց հանդեպ Նիկոլի հաղթանակի մասին է վկայում: Նիկոլը, այո, հաղթեց, հաղթեց «բիրիքով», հաղթեց 10:0: Ափսոս միայն, որ նա այս համոզիչ հաղթանակը ոչ թե մարտի դաշտում, այլ իր թիմի նկատմամբ կերտեց՝ իր կառավարության եւ կուսակցության:

Կարծիք հնչեց, որ Նիկոլն սկսել է մաքրել ավգյան ախոռները: Սա ստոր սուտ է, չհավատաք, չի բացառվում՝ հենց Նիկոլի աշխատակազմից հրապարակ նետված: Այդ ախոռները մաքուր կամ մաքրված կարելի է համարել միայն այն դեպքում, երբ անձամբ Նիկոլն ու իր նեղ աշխատակազմը «լքած» կլինեն ախոռը: Քանի դեռ նրանք ներսում են, ախոռը մաքրված համարել չի կարելի: Վերցնենք, թեկուզ, ՔՊ-ի գծով Նիկոլի տեղակալ Վահագն Ալեքսանյանին: Հասկանալի է, չէ՞, թե ախոռում ինչքան տեղ կազատվի, եթե Փաշինյանը մի SMS էլ նրան գրի: Բայց արի ու տես, որ այս անձը շատ մեծ կարծիքի է իր եւ ախոռում զբաղեցրած իր դիրքի մասին: Լրագրողներին ասել էր՝ եթե Փաշինյանն ինձ խնդրի մանդատը դնել, կդնեմ: Ուշադրություն դարձրեք, խնդրեմ, հայտարարության այս մասին. «Եթե Փաշինյանն ինձ խնդրի»: Չէ-չէ մի՝ աղաչի… Դու ո՞վ ես, ախր, այ ուսապարկ, որ Փաշինյանը քեզ խնդրի: Եվ, պատկերացրեք, «ավգյան» ախոռը դեռ լիքն է, ու Նիկոլից քիչ ջանքեր չեն պահանջվելու այն մինչեւ վերջ «մաքրել-իստակելու» համար: