«Հրապարակ». Ինչու պատմաբանները չարձագանքեցին

Aravot.am-ը գրել էր, որ ԵՊՀ Տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչի թափուր տեղի համար առաջադրվել է մեկ անձ` մասնագիտությամբ թամադա Տարոն Դանիելյանը: Մեզ ասացին, որ գաղտնիքն այն է, որ նա անվերապահորեն աջակցում է ՔՊ-ին: Հիշեցնենք, որ «Հրապարակը» երկու անգամ անդրադարձել էր այն փաստին, որ այդ ամբիոնը 2021-ի նոյեմբերից չունի վարիչ: Ամբիոնի վարիչ դառնալու համար պայքարում էին նույն ամբիոնի դոցենտներ Աստղիկ Ավետիսյանը եւ Նանե Վարդանյանը, բայց քանի որ Վարդանյանը չէր համապատասխանում պաշտոնի չափորոշիչներին, իսկ Աստղիկ Ավետիսյանն ունի ընդդիմադիր հայացքներ, ֆակուլտետի գիտխորհուրդն ամբիոնի վարիչ չէր ընտրել, իսկ ամբիոնի վարիչի ԺՊ-ն սկզբում ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն էր, ապա՝ Քննչական կոմիտեի նախկին խոսնակ Գոռ Աբրահամյանը:
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսներից մեզ հայտնեցին, որ Տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչի մրցույթը համալսարանն անցկացրել է բառի ուղիղ իմաստով` գաղտագողի` դասախոսներից ոչ մեկը չի իմացել, որ նման մրցույթ է հայտարարված, հետեւաբար, բացի Տարոն Դանիելյանից, ոչ ոք չի առաջադրել իր թեկնածությունը: Երեկվանից համացանցում ակտիվ քննարկումներ են այն մասին, թե ինչպես կարող է թամադան դառնալ մայր բուհի ամբիոնի վարիչ: Ոմանք էլ ասում են, թե թամադա լինելն ամոթալի բան չէ եւ չի կարող խանգարել դասախոսին՝ դառնալու ամբիոնի վարիչ: Բայց գերակշռում է այն տեսակետը, որ չի կարելի նշաձողն այն աստիճան իջեցնել, որ հարսանիք վարողին կարգել ԵՊՀ ամբիոնի վարիչ: Մեզ հետ զրույցում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներից մեկն ասաց, որ Դանիելյանը հրավիրյալ դասախոս է, շատ քիչ է առնչվել ուսանողների հետ, եւ ուսանողներից շատերը չեն ճանաչում նրան: Զրուցել ենք ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախկին դասախոս, լրագրող Դավիթ Սարգսյանի հետ:
- Թեպետ թամադա լինելը պարսավելի բան չէ, սակայն ինչպե՞ս է ստացվում, որ ԵՊՀ-ից փորձառու դասախոսները հեռացվում են` քաղաքական հայացքների պատճառով, նրանց տեղը համալրում են մարդիկ, ովքեր ո՛չ ճանաչում ունեն, ո՛չ մասնագիտական փորձ, ո՛չ էլ ակտիվ են:
- Ես մայր բուհից հեռացել եմ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, ստեղծված մթնոլորտի պատճառով, «Ռեստարտ» կոչվող ուսանողախուլիգանական խմբի երեսից: Իմ առարկան իմ փոխարեն դասավանդեց Նաիրի Հոխիկյանը, սակայն նա եւս հեռացվեց ֆակուլտետից: Եթե ես էլ չհեռանայի, անկասած, նույն ճակատագրին էի արժանանալու, ինչպես իմ արժանապատիվ գործընկերների դեպքում եղավ` Մենուա Սողոմոնյան, Աբրահամ Գասպարյան, Խաչիկ Գալստյան եւ այլն: Նույնիսկ չգիտեմ, թե ինչ բառեր գտնեմ՝ ստեղծված իրավիճակի մասին արտահայտվելու համար: Խիստ բացասական եմ վերաբերվում տեղի ունեցող պրոցեսներին, սիրտս ցավում է մայր բուհի համար, որովհետեւ, նախ, տարիներ շարունակ այնտեղ սովորել եմ, հետո՝ դասավանդել: Երեւանի պետական համալսարանում նախքան 2018 թվականը եղել է լրիվ այլ մթնոլորտ, ազատության շունչը պարտադիր եղել է, ուսանողները մշտապես տարբեր առիթներով դասադուլներ են կազմակերպել, ազատ արտահայտել իրենց տեսակետները, եւ հիմա, երբ նայում եմ, թե իմ հարազատ ֆակուլտետում ովքեր են դասավանդում, ուղղակի սիրտս ցավում է: Իսկ այնտեղ հիմա դասավանդում են ՔՊ-ական պատգամավորների կանայք, լրագրողական փորձառություն չունեցող ինչ-որ անհասկանալի դեմքեր: Շատ ցավալի է նման պատկեր տեսնելը` թե՛ ուսանողների, թե՛ բուհի, թե՛ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի համար:
- Թեպետ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ողջ ԵՊՀ-ում է նման մթնոլորտ ստեղծել, սակայն անթաքույց քծնանքով աչքի է ընկնում հատկապես Ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ի դեպ` այն միակ ֆակուլտետն է, որտեղ չափազանց շատ հրավիրյալ դասախոսներ կան, ինչո՞վ է դա պայմանավորված:
- Ընդհանուր առմամբ, սոցիալ-հասարակագիտական եւ հայագիտական ֆակուլտետներում իրավիճակը խիստ անմխիթար է: Օրինակ` ցեղասպանության հանգամանքը կասկածի տակ դնող պարագլխի հայտարարությունից հետո ԵՊՀ Պատմության ֆակուլտետի գիտական խորհուրդը որեւէ կերպ չարձագանքեց, այնպես, ինչպես, օրինակ` ԳԱ Պատմության ինստիտուտը չարձագանքեց, Հայ բանասիրության ֆակուլտետը, Սոցիոլոգիայի ֆակուլտետը: Այս չեզոքությունն անընդունելի է հատկապես այն պարագայում, երբ 44-օրյա պատերազմից հետո ԵՊՀ գիտխորհուրդը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ցավալի է, երբ անհասկանալի կարգավիճակ ունեցող Աննա Հակոբյանը գնում է ԵՊՀ, իսկ Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի մի քանի տասնյակ պրոֆեսորներ, դոցենտներ թույլ են տալիս, որ այդ տիկինը կրթի իրենց: Տեղեկություններ կան, որ նա նման արշավներ անելու մտադրություն ունի նաեւ ԵՊՀ մյուս ֆակուլտետներում: Ի դեպ` իշխանազավթումից հետո առաջին բանը, որ արեց Աննա Հակոբյանը, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ այցելելն էր:
- Իսկ դասախոսներն ինչի՞ց են այդքան վախենում:
- Ցավում եմ, որ այն քաղաքացիական արիությունն ու խիզախությունը, որ ունեին այդ դասախոսներն ընդամենը յոթ տարի առաջ, այժմ չքացել է: Այն ժամանակ հորդորում էին ուսանողներին պայքարել, դուրս գալ փողոց, իսկ այսօր ձկան պես համր են, ո՞ւր են այդ մարդիկ, մի՞թե կորստի ցավ չեն զգում: Նրանցից շատերի հետ մենք այցելել էինք Արցախ, Բերձորի համալսարանական պուրակում ծառեր էինք տնկել` 2009 թվականից սկսած: Օրերով մնացել ենք պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի արցախյան հյուրատանը, հիմա ինչպե՞ս մոռացվեց այդ ամենը: Ամոթ եւ անպատվություն իրենց: Երբ ես ու Ցոլակ Ակոպյանը փորձեցինք հիշեցնել այդ դասախոսներին, որ Արցախում հարյուրավոր ծառեր ունեն տնկած, ԵՊՀ ռեկտոր կոչեցյալի հրամանով կարմիր բերետավորները ներխուժեցին համալսարան, ինձ եւ Ցոլակին ձերբակալեցին:
- Դուք ճանաչո՞ւմ եք Տարոն Դանիելյանին:
- Չեմ առնչվել նրա հետ, չեմ ճանաչում նրան: Նախկին ամբիոնի վարիչը, որն իմ գիտական ղեկավարն էր` Մուշեղ Հովսեփյանը, կարող եմ մեծ ափսոսանք հայտնել, որ նրա տեղը զբաղեցնելու է այդպիսի համարում ունեցող մեկը:
- Բայց արդյո՞ք ճիշտ են վարվել մյուս դասախոսները` թեկնածություն չառաջադրելով: Թեպետ ասում են, որ գաղտնի է մրցույթը հայտարարվել:
- Անկեղծ ասած, հանգամանքներին լավ ծանոթ չեմ, բայց գիտեմ, որ Աստղիկ Ավետիսյանն էր թեկնածուն` 2 տարի առաջ: Նա արժանի թեկնածու է եւ տարբերվում է նաեւ իր քաղաքացիական կեցվածքով, սակայն նրա համար խոչընդոտներ են ստեղծել: Քծնանքով հարուստ համալսարանական միջավայրն առաջ է բրթում միայն ձեռնտու, լոյալ, կանխատեսելի թեկնածուներին:
Կարծիքներ