Սրանց նպատակն է, որ մեզ մեր երկրից լրիվ զզվացնեն

Սրանց նպատակն է, որ մեզ մեր երկրից լրիվ զզվացնեն

Հարցազրույց Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ստեփանակերտի թատրոնի դերասան, ռեժիսոր Քաջիկ Հարությունյանի հետ

- Պարոն Հարությունյան, 2 օրից ավելի է՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է, սա միայն հումանիտա՞ր աղետ է, թե՞ նոր պատերազմի սկիզբ ու ցեղասպանության իրական վտանգ։

- Հիմա այն, ինչ ասեմ, դուք արդեն գիտեք, եւ նորություն չեմ ասելու։ Պարզ է, որ հումանիտար աղետի առաջ ենք կանգնած, ու ժողովրդի տրամադրությունն էլ այն չէ։ Ճիշտ է, խուճապ չկա ժողովրդի մեջ, բայց լրիվ ընկճված է ժողովուրդը, թե ինչու այսպես պետք է լինի։ Փաստացի, այսօր արցախցին մնացել է մենակ՝ ինքն իր հետ՝ փոսի մեջ, փոքր երեխայի նման բղավում է, ոչ մեկը չի լսում, աշխարհի ականջները փակ են, աչքերը՝ կուրացած, թողել են մեզ մենակ, անհույս վիճակ է, բայց, չնայած իրավիճակին, ամեն դեպքում, մեր հույսը չենք կտրում, ապագան տեսնում ենք լավ։ Այնպես չէ, որ թողնենք փախչենք այստեղից, այդպիսի տրամադրություն չկա, ոչ մեկի մտքում դա չկա, որովհետեւ սա մեր երկիրն է, մեր հողն է, մեր պապերի երկիրը ու նրանց գերեզմանները, մեր զոհված հերոսների շիրիմներն այստեղ են։ Մի խոսքով, սա մեր սրբազան երկիրն է, որից եթե հեռանանք, նշանակում է՝ ո՛չ հայ ենք, ո՛չ էլ հայ ազգ կոչվելու իրավունք ունենք։

- Հիմա ի՞նչ վիճակ է Արցախում, հատկապես որ անջատել են նաեւ գազամատակարարումը։

- Մենք, ճիշտն ասած, դրան սպասում էինք եւ անգամ ավելի վատ բաների ենք սպասում, ես վախենում եմ, որ այնքան ճանապարհները փակ պահեն, որ պարենային վիճակը սրվի, եւ սովի մատնեն ժողովրդին։ Մեր ներկա ղեկավարներն այդ մասին արդեն մտածում են եւ ուզում են կարգավորել վիճակը, որ գոնե թեթեւ անցկացնենք այդ խնդիրները, եւ այս ճգնաժամը ծանր չնստի մեր ժողովրդի վրա։

- Խանութներում արդեն մթերքների պակասությո՞ւն կա։

- Խանութներում, որպես այդպիսին, խուճապ չկա, ուղղակի մարդիկ հիմա մի աղի փոխարեն երկուսն են առնում, որովհետեւ մտածում են՝ կարող է հանկարծ աղը վերջանա, մարդն ինչքա՞ն նստի սպասի, մինչեւ աղ լինի։ Բայց որ ասեմ՝ կրում-տանում են, այդպես չէ։

- Մարդիկ ինչպե՞ս են հասկանում ճանապարհը փակելու այս խնդիրը՝ հանքերը վերցնելու հա՞րցն է, Լաչինի միջանցքը ստանալով՝ Զանգեզուրի միջանցքի հա՞րցն է․․․

- Ոչ մի հանքի խնդիր էլ չկա, ասում են՝ էկոլոգներ ենք, երեխան գիրկը եկել կանգնել են այդտեղ՝ այդ երեխա՞ն է էկոլոգ, այդ կի՞նը, թե՞ մնացածը, որ մեքենաներով բերում լցնում են։ Դրանց ամեն քայլը ծրագրված է, ու հիմա այն, ինչ տեսնում ենք, դա էլ հենց նրանց նպատակն է՝ Արցախը վերցնել շրջափակման մեջ։ Վաղը եթե հանքը փակեն, էլի մի բան անելու են, հաջորդ անգամ ջրի ճամփեն են փակելու, սրանց նպատակն այն է, որ այստեղ մեզ մեր երկրից լրիվ զզվացնեն․․․, սրանք այն ազգը չեն․․․ իրենց ուզածը մեծ Թուրանն է, եւ մենք այս տարածաշրջանում իրենց շատ ենք խանգարում։ Սրանք դարեր շարունակ մտածել ու մտածում են, թե ոնց անեն, որ ազատվեն մեզնից։ Ասում են՝ ստեղ թուրքեր են եղել, ի՞նչ թուրք, ես 75 տարեկան մարդ եմ, ու մեր գյուղերում ոչ մի թուրք երբեք չեմ տեսել։

- Եթե այս շրջափակումը մի քիչ էլ ձգվի, ի՞նչ խնդիրների առաջ կարող է կանգնել Արցախը։

- Ես մի տատիկ ունեի, գիտե՞ք ինչ էր ասում պատերազմի, սովի ժամանակ, ասում էր՝ բալա, մատաղ լինեմ, մենք խոտ ենք կերել, բայց երկիր ենք պահել․․․․ այսինքն՝ սոված են եղել, հաց չի եղել, խոտ են կերել, բայց երկիր են պահել, հիմա նրանք ավելի՞ հայրենասեր են եղել, քան մենք, չեմ հասկանում․․․

- Երեկվանից սկսած՝ մի շարք ցույցեր են տեղի ունենում Երեւանում, ի՞նչ եք կարծում՝ դա լսելի կդարձնի՞ մեր ձայնը միջազգային ատյաններում։

- Արդեն ասացի, որ ամբողջ աշխարհը ե՛ւ խուլ է, ե՛ւ կույր, ինչ ուզում ես արա, թուրքը նավթ ու գազ ունի, այսինքն՝ փող ունի, իսկ ամբողջ աշխարհը դրա վրա է հիմնված, ինչ ուզում ես արա՝ մեր բարի աչքերի համար նրանք ոչինչ չեն անի։ Մեզ հարկավոր է ուժեղ դիվանագետ, որ կարողանա հաղթել գազին էլ, նավթին էլ, փողին էլ։ Մենք ունենք, բայց ուրիշների համար են աշխատում, հայերի մեջ շատ կան, բայց ուրիշ ազգերի ու երկրների համար են աշխատում, ռուսական որ ալիքը միացնում ես, հայեր են խոսում, չե՞ն կարողանում ասել՝ ընկերներ, այս ի՞նչ է կատարվում մեր ազգի հետ։ Կարող են, բայց չեն անում․․․

- Իսկ մեր իշխանություններն ի՞նչ կարող են անել, որ չեն անում, թե՛ ԱՀ, թե՛ ՀՀ ԱԺ-ներն արտահերթ նիստեր հրավիրեցին, հայտարարություններ տարածեցին․․․

- Այո, լսեցի, հավաքվեցին, հայտարարություններ արեցին, բայց դրանից ի՞նչ է ստացվելու, Աստված տա՝ մի բան ստացվի, ամեն օր էլ նման հայտարարություններ անում են, աշխարհը չգիտի՞, որ այդպես է, իհարկե՝ գիտի, բայց մատը մատին չեն խփում․․․

- Հիմա եթե աշխարհը խուլ է ու փակ մեր առաջ, ո՞ւմ ձայնն է որոշիչ այստեղ՝ Ռուսաստանի՞․․․

- Ես, անկեղծ ասած, զարմանում եմ նաեւ Ռուսաստանի վրա եւ չեմ հասկանում՝ ինչո՞ւ է Ռուսաստանը լռում այս հարցում, չէ՞ որ այս քայլով նաեւ ու հիմնականում Ռուսաստանին էլ են կպնում։ Այս ակցիան ռուսների դեմ է, գուցե ինչ-որ բան անում են, մենք չգիտենք, ի վերջո՝ ռուսն այնքան հիմար չէ, որ թողնի՝ իր գլխով էդպիսի բաներ անեն։ Երեւի տեսնում եք, թե դրանց, այսպես կոչված, էկոլոգներն ինչեր են ասում, թե իբր ռուսն այնքան է վախենում իրենցից, որ ռուս գեներալը չի ուզում գա, իրենց հետ խոսի։ Ինչ վերաբերում է նրան, որ այս կողմից էլ մերոնք գնան կանգնեն, ապա եթե դա լինի, սադրանք կլինի, բախում, որովհետեւ մենք զենք չունենք, իսկ իրենք զինված կանգնած են։ Այնտեղ կանգնած մարդիկ զինված զինվորներ են, չկարծեք, թե խաղաղ բնակիչներ են, որ Բաքվից վեր են կացել, եկել այդտեղ ու խաղաղ ցույց են անում, գիշերն էլ մնում են ասֆալտի վրա ու քնում այդ ցրտին։ Սա լրիվ պլանավորված, պայմանավորված գործողություն է, եւ իրենց նպատակին կամաց-կամաց ուզում են հասնել, իսկ մերոնք քնած են եւ չեն էլ ուզում արթնանալ։ Այնպես որ, նրանց գլխավոր նպատակը սադրելն է, առաջին հերթին՝ ռուսներին, որ իբր ռուսները չեն կարողանում իրենց պարտականություններն անել ու հայերի կողմն են, եւ հետո արդեն՝ արցախցիներին։