Կտրուկ նահանջ

Կտրուկ նահանջ

Տեղի ունեցան ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցափուլի հերթական երկուական խաղերը։ Մեր հավաքականը Ռեյկյավիկում 1:1 հաշվով ավարտելով հանդիպումն իսլանդացիների հետ՝ այնուհետեւ երեք օր անց, անցած երկուշաբթի, Բուխարեստում Ռումինիայի թիմի հետ խիստ կարեւոր նշանակություն ունեցող մրցավեճում ստիպված էր ընդունել իր պարտությունը` 0:1։ Համարյա մեկ ամիս հետո կանցկացվեն ավարտական երկուական հանդիպումները, եւ մենք կիմանանք, թե ովքեր են նվաճել Քաթարում եկող տարվա նոյեմբերի 21-ին մեկնարկող աշխարհի առաջնության եզրափակիչ մրցափուլի ուղեգրերը։ Եվ անմիջապես ասենք, որ այդ իրավունքն առաջինը, ժամկետից շուտ նվաճեցին մեր ապագա մրցակիցները` գերմանացիները։ Հիշեցնեմ․ առաջին շրջանում, այն էլ սեփական հարկի տակ նրանք անսպասելի` 1:2 հաշվով պարտություն կրեցին Հյուսիսային Մակեդոնիայի թիմի հետ ունեցած հանդիպման ժամանակ, իսկ ահա պատասխան խաղում, որը կայացավ  օրերս, ջախջախիչ՝ 4:0 հաշվով ռեւանշի հասան եւ այժմ անհասանելի են բոլոր մրցակիցների համար։ Այնպես որ, մեր ենթախմբում մնում է պարզել, թե ով կգրավի երկրորդ՝ երանելի տեղը։

Իսկ այժմ խոսենք զուտ չոր, բայց խոսուն փաստ-թվերի մասին։ Բնականաբար, հաճելի է հիշեցնել հայ ֆուտբոլիստների հրաշալի մեկնարկը` երեք անընդմեջ հաղթանակ՝ գոլերի 6:2 հարաբերությամբ։ Հասկանալի էր նաեւ բուռն արձագանքը, ոգեւորության ալիքն ու լավատեսության կանխատեսումներն անչափ մեծ էին։ Սակայն, ավաղ, սպասումները հետագայում ոչնչով չարդարացան։ Դատեցեք ինքներդ. վերոհիշյալ երեք խաղերին հաջորդած հինգ հանդիպումներում, երբ բոլորս վստահորեն սպասում էինք նոր վերելքի, ցավոք, տեղի ունեցավ ճիշտ հակառակը, մի բան, որը պարզապես անակնկալի բերեց մեր ֆուտբոլասերներին։ Փոխանակ հաջողությունների տրամաբանական զարգացմանը, զարմանալիորեն գրանցվեց կտրուկ հետընթաց. կայացած հաջորդ հինգ հանդիպումներում մեր ֆուտբոլիստներն անկարող եղան հաղթանակ տանել գոնե մեկ անգամ` երեք խաղի ժամանակ արձանագրվեցին հավասար ցուցանիշներ, երկու անգամ էլ` պարտություններ, գոլերի հարաբերությունը` 2:9։ Այսինքն, մեկնարկում շահած 9 միավորին, հետագայում հինգ խաղում, ով կարող էր նման բան պատկերացնել, գումարվեց ընդամենը 3 միավոր։ 

Այդպիսի նահանջ մեր հավաքականը գրանցել է ներկայումս, եւ որպես հետեւանք, թիմը 12 միավորով նահանջել-հայտնվել է 4- րդ տեղում՝ իրենից առաջ թողնելով ոչ միայն գերմանացիներին (21 միավոր), այլեւ ռումինացիներին (13) եւ Հյուսիսային Մակեդոնիայի թիմին (12)։
Մեկ ամիս հետո կայանալիք ավարտական երկու խաղում մեր ֆուտբոլիստները Երեւանում մրցելու են Մակեդոնիայի եւ Գերմանիայի հավաքականների հետ, իսկ ռումինացիներին` մեր ներկա գլխավոր ախոյաններին, կարծես ավելի հանգիստ կյանք է սպասվում` նրանք հանդիպելու են աուտսայդերների հետ, ընդունելու են իսլանդացիներին, ապա հանդես կգան Լիխտենշտեյնում։ Այդուհանդերձ, սպորտում անակնկալներ հաճախակի են գրանցվում։ Այնպես որ, նրանց շրջանցելու հնարավորությունը պահպանվում է նաեւ մեր հավաքականի համար ու կպահպանվի, սակայն մի դեպքում` եթե թեկուզ ուժեղ մրցակիցների հետ խաղում ցուցադրվի ոչ միայն հաղթանակի հասնելու աննկուն ձգտում, այլեւ մեր տղաները շեշտը դնեն իսկապես սուր եւ հյուրերի համար ոչ հեշտ կանխատեսելի ագրեսիվ գրոհների վրա։

Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը լրագրողների հետ վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարեց․ «Մեր ամենաուժեղ կողմերից մեկը թիմում տիրող գերազանց մթնոլորտն է։ Մենք գիտենք, որ խաղային վարպետության իմաստով թիմեր կան, որ մեզ գերազանցում են, սակայն մրցակցելու տրամադրվածության իմաստով մեզ ոչ ոք հաղթել չի կարող»։ Սա ողջունելի լավատեսություն է, անտարակույս։ Ավաղ, խաղադաշտում տեղի ունեցածն այլ բան է վկայում։ Դե ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս կարելի էր հենց Երեւանում թույլ տալ, որ ընդամենը 30 հազար բնակչություն ունեցող Լիխտենշտեյնի սիրողական մակարդակի ֆուտբոլիստները պարտությունից խուսափեն եւ ի վերջո կարեւոր միավորներից զրկեն մեր թիմին։

Հիշեցնենք․ առաջին շրջանում նույն թիմի հետ ունեցած հանդիպման ժամանակ էլ մեր ընտրանին կարողացավ հաղթանակ տանել միայն դաշտի տերերի, այսպես ասած` ինքնագոլի շնորհիվ...
Ինչի՞ մասին է սա վկայում։ Այն բանի, որ մեր հավաքականը կորցրել է մարտունակության ոգին, հատկապես հարձակվողների գործողությունների արդյունավետությունը հավասարվել է զրոյի, եւ այստեղ սոսկ առողջ մթնոլորտը ոչինչ անել չի կարող։ Այնպես որ, հարկ է հիրավի լուրջ հետեւություններ անել եւ կոնկրետ եզրակացությունների գալ բարձր ու արդյունավետ ցուցանիշների հասնելու, մեր ֆուտբոլային հեղինակությունը պահանջվող մակարդակին հասցնելու համար։

Միսակ Նազարյան