Ուկրաինայում Հաագայի դատարանի ներկայացուցչություն կբացվի

Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը և Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) քարտուղար Փիթեր Լյուիսը Հաագայում համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայում ՄՔԴ-ի ներկայացուցչություն բացելու մասին, հայտնում է Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Կոստինը փաստաթղթի ստորագրումն անվանել է ևս մեկ քայլ միջազգային հանցագործությունների համար լիարժեք պատասխանատվության ապահովման ուղղությամբ։
«Սա միայն սկիզբն է, բայց նշանակալից սկիզբ: Ես համոզված եմ, որ մենք կանգ չենք առնելու այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայի դեմ կատարված միջազգային հանցագործությունների բոլոր մեղավորները պատասխանատվության չենթարկվեն, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հանցավոր ռեժիմի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը», - ասված է Կոստինի հաղորդագրության մեջ։
Նա նշել է, որ Կիևն ակնկալում է հետագա համագործակցություն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հանցագործությունները հետաքննելու և հետապնդելու հարցում:
«Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերը կօգնեն կառուցել ավելի արդար աշխարհ»,- ամփոփել է Ուկրաինայի գլխավոր դատախազը:
Հիշեցնենք, որ ՄՔԴ-ն օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տրամադրել։
Կարծիքներ