Լրագրողները մեզ բացարձակապես չեն խանգարում՝ օգնում են

Լրագրողները մեզ բացարձակապես չեն խանգարում՝ օգնում են

Գործող իշխանությունների համար, հատկապես հետպատերազմյան շրջանում, թերեւս միակ գլխացավանքը ոչ թե թշնամի պետություններն են կամ ընդդիմությունը, այլ լրագրողները։ Նոյեմբերի 9-ից հետո իշխանական պատգամավորները ստիպված էին, բառի բուն իմաստով, փախչել լրագրողներից, որ հարկադրված չլինեին արդարանալ, թե ինչու հանձնեցին հողերը, այսքան զոհ տվեցին, ինչու է Շուշին դժբախտ, դժգույն եւ այլն։

Ուստի վերընտրված իշխանությունը որոշել է նոր սահմանափակումներ մտցնել լրագրողների աշխատանքում, որպեսզի կարողանան հնարավորինս ազատ վայելել բարձր աշխատավարձը, ճոխ պարգեւավճարներն ու այս տարվանից արդեն 200 հազարով ավելացած «ձեռքի ծախսը»։ ԱԺ վարչական տարածքում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշման վերաբերյալ երեկ ահազանգ հնչեցրեց նոր ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ իր էջում հայտարարելով, որ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել։ Նա գրավոր դիմել է ԱԺ աշխատակազմի ղեկավարին՝ պարզելու, թե ինչու են որոշել, որ լրագրողները պետք է գտնվեն հատուկ սենյակում, եւ ինչու է սահմանափակվելու նրանց տեղաշարժն Ազգային ժողովում։

Մենք փորձեցինք ստանալ այս հարցերի պատասխանը՝ զրուցեցինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Առնակ Ավետիսյանի հետ, ով, պարզվեց, արձակուրդում է։ Ի դեպ, արդեն տեղեկություն կա, որ Ալեն Սիմոնյանը մտադիր է ազատվել Առնակ Ավետիսյանից ու նրա փոխարեն ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար նշանակել իր ընկերոջը՝ Վահան Նարիբեկյանին, որը գործարար է, «Argavand.am» կահույքի խանութների ցանցի հիմնադիրը։  Աշխատակազմի նախորդ ղեկավար Տիգրան Գալստյանն էլ, հիշեցնենք, շինանյութի ոլորտից էր տեղափոխվել ԱԺ՝ «Իդեալի» մենեջերներից է եղել եւ, ասում են, ՀՀԿ-ի ակտիվ «տասովշչիկներից»։

«Չգիտեմ՝ ինչ տեղեկություններ են տիկին Թովմասյանի մոտ, չեմ տիրապետում էդ տեղեկություններին, ես հիմա արձակուրդում եմ, միայն կարող եմ մի բան մեկնաբանել՝ ընդհանուր ընթացակարգի հետ կապված, թե էդ հարաբերություններն ինչպես են որոշվում։ Էստեղ, եթե ինչ-որ փոփոխություններ էլ լինեն, ապա ամեն ինչ լինելու է, ըստ երեւույթին, ԶԼՄ-ների մասին օրենքին, ԱԺ կանոնակարգ-օրենքին համապատասխան եւ ԱԺ նախագահի որոշումների հիման վրա։ Բայց այս պահին, նորից եմ կրկնում, որեւէ նման տեղեկատվության ես չեմ տիրապետում»,- ասաց Առնակ Ավետիսյանը։

- Պարզ է, որ եթե նման որոշում կայացնեն, ինչ-որ հիմնավորում կներկայացնեն։

- Չէ, ինչ-որ հիմնավորում չէ, էստեղ ինչ-որ սահմանափակումներ կամ օրենքի շրջանցումով երեւույթներ, որը կխոչընդոտի լրագրողների գործունեությունը, բացառվում է, որ կարող է լինել։ Էդ հարաբերությունները կարգավորվում են ԱԺ նախագահի որոշումով, որոնց ես չեմ տիրապետում։

- Այսինքն, ամեն դեպքում, չեք բացառում, որ նման բան կարող է լինել։

- Չեմ կարող բացառել կամ չբացառել, որովհետեւ էդ լիազորությունն ԱԺ նախագահի տիրույթում է ամբողջությամբ, եւ ԱԺ նախագահն է որոշելու թե՛ անվտանգության կանոնները շենքում, թե՛ մյուս հարցերը։

- Ինչո՞վ են խանգարում լրագրողները ձեզ, թեպետ մենք կարող ենք, իհարկե, կռահել, թե ինչով։

- Լրագրողները մեզ բացարձակապես չեն խանգարում, լրագրողները միայն օգնում են ԱԺ գործունեությունն ավելի թափանցիկ դարձնելու եւ լուսաբանելու քաղաքական անցուդարձն ԱԺ շենքում եւ միջանցքներում։ Այնպես որ, որեւէ կերպ չեն խանգարում։

- Այդ դեպքում փոփոխություն մտցնելու գաղափարն ինչո՞վ է պայմանավորված։

- Բայց հիմա Ձեր հարցը հակասում է քիչ առաջ իմ հնչեցրած մտքին, որ ես որեւէ փոփոխության վերաբերյալ որեւէ ինֆորմացիայի չեմ տիրապետում։

- Բայց Դուք չբացառեցիք, որ նման քննարկում կարող է լինել։

- Չէ, ես չասացի, որ չեմ բացառում, ես ասացի՝ չեմ կարող բացառել կամ չբացառել, որովհետեւ իմ իրավասությունների տիրույթից դուրս է հարցը։

- Ի դեպ, Armlur.am-ը գրել էր, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարին կփոխարինի Ալեն Սիմոնյանի ընկերը։ Դուք ազատման դիմո՞ւմ եք գրելու, կամ Ձեզնից ազատվելու որոշո՞ւմ կա ապագա ԱԺ ղեկավարության կողմից։

- Հարցը պետք է ուղղել ԱԺ նորընտիր նախագահին, որը կընտրվի օգոստոսի 2-ին։ Իսկ մինչ այդ արդեն պարզ կլինի նաեւ աշխատակազմի վարչական եւ հայեցողական պաշտոնների հարցը։ Էս պահին որեւէ մեկնաբանություն չանեմ էդ մասին, շուտով ավելի հստակ կլինի, տեղեկությունը նաեւ կտարածվի, եթե լինի տարածելու ենթակա։

- Ձեզ հետ այդ թեմայով որեւէ զրույց, քննարկում եղե՞լ է։

- Եկեք չմեկնաբանեմ ես այդ հարցը, օգտվեմ իմ՝ չմեկնաբանելու իրավունքից այս պահին, առաջիկայում այդ հարցը կպարզաբանվի։

- Իսկ կարո՞ղ ենք մենք էլ օգտվել մեր՝ ենթադրություն անելու իրավունքից եւ ենթադրել, որ կա Ձեզնից ազատվելու մտադրություն։

- Ինչպես գիտեք, ես նույնպես «Քաղաքացիական պայմանագրի» անդամ եմ, նաեւ՝ հիմնադիր անդամ, ուստի իրարից ազատվելու որեւէ խնդիր չկա, կան քաղաքական թիմի որոշումներ, թե որ պաշտոնյան, որ անձը որտեղ կկարողանա ավելի արդյունավետ իրականացնել իր պետական ծառայությունը։ Դրա համար հարցի ձեւակերպումը՝ Ձեզնից ազատվելու կամ չազատվելու, կոռեկտ չեմ համարում։

- Կարող ենք ձեւակերպել այլ կերպ՝ որ Դուք ազատվելու եք այդ պաշտոնից։

- Տեսեք, աշխատանքային քննարկումներն ընթացիկ գործընթաց են, ցանկացած քաղաքական թիմի ներսում, ե՛ւ կառավարության, ե՛ւ ԱԺ-ի ձեւավորման շրջանակներում ընթացիկ քննարկումներ միշտ էլ լինում են, այդ թվում՝ նույն նշանակումների հետ կապված, թե որ անձը որտեղ ավելի արդյունավետ կկարողանա աշխատել։