Ադրբեջանի` հերթական հիբրիդային պատերազմական գործիքի կիրառումը՝ ՀՀ-ի դեմ

Ադրբեջանի` հերթական հիբրիդային պատերազմական գործիքի կիրառումը՝ ՀՀ-ի դեմ

Ադրբեջանական լրատվամիջոցները հակահայկական հերթական քարոզչական թեզն են դաշտ նետել այն մասին, թե ՀՀ տարածքում են գտնվում ամերիկյան զորամիավորումներ: Իսկ այդ «խայծը կուլ են տվել» մեր տեղական մի շարք մոլի արևմտամետներ, կամ ինչպես ասում են, իրապես արևմտամետները՝ պսևդոարևմտամետները ու այդ մասին ոգևորված տեսանյութեր են նկարահանում , իրենց հետևորդներին հավատացնում, որ անտեսանելիության բաճկոն հագած ամերիկացի զինվորականները եկել են Հայաստան՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ադրբեջանցիներից ու թուրքերից պաշտպանելու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանը դեռևս հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, իսկ Թուրքիայի և Իրանի հետ սահմանին կանգնած են ռուս զինվորականները, իսկ Հայաստանի Հանրապետության բնական դաշնակից Իրանի հայտարարությունները՝ այս տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ներկայության անթույլատրելիության մասին, կարծում եմ, ավելորդ է հիշեցնել:

Քաղաքական վերլուծաբան, պ․թ․գ․ Սերգեյ Մելքոնյանը «Հրապարակ» -ի հետ զրույցում ասաց, որ մեր տարածաշրջանում Իրանի համար հիմնական սպառնալիքները հետևյալն են՝ Իսրայելի ներկայությունը Ադրբեջանի տարածքում, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի կյանքի կոչումը, որն առաջին հերթին ուղղված է Հայաստանի դեմ, երկրորդ հերթին Իրանի դեմ և մշտական ռազմական արևմտյան ներկայությունը:

«Իրանի համար երրորդ կարմիր գծերից մեկը դա արևմտյան ռազմական մշտական ներկայությունն է իր սահմանների մոտ: Երբ ասում ենք արևմտյան, Իրանի համար առաջին հերթին խոսքը գնում է ԱՄՆ–ի մասին, ու դա շատ լավ հասկանալով ՝ Ադրբեջանը դա ճիշտ կիրառում է Հայաստանի դեմ՝ փաստացի թիրախավորելով Ռուսաստանին և Իրանին: Որովհետև բոլորը հասկանում են, որ այսօր Սյունիքը մնում է հայկական Իրանի դիրքորոշման շնորհիվ:Իսկ երբ որ թեզ է դաշտ նետվում, որ Հայաստանը հրավիրել է Իրանի թշնամիներին իր սահմանների մոտ՝ դա իհարկե անընդունելի է Իրանի համար»,-նկատեց քաղաքական վերլուծաբանը։

Բնականաբար, Իրանում հարցեր են առաջանում, թե ինչպես է ստացվում, որ իրենք օգնում են իրենց հարևաններին պահել իրենց սահմանները, իսկ այդ հարևանները Իրանի անմիջական թշնամիներին բերում են իր հետ սահմանին: Սա շատ լավ հասկանալով ՝ Ադրբեջանը Իրանի հարցում որդեգրել է հիբրիդային պատերազմի նոր գործիք:

Մելքոնյանը նկատում է, որ այս քայլի նպատակն է՝ սեփական հակաիրանական քայլերը այդպիսով Իրանի աչքում ավելի փոքրացնելու և առավել վտանգավոր հարևանի դերում՝ Հայաստանը ներկայացնելն է: Իհարկե, ՀՀ ներկա իշխանությունների կողմից հնչող հայտարարություններն ու արվող քայլերն էլ գալիս են ամրացնելու թշնամական Ադրբեջանի հերթական քաորզչական ծուղակը Հայաստանի դեմ, որի «դամն» էլ պահում են որոշ արևմտամետներ՝ մարդկանց մոլորության մեջ գցելով իբր Հայաստանում գնտվող ամերիկյան զորամիավորումների մասին կեղծ լուրերով։