Նիկոլի թաքուն քարտեզը

Նիկոլի թաքուն քարտեզը

Մենք մտել ենք դժոխքի դարպասներից ներս եւ ամեն քայլափոխի ականատես ենք լինում նոր սարսափազդու տեսարանների: Այդպես ամեն օր ու շարունակ. ես չեմ չափազանցում: Մենք միայն գրքերում էինք կարդացել այն, որ հիմա տեսնում ենք` հայերի անցած դժոխքի ճանապարհ: Սպանդ, գերություն, բնակավայրերի հանձնում թշնամուն, տեղահանություն, այրվող տներ... Ադրբեջանցին Որոտանում մեկ ժամ ժամանակ է տվել տանտերերին՝ տունը լքելու համար: Պարզվում է, որ տունն այլեւս Ադրբեջանի տարածքում է: Թեկուզ ռուս խաղաղապահը լուծի խնդիրը, եւ սահմանագիծը շրջանցի Որոտանի տունը, հայն ինչպե՞ս է ապրելու թուրքի պռունկին: Սա դժոխք չէ, սա Հայաստանն է, որի վարչապետը Նիկոլն է:  

Նիկոլականները պատմության դաս են տալիս, թե 1994-ին Հեյդար Ալիեւը պարտվեց, բայց մնաց նախագահի աթոռին, եւ որդին հաղթեց մեզ: Դեռ Աշոտիկի հաղթանակը մի կողմ դնենք: Նախ՝ Էլչիբեյն է պարտվել, իսկ Հեյդարը հաղթել է մեզ` ստիպելով ստորագրել 1994-ի զինադադարը նման պայմաններով, որն ապահովեց, իսկ ամենակարեւորը` արդարացրեց որդու հաղթանակը պատերազմով: 1994-ին մենք ավելի խայտառակ պարտություն կրեցինք՝ որպես հաղթող կողմ, քան 2020-ին` որպես պարտվող կողմ: Նիկոլը Հեյդար չի կարող լինել, անգամ՝ հորթ Իլհամիկ, որ խրխնջում է այսօր, ինչպես թեւավոր ձի: Այսպիսով Աշոտիկի հարցը փակված է:

Մեր առջեւ այլ հարցաշար է դրված: Եթե ամիսներ առաջ ասեին, որ Արցախում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու, անգամ վայրկյան կորցնելու ըմբոստանալու էինք, թե Արցախը հայկական հսկողությունից դուրս է գալու, որ նշանակում է` մերը չէ: Իսկ հիմա շնորհակալություն ենք հայտնում եւ օրհնում ենք ռուս խաղաղապահներին՝ Արցախում նրանց ներկայության համար: Եթե շաբաթներ առաջ ասեին, որ ռուսական ռազմաբազա պետք է դրվի Սյունիքում՝ մեզ Ադրբեջանից պաշտպանելու համար, ասելու էինք, որ մեր դիրքերն ամուր են, եւ մենք մեր սահմանները պաշտպանում ենք: Իսկ հիմա օր առաջ ենք տեսնում ռազմաբազայի անհրաժեշտությունը եւ այդ առիթով պետք է խնդրագիր ներկայացնենք ռուսներին: Հիմա էլ ռուս խաղաղապահն ու սահմանապահն են հսկում որոշ հատվածներ, քանի որ մենք մեր դիրքապահներին զինաթափել եւ իջեցրել ենք դիրքերից:  Այդ հարցաշարն է Նիկոլը դրել մեր առջեւ, որ լրացնում ենք հօգուտ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի, որպեսզի վերջնականապես չկործանվեք: 

Իմքայլականները առեւտրային եւ դիվանագիտական հարաբերությունների փաթեթ են մշակում Ադրբեջանի հետ: Վատ բան չէ առեւտուրը, հատկապես, որ մեր լոլիկը, ինչպես իրենք են ասում, վաճառվելու է ադրբեջանական շուկայում: Դրա համար պետք է բացվեն սահմանները, իսկ Մեղրիով անցնելու է թուրք-ադրբեջանական ճանապարհը: Տարածաշրջանով նոր երկաթուղի է անցնելու, որին կարող է միանալ նաեւ Հայաստանը: Եվ մեկ օրում ադրբեջանական ու թուրքական կապիտալը մտնելու է Հայաստան ոչ թե մեր օգուտի համար, այլ մեզ իրենցով անելու համար: Իսկ դիվանագիտական հարաբերություններ` նշանակում է մոռանալ Ադրբեջանի հետ ունեցած բոլոր խնդիրները, ինչպեսեւ՝ Թուրքիայի հետ, որն է՝ պահանջատիրություն: Իսկ այս ամենը նշանակում է տապանաքար Հայաստանի վրա, գոնե այժմ մեր ինքնիշխանության եւ ապագայում պետություն լինելու վրա: Սա է Նիկոլի ճանապարհային քարտեզը, թաքուն քարտեզը: 

 Հուսիկ Արա