Մի հանդուրժեք

Մի հանդուրժեք

Կյանքն անգամ համակենտրոնացման ճամբարներում եւ գուլագներում է շարունակվել: Մարդիկ փոքրիկ ուրախություններ են գտել-հորինել, որ չխենթանան, կարողանան ապրել եւ դիմակայել` մինչեւ մի լույս կբացվի: Այնպես որ, մարդկանց պետք չէ մեղադրել ծնունդ-կնունք-հարսանիք կամ Նոր տարի անելու համար:

Դա նաեւ սթրեսից դուրս գալու, այս սեւ օրերը հաղթահարելու, ապագայի հանդեպ հույսն ու հավատը պահպանելու համար է արվում: Բայց ի՞նչ ասես այն կենդանիներին, որոնք ուրախանում են Արցախի բլոկադայով, անիծում արցախցիներին եւ երազում Արցախից` «որպես քաղցկեղից», ազատվել։ Դրանց անգամ մարդ անվանելն է դժվար: Գուցե չարժե, որ մենք անգամ նկատենք դրանց նմանների գոյությունը եւ ուշադրության արժանացնենք, բայց այդ նեգատիվն անհետք չի կորչում: Հենց այդ չարությունն ու անեծքն է, որ վերադառնում է մեր ազգին: Նրանց` որպես այդ չարության աղբյուր, մեզ` որպես այդ չարությունը հանդուրժող հասարակություն:

Ձեր շրջապատում քանի՞ մարդ գիտեք, որ դրանց սաստում է, արժանի հակահարված տալիս, տեղը դնում: Քչերը: Որովհետեւ մարդիկ, որպես կանոն, խուսափում են վեճի ու կոնֆլիկտների մեջ ներքաշվելուց, իրենց սուղ էներգիան նման կենդանիների վրա ծախսելուց: Մանավանդ՝ այդ կենդանիները նաեւ ագրեսիվ են, միասնական ու կազմակերպված: Նրանք արագ միացնում են հակահարվածի ռեժիմը` ազնիվ ու հայրենասեր մարդկանց անկյուն քշելով:  Եվ ամբողջ պատճառն այն է, որ նրանք իրենց թիկունքում զգում են պետության, իշխանությունների շունչը, նրանց լուռ աջակցություն-հավանությունը: Այն թաքուն մեսիջը, որ` «սատկացրեք» Արցախը սիրող, Արցախի ու Հայաստանի համար մտահոգ, մեր քայլերի մեջ վտանգներ տեսնող եւ մեզ քննադատող անհատներին: Եվ մեր հասարակությունը լուռ ու հնազանդ դեպի անդունդն է գնում: