Նախարարությունը հաստատում է, որ պարտք է հիվանդանոցներին

Նախարարությունը հաստատում է, որ պարտք է հիվանդանոցներին

Մեր տեղեկություններով՝ առողջապահության բոլոր ուղղություններով պետպատվերի գումարները վերջացել է, նույնիսկ շտապ օգնությամբ հոսպիտալացվողների, հրատապ բուժօգնության, դիալիզի, երեխաներին հասնող բուժօգնության համար նախատեսված գումարները։ Առողջապահության նախարարությանը խնդրել էինք մեկնաբանել տեղեկությունը՝ նշելով, թե արդյո՞ք նախարարությունը բավարար գումար տվել է բուժհաստատություններին պետպատվերների համար, պետպատվերի ո՞ր տեսակներն են այժմ հասանելի 100 տոկոսով, որոնք են կասեցվել, և ճի՞շտ է, որ հիվանդանոցները այժմ պետպատվերներն անում են «Նիսյա»։ Մեր գրավոր գարցմանն ի պատասխան նախարարությունից պատասխանել են․

«Յուրաքանչյուր ընթացիկ տարվա համար տարվա սկզբին առողջապահության նախարարության և պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների միջև կնքվում է բժշկական ծառայությունների մատուցման պայմանագիր և սահմանվում պայմանագրային գումար, որը տարվա ընթացքում ըստ ներկայացրած կատարողականի ենթարկվում է փոփոխության, օրինակ՝ 2021 թվականին իրականացվել է պայմանագրային գումարների թվով 5 վերաբաշխում, որը շարունակական գործընթաց է և կախված է բժշկական կազմակերպությունների կողմից իրականացված բժշկական ծառայությունների քանակից:

Ներկայումս պետական պատվեր իրականացվում է հերթագրման եղանակով, իսկ հեմոդիալիզային ծառայության, շտապ բժշկական օգնության, անհետաձգելի բժշկական օգնության, Սրտի անհետաձգելի վիրահատությունների, «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով , մանկաբարձական ծառայության և այլ ուղղություններով պետական պատվերի ֆինանսական միջոցները բավարար են և բժշկական կենտրոններին գումարները տրամադրվել են բավարար  չափով և համապատասխան կարգով:

Որոշ ծրագրերի հետ կապված առկա է լարվածություն, դա պայմանավորված է հիվանդների աննախադեպ բարձր դիմելության հետ, օրինակ՝ «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման շրջանակում 2020 թվականի համեմատ շուրջ 40% , «Երեխաներին բժշկական օգնության ծառայությունների» միջոցառման շրջանակում՝ 30% հիվանդանոցային դեպքերի քանակը ավելացել է, ինչպես նաև Արցախյան 44 օրյա պատերազմից հետո ավելացել է պետական պատվերով բուժօգնություն ստանալու իրավունք ունեցող  շահառուների նոր խումբ՝ «Տուժած անձ» , որը շուրջ 2,0 մլրդ. ով ավելացրել է ֆինանսական միջոցների տրամադրման չափը»,- պատասխանել են նախարարությունից։

-  Ճի՞շտ է, որ նախարարությունը պետպատվերների համար լրացուցիչ հատկացումների համար դիմել է կառավարությանը։

- Ելնելով ստեղծված  իրավիճակից Առողջապահության նախարարությունը ձեռնամուխ է եղել իրականացնելու համապատասխան քայլեր՝ 

1. պետական բյուջեի  «Առողջապահություն»  բաժնի սահմաններում իրականացնում է  ներծրագրային վերաբաշխումներ,

2.մի քանի ծրագրերի մասով՝ առաջարկություն է ներկայացրել ՀՀ կառավարություն լրացուցիչ գումարներ տրամադրելու նպատակով:

- Արդյո՞ք նախարարությունը պետպատվերի մասով բուժհաստատություններին պարտք է, այսինքն՝ պետպատվերով բուժօգնություն է տրամադրվել, որի դիմաց նախարարությունը գումար չի փոխանցել,  եթե այո, ապա ո՞ր բուժհաստատություններն են դրանք։

- Պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների և առողջապահության նախարարության միջև կնքված պայմանագրով ամրագրված պայմանագրայինն գումարի մասով, որոշ բժշկական ծառայությունների շրջանակներում առկա են գերակատարումներ, որոնք սահմանված կարգով ծրագրային վերաբաշխման ժամանակ կտրամադրվի բժշկական կազմակերպություններին: