Ավերված Ուկրաինան՝ խաղաղ Վրաստանի ֆոնին. նախընտրական կրքեր, պատժամիջոցներ

Ավերված Ուկրաինան՝ խաղաղ Վրաստանի ֆոնին. նախընտրական կրքեր, պատժամիջոցներ

Թբիլիսիի քաղաքային դատարանը տուգանել է վրացական «Ֆորմուլա», «Մտաբարի արխի» և «TV Փիրվելի» հեռուստաալիքներին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական տեսանյութը ցուցադրելուց հրաժարվելու համար, որտեղ օգտագործվել են Ուկրաինայում պատերազմի ավերածությունների կադրերը՝ դրանց հակադրելով խաղաղ Վրաստանի կադրերը։

BBC-ի ռուսական ծառայության տվյալներով՝ երեք ալիքներից յուրաքանչյուրը պետք է վճարի 5 հազար լարի (մոտ 1,8 հազար դոլար)։ Բացի այդ, դատարանը նրանց պարտավորեցրել է անհապաղ հեռարձակել տեսանյութը՝ անկախ նրանից, որ վերաքննիչ բողոք է ներկայացվել։

«Մտաբարի արխի»-ի փաստաբան Թամտա Մուրադաշվիլին հայտարարել է, որ հեռուստաալիքը չի ենթարկվի այս որոշմանը և կբողոքարկի դատարանի որոշումը։

Դատարանը որոշում է կայացրել Վրաստանի կապի ազգային հանձնաժողովի կողմից կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության հիման վրա։ Գործակալությունը, որին բողոք է ներկայացրել «Վրացական երազանք»-ը, ընդունել է, որ հեռուստաալիքները խախտել են Ընտրական օրենսգիրքը։

Հավելենք, որ իշխող կուսակցության նախընտրական տեսանյութում ցուցադրված են Ուկրաինայում ռազմական գործողությունների արդյունքում ավերածությունների կադրեր։ Դրանց հակադրվում են Վրաստանը պատկերող կադրերը՝ ամբողջությամբ նոր շենքերով: Կարգախոսների վրա գրված է՝ «Ո՛չ պատերազմին» և «Ընտրիր խաղաղությունը»: Թբիլիսիի փողոցներում սեպտեմբերի վերջից կախված են նմանատիպ բովանդակությամբ պաստառներ։