Այդպես չի լինում
Ութ տարի առաջ ապրիլի 2-ին մենք խիստ միամիտ էինք: Սակայն գանք հերթով: Առավոտյան արթնացանք ու իմացանք, որ Արցախում լայնածավալ պատերազմ է սկսվել: Իմացանք նաև, որ մեր զինվորները հերոսաբար հետ են մղում թշնամու հարձակումները: Նաև մահանում էին հանուն Արցախի և որ նույնն է՝ հանուն Հայաստանի: Ի միջի այլոց, հերոսը հենց նրանք էին և ոչ թե այսօրվա հարկ մուծողները: Հետո էլ չգիտես որտեղից մեզ իմաց արին, որ ի տարբերություն զինվորների՝ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Խաչատուրովը գիշերը բիլիարդ խաղալիս է եղել ու չի կատարել իր բուն պարտականությունները: Եվ քանի որ մենք ընդդիմադիր էինք գործող իշխանությանը, և այդ լուրն էլ հայտնի էր դարձել իրեն ընդդիմադիր անվանող մի լրատվամիջոցից, հավատում էինք դրան: Սակայն ավելի ուշ իմացանք ճշմարտությունն ու զարմացանք: Զարմացանք, թե ինչպես էր հնարավոր կեղծ տեղեկատվություն տարածել այդ թեմայով: Շատ ավելի ուշ հասկացանք, որ ինչ-որ երևույթի վրա թքած ունենալը հատուկ էր ոչ թե գեներալին, այլ այդ կեղծ լուրը մեզ հրամցնողներին: Թեկուզ այդ երևույթը կոչվեր հայրենիքի պաշտպանություն կամ անվտանգության ապահովում:
Այո, միամիտ էինք: Եթե այդպիսին չլինեինք, ապա, նախ, չէինք հավատա գեներալի վերաբերյալ այդ կեղծ լուրերին: Երկրորդ, կփորձեինք ճշտել դրանց աղբյուրը և քաղաքացիական պատասխանատվության կանչել դրա հեղինակին (կամ հեղինակներին): Բայց դա զլացանք անել, մեր փոխարեն արեցին ուրիշները: Չնայած որ հենց մեզ էինք համարում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Իսկ այդ լուրերը գեներացվում էր հենց մեր շրջապատում: Արդեն տարիներ են անցել, բայց ես դեռևս չեմ ընկալում, թե ինչպես կարող է ինքն իրեն գրագետ ու բարոյական համարող մարդը գեներացնել կեղծ լուրեր: Հատկապես եթե ինքը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ է, այդ թվում՝ լրագրող: Ի դեպ, դժգույն և դժբախտ մեր այս օրերին ինձ համար տհաճ է նույնիսկ հիշելը, որ ժամանակին եղել եմ դրանցից մեկը: Թեև սուտը երբեք չի եղել իմ «բարեկամը»՝ նույնիսկ կենցաղի մակարդակում:
Վերադառնամ ապրիլի 2-ի խորհրդին: Քառօրյա պատերազմի ընթացքում, ինչպես ժամանակին արտահայտվել էր ռուս ռազմական փորձագետներից մեկը, գրանցվել էր «ռազմական ոչ-ոքի»: Չնայած ես դա կանվանեի հաղթանակ, եթե հաշվի առնենք, որ մեծ ծրագրով հարձակում սկսելով և հսկայական զոհեր տալով՝ թշնամին կարողացավ գրավել ընդամենը մի բարձունք ու մի փոքր տարածք: Եվ այդ քառօրյայում հերթական անգամ ապացուցվեց, որ մեր բանակը լավագույնն է տարածաշրջանում: Եվ դա ոչ միֆ էր և ոչ էլ առասպել. դա իրողություն էր: Ուրիշ հարց, որ «լավ ու հանգիստ ապրելու» նպատակով պայմանավորված պատերազմում մենք պարտություն կրեցինք: Եվ մեր բանակի անհաղթ լինելու գաղափարն այսօր գործող իշխանությունը վերածեց առասպելի: Եվ որպեսզի ամրապնդի այն ու համատարած խեղճություն ներարկի մեզանում՝ նա ըստ նախապես պայմանավորված սցենարի անընդհատ փորձում է տարածքներ հանձնել թշնամուն:
Ու, դժբախտաբար, այսօր էլ մեր ժողովրդի մնացած հատվածներն են միամիտ այնքան, որ հավատում են կապիտուլյանտ իշխանության կողմից գեներացված առասպելին: Այո, առասպել է ոչ թե մեր բանակի անհաղթ լինելու, այլ նրա՝ խեղճ ու կրակ լինելու մասին մեր այսօրվա պատկերացումը: Որի ամրապնդմանն է ծառայել գործող իշխանության կողմից մեր բանակի ոգին ջարդելը: Եվ որքան արագ կարողանանք դա հաղթահարել, այնքան պակաս մարդկային ու տարածքային կորուստներով դուրս կգանք այն անտանելի վիճակից, որի մեջ մենք հայտնվել ենք հենց մեր մեղքով: Այդ պատկերացումն արհեստական է ներարկվել մեր ուղեղներում, և մեծ ցանկության դեպքում այն հնարավոր է հեռացնել: Մնում է, որ հայտնվի այն անձը, ով իր վրա կվերցնի այդ առաքելությունը: Մեզ հրամցված և արհեստականորեն մեր ուղեղում դաջված այդ առասպելը վերացնելու առաքելությունը:
Ինչ մնում է վարչապետի աթոռից կառչած անձին, ապա նա հերթական անգամ է խոստովանել, որ «որոշել է չհանձնվել»: Այսինքն՝ չնայած իր կողմից գեներացված բոլոր արհավիրքներին ու դժբախտություններին՝ պահպանել իր պաշտոնը, կեղծ հիմնավորումներով մարդկանց մեջ ներարկելով մեկ այլ առասպել, որ ինքն ընտրել է ճշմարիտ ճանապարհը: Այնինչ, այն, ինչ ճշմարիտ է թվում մեկ անձին, չի կարող այդպիսին լինել ողջ հասարակության համար: Եթե դրա համար ծանրագույն գին է վճարում ոչ թե այդ անձը, այլ հասարակությունը: Այդպես ուղղակի չի լինում:
Կարծիքներ