Եթե իմ հանդեպ մեղադրական վերդիկտ կայացվի, ապա դավաճանությունը կնիքով կդառնա ՔՊ-ի քաղաքական կուրսը

Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը, ով մեղադրվում է ՔՊ-ի նկատմամբ բռնության կոչ հնչեցնելու մեջ, իր եզրափակիչ ելույթում այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ անդրադարձավ ՔՊ-ի քաղաքական հայացքին, քանի որ մեղադրանքում նշվում է, որ Մալյանը քաղաքական հայացքներով պայմանավորված է ՔՊ-ի դեմ բռնության կոչ հնչեցրել․
«Եկեք միասին հասկանանք, թե ովքեր են այդ դավաճանները, արդյոք ՔՊ կուսակցության քաղաքական հայացքը դավաճանությունն է, այս հարցի պատասխանը այս դատավարության անկյունաքարն է, ես դրա համար եմ մեծ հաճույքով մասնակցում այս դատավարությանը, ես դրա համար եմ պատրաստ լիքը նստել, մինչև ստանամ այդ հարցի պատասխանը՝ հրապարակային, նույնիսկ վերդիկտի տեսքով։ Հետևաբար այս հարցի պատասխանը ստանալու համար պաշտպանական կողմը միջնորդեց դատարան հրավիրել ՔՊ կուսակցության վարչության կազմից որևէ անձի, ով իրավասու կլինի այս հարցին հստակ սպառիչ պատասխանել, թե արդյոք ՔՊ կուսակցության քաղաքական հայացքը դավաճանությունն է։ Եթե ՔՊ-ում համարում են, որ իրենց կուսակցության քաղաքական հայացքը դավաճանությունը չէ, ապա դատարանը, իմ կարծիքով, պետք է արդարացման վերդիկտ կայացնի, որովհետև գոյություն չունի այն քաղաքական սուբյեկտը, որի քաղաքական հայացքը դավաճանությունն է, և նրա նկատմամբ քաղաքական այդ հայացքով պայմանավորված իրականացվել է ատելության քարոզ, իսկ եթե դատարանը կայացնի մեղադրական վերդիկտ, ապա մենք բոլորս, ամբողջ հանրությունը կունենանք պաշտոնական կնիքով փաստաթուղթ առ այն, որ ՔՊ կուսակցության քաղաքական հայացքը դավաճանությունն է, և հետագա քաղաքական գործունեությունը մենք կբխեցնենք այդ վերդիկտից, հետևաբար հանրությունն էլ տեղյակ կլինի, որ այսուհետ չի կարելի դավաճաններին քննադատել, քանի որ մեղադրական վերդիկտից հետո դավաճանությունը պաշտոնապես կդառնա ՔՊ-ի քաղաքական կուրսը»,- ասաց Մալյանը։
Կարծիքներ