Գրեթե յուրաքանչյուր պետություն իր հպատակի մեջ տեսնում է կա՛մ ստրուկի, կա՛մ թշնամու

Գրեթե յուրաքանչյուր պետություն իր հպատակի մեջ տեսնում է կա՛մ ստրուկի, կա՛մ թշնամու

Բանաստեղծ, էսսեիստ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Իոսիֆ Բրոդսկու՝ «Նյու Յորք Թայմսին» ուղղված եւ այնտեղ հրապարակված նամակը գրվել է 1972թ․-ին։ Նամակում ամփոփված են միայնակ անհատի մտորումներն այն ամենի մասին, ինչը կազմում է նրա արժեհամակարգը, եւ այն ամենի մասին, ինչը շրջապատում է նրան իրական աշխարհում՝ հաճախ հակասելով այդ արժեհամակարգին։   

Հարգելի պարոն Հրատարակիչ, հայացք նետելով հայրենի Սոդոմի պատերին՝ Ղովտի կինը, ինչպես հայտնի է, վերածվեց աղի սյան։ Այդ իսկ պատճառով զգացմունքների շարքում, որ համակել են ինձ գրիչը վերցնելիս, առկա է նաեւ լիակատար անհայտությամբ խորացող որոշակի վախ, որը խորանում է առաջ նայելու պահին։ Կարելի է նույնիսկ ենթադրել, որ ոչ այնքան տան համար կարոտը, որքան անիմանալի ապագայի հանդեպ վախը վերոհիշյալ կնոջը ստիպեցին անել այն, ինչն իրեն արգելված էր։ Ինձ արգելված չէ ետ նայելը։ Ավելին՝ ես հնարավորություն ունեմ ետ նայելու բավականին հարմարավետ պայմաններում եւ թղթի վրա, տվյալ դեպքում՝ ինձ սիրալիր կերպով տրամադրված «Նյու Յորք Թայմս» թերթի էջերի վրա, արձանագրելու տեսանելի պատկերը։ Բայց ես ամբողջովին համոզված չեմ, որ իմ կողմից պատկերված նկարը կգոհացնի իր բոլոր դիտողներին։ Ի՛նչ արած, ի արդարացումն ինձ՝ կարող եմ միայն ասել, որ թեպետ «մեծը», ինչպես գրել է ռուս բանաստեղծներից մեկը, «երեւում է տարածության վրա», սակայն առարկայից այնպիսի հեռավորության վրա, ինչպիսին այժմյանն է, ինչ-որ բան դառնում է արդեն աղոտ, եւ խոսքը վերաբերում է արդեն ոչ թե տեսանկյունին, այլ՝ հենց տեսողությանը։ Հույս ունեմ՝ տեսողությունս ինձ չի դավաճանում, բայց ուզում եմ ընդգծել, որ դա իմ սեփական տեսողությունն է, եւ եթե ես ինչ-որ բան տեսնում եմ կամ չեմ տեսնում այն ամենից, ինչը տեսնում են կամ չեն տեսնում մյուսները, ապա դա հարկ է համարել ոչ թե տեսողության արատ, այլ՝ դրա մասնավոր հատկություն։ 

Ես Ռուսաստանը լքել եմ ոչ սեփական կամքով։ Ինչու դա տեղի ունեցավ՝ դժվար է պատասխանել։ Գուցե՝ իմ ստեղծագործությունների շնորհիվ, թեպետ դրանց մեջ չկար ոչ մի «contra»։ Թեպետ, հավանական է, չկար նաեւ «pro»։ Կար, մեղմ ասած, բացարձակապես այլ ինչ-որ բան։ Թերեւս, այն պատճառով, որ գրեթե յուրաքանչյուր պետություն իր հպատակի մեջ տեսնում է կա՛մ ստրուկի, կա՛մ թշնամու։ Պատճառն ինձ համար պարզ չէ։ Ես գիտեմ, թե ֆիզիկապես դա ինչպես է տեղի ունեցել, բայց հանձն չեմ առնի գուշակել, թե ով եւ ինչն է դրա ետեւում կանգնած։ Ինձ առաջարկեցին մեկնել, եւ ես ընդունեցի այդ առաջարկությունը։ Ռուսաստանում այդպիսի առաջարկություններ չեն անում։ Եթե անում են, ապա դա նշանակում է միայն մի բան։ Ես չեմ կարծում, թե որեւէ մեկը կարող է հիացմունք ապրել, երբ իրեն դուրս են նետում հարազատ տնից։ Բայց, անկախ այն հանգամանքից, թե ինչ կերպ ես լքում տունը, այն չի դադարում լինել հարազատ։ Ռուսաստանն իմ տունն է, եւ այն ամենի համար, ինչ ունեմ հոգուս խորքում, ես պարտական եմ այդ երկրին ու իր ժողովրդին։ Իսկ գլխավորը՝ իր լեզվին։ Լեզուն, ինչպես ես մի անգամ գրել եմ, առավել հին ու անխուսափելի երեւույթ է, քան ցանկացած պետականություն, եւ այն տարօրինակ կերպով ազատում է գրողին բազմաթիվ սոցիալական պատրանքներից։ Եվ գրողի համար գոյություն ունի հայրենասիրության միայն մեկ տեսակ՝ լեզվի հանդեպ հայրենասիրությունը։ Հեղինակի հայրենասիրությունն արտահայտվում է ըստ այդմ, թե նա ինչպես է գրում այն ժողովրդի լեզվով, որի շրջապատում ապրում է։ Վատ գրականությունը, օրինակ, դավաճանության ձեւ է։ Համենայնդեպս՝ լեզուն չի կարելի արհամարհել, լեզվից չի կարելի վիրավորվել, անհնար է մեղադրել։ Եվ ես կարող եմ ասել, որ երբեք վիրավորված չեմ եղել իմ հայրենիքից։ Հիմա էլ վիրավորված չեմ։ Քանզի, եթե, օրինակ, հիշենք ստալինյան ճամբարներում ու բանտերում բոլոր կործանվածներին՝ ոչ միայն արվեստագետներին, այլեւ հասարակ մարդկանց, եթե հիշենք այդ միլիոնավոր մեռած հոգիները, ապա որտեղի՞ց գտնես համարժեք զգացմունքներ։ Մի՞թե մեր անձնական ցասումը կամ վիշտը, կամ խռովմունքը կարող են համարժեք լինել այդ խենթացնող թվին։ Կարեկցանքի հնարավորությունները չափազանց սահմանափակ են, դրանք շատ են զիջում չարիքի հնարավորություններին։ 

Ես չեմ հավատում մարդկության փրկիչներին, չեմ հավատում կոնգրեսներին, չեմ հավատում վայրագությունները դատապարտող բանաձեւերին։ Դա ընդամենը եթերի ցնցում է, ընդամենը անձնական պատասխանատվությունից խուսափում է, խուսափում այն զգացմունքից, որ դու ողջ ես, իսկ նրանք մեռած են։ Դա ընդամենը մոռացության հակառակ կողմն է, նույն հիվանդության՝ ամնեզիայի, առավել հարմարավետ դրսեւորումը։ Այդ դեպքում՝ ինչո՞ւ չկազմավորել ինկվիզիցիայի, Հարյուրամյա պատերազմի, Խաչակրաց արշավանքների զոհերի հիշատակի կոնգրես։ Թե՞ նրանք ինչ-որ այլ կերպ են մեռած։ Եթե կազմակերպում ենք համագումարներ եւ ընդունում ենք բանաձեւեր, ապա առաջինը, ինչը մենք պետք է ընդունենք, դա այն բանաձեւն է, որ մենք՝ բոլորս, սրիկաներ ենք, եւ որ մեզնից յուրաքանչյուրի մեջ նստած է մարդասպան, եւ որ միայն պատահական հանգամանքներն են մեզ՝ այս հիպոթետիկ դահլիճում նստածներիս, ազատում մարդասպանների ու զոհերի բաժանվելուց։ Ինչը պետք էր անել առաջին հերթին՝ պատմության բոլոր դասագրքերը վերաշարադրելն էր, որպեսզի այնտեղից դուրս նետվեին բոլոր հերոսները, զորավարները, առաջնորդները եւ այլք։ Առաջինը, ինչը պետք է գրել դասագրքում, այն է, որ մարդն արմատապես վատն է։ Մինչդեռ, դրա փոխարեն, աշխարհի բոլոր ծայրերում դպրոցականները սերտում են պատմական ճակատամարտերի տարեթվերն ու վայրերի անվանումները եւ մտապահում են գեներալների անունները։ Վառոդի ծուխը վերածվում է թեթեւ մառախուղի եւ մեզնից թաքցնում է անանուն ու անհաշիվ դիակները։ Մենք պատմության մեջ նկատում ենք փիլիսոփայություն ու տրամաբանություն։ Ի՛նչ արած, լիովին տրամաբանական է, որ մեր մարմինները եւս կանհետանան՝ ծածկված այս կամ այն, առավել հավանական է՝ ռադիոակտիվ ամպով։  

Ես չեմ հավատում քաղաքական շարժումներին, ես հավատում եմ անհատական շարժմանը, հոգու շարժմանը, երբ մարդը, նայելով ինքն իրեն, կամաչի այնքան, որ կփորձի զբաղվել ինչ-որ փոփոխություններով՝ ինքն իր մեջ եւ ոչ թե դրսում։ Դրա փոխարեն մեզ առաջարկվում է փոփոխությունների հանդեպ մարդկային ներքին միտումի էժանագին ու ծայրահեղ վտանգավոր փոխարինիչը՝ այս կամ այն քաղաքական շարժումը։ Վտանգավոր՝ առավել հոգեբանական, քան ֆիզիկական առումով։ Քանզի յուրաքանչյուր քաղաքական շարժում հանդիսանում է տեղի ունեցածի համար անձնական պատասխանատվությունից խուսափելու ձեւ։ Քանզի մարդը, ով էքստերիերում պայքարում է Չարիքի դեմ, իրեն ինքնաբերաբար նույնացնում է Բարիքի հետ, իրեն սկսում է համարել Բարիքի կրող։ Դա ընդամենը ինքնարդարացման ձեւ է՝ self-comfort, եւ Ռուսաստանում այն տարածված է ոչ պակաս չափով, քան որեւէ այլ վայրում, գուցեեւ՝ փոքր-ինչ այլ եղանակով, քանզի այնտեղ դա ունի առավելապես ֆիզիկական հիմքեր, առավել դետերմինացված է՝ ուղիղ իմաստով։ Գաղափարների ոլորտում կոմունալությունը, որպես կանոն, դրական առանձնապես ոչնչի դեռեւս չի հանգեցրել։ Նույնիսկ շատ բարձր գաղափարների ոլորտում․ հիշենք Լյութերին։ Էլ ի՜նչ ասես զուտ քաղաքական գաղափարների մասին։ «Աշխարհը վատն է, այն պետք է փոխել։ Այս կերպ եւ այն կերպ»։ Աշխարհը, ընդհակառակը, վատը չէ, կարելի է նույնիսկ ասել՝ աշխարհը լավն է։ Ճշմարտությունն այն է, որ աշխարհը փչացրել են իր բնակիչները։ Եվ եթե պետք է ինչ-որ բան փոխել, ապա ո՛չ թե բնանկարի դետալները, այլ՝ հենց ինքներս մեզ։ Քաղաքական շարժումներում վատն այն է, որ դրանք չափազանց շատ են հեռանում իրենց աղբյուրից, եւ դրա հետեւանքները երբեմն այնքան են այլանդակում աշխարհը, որ այն, զուտ վիզուալ առումով, իսկապես կարելի է համարել վատը․ նրանք մարդկային միտքն ուղղորդում են դեպի փակուղի։ Քաղաքական կրքերի լարումն ուղիղ համեմատական է խնդրի աղբյուրի հեռավորությանը։  

Մենք՝ բոլորս, կյանքում մեզ պահում ենք այնպես, ասես ինչ-որ մեկն ինչ-որ ժամանակ ու ինչ-որ տեղում ասել է մեզ, թե կյանքը լինելու է լավը, եւ թե մենք կկարողանանք հույս դնել ներդաշնակության վրա, երկրային Դրախտի վրա։ Ես ուզում եմ ասել, որ հոգու՝ մարդկային հոգու համար ինչ-որ առումով վիրավորական է երկրային Դրախտի մասին այդ քարոզը։ Եվ մարդկային գիտակցության համար չկա ավելի վատ երեւույթ, քան մետաֆիզիկական կատեգորիաները պրագմատիկ, բարոյագիտական ու սոցիալական կատեգորիաներով փոխարինելն է։ Սակայն, նույնիսկ մնալով պրագմատիկ մակարդակում, եթե մենք փորձենք վերհիշել, թե ով եւ երբ է մեզ ասել նման մի բան, ապա մեր գիտակցության մեջ ջրի երես դուրս կգան կա՛մ ծնողները՝ այն պահին, երբ մենք հիվանդ ենք ու պառկած ենք անկողնում, դայակը, դպրոցի ուսուցչուհին, թերթի վերնագիրը, կա՛մ պարզապես գազավորված ըմպելիքի գովազդը։ Իրականում, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ինչ-որ բան է ասել մարդուն, ապա դա Տեր Աստվածն է, որ Ադամին ասել է այն մասին, թե ինչպես է նա վաստակելու իր հացը, եւ նրա համար ինչ են լինելու ցերեկներն ու գիշերները։ Եվ դա ավելի ճշմարտանման է, եւ պետք է նաեւ երախտագիտություն հայտնել Արարչին այն բանի համար, որ Նա ժամանակ առ ժամանակ մեզ շունչ քաշելու հնարավորություն է տալիս։ Կյանքը՝ այնպիսին, ինչպիսին այն կա, պայքար չէ Վատի ու Լավի միջեւ, այլ պայքար է Վատի ու Սարսափելիի միջեւ։ Եվ մարդկային ընտրությունն այսօր ո՛չ թե Բարու եւ Չարի միջեւ է, այլ, ավելի շուտ, Չարի ու Սարսափի միջեւ։ Մարդկային խնդիրն այսօր հանգում է այն իրողությանը, որ բարի մնաս Չարիքի թագավորությունում եւ ոչ թե դառնաս հենց Չարիքի կրողը։ Երկրի վրա կյանքի պայմանները ծայրահեղորեն արագ բարդացել են, եւ մարդը, ըստ երեւույթին, նույնիսկ կենսաբանորեն չլինելով բավականաչափ պատրաստ այդչափ սրընթաց փոփոխությանը, այժմ ավելի շատ հակված է հիստերիայի, քան բնական քաջության։ Բայց եթե ոչ հավատքին, ապա հենց դրան էլ հարկ է մարդուն կոչ անել՝ անհատական քաջությանը եւ ոչ թե այն հույսին, թե որեւէ մեկը (ուրիշ վարչակարգ, ուրիշ նախագահ) կթեթեւացնի նրա խնդիրը։ Հենց դրա մեջ էլ ես տեսնում եմ գրականության խնդիրներից մեկը, թերեւս՝ նույնիսկ գլխավորը․ մարդուն ներկայացնել տեղի ունեցողի իրական մասշտաբը։ Ինչ վերաբերում է միջոցներին, ապա դրանք միշտ անհատական են, յուրաքանչյուր գրողի պարագայում դրանք տարբեր են։ Ես կարծում եմ, որ ռուսական գրականությունն այդ խնդիրը միշտ լուծել է ավելի հաջող, քան ռուսական քաղաքական միտքը, եւ, որպես ռուս գրող, ես համարձակվում եմ մտածել, որ շատ չեմ շեղվել այդ ավանդույթից։ Դրանից բխող բոլոր հետեւանքներով։ 

Ռոբերտ Ֆրոսթը մի անգամ ասել է․ «Ասել քո մասին, թե բանաստեղծ ես, նույնն է, թե ասես, որ դու լավ մարդ ես»։ Ես անհարմար եմ զգում ինձ գրող անվանելիս, քանզի գրողը նույնացվում է արձակի հետ, իսկ ես արձակ չեմ գրել։ Ես գրականության մարդ եմ․ դա ավելի չեզոք է։ Համենայնդեպս՝ ես ավելի շատ մասնավոր անձ եմ, քան քաղաքական ֆիգուր։ Ես Ռուսաստանում թույլ չեմ տվել ու, առավել եւս, այստեղ թույլ չեմ տա ինձ օգտագործել այս կամ այն քաղաքական խաղում։ Ես չունեմ նյութ սենսացիաների համար։ Ես առհասարակ մտածում եմ, որ աշխարհում սենսացիա չկա։ Եթե ինչ-որ բան տեղի է ունենում սպասումներին հակառակ, ապա դա միայն մեր անհեռատեսության հետեւանքն է։ Բացի այդ՝ ես պարզապես չեմ ուզում ստեղծել հավելյալ իրականություններ։ Ընդհանրապես՝ ես ոչ ամբողջությամբ եմ կիսում ժամանակակից տեսակետն այն մասին, որ երկրները պիտի ավելի շատ բան իմանան իրար մասին։ Ինչպես ասել է Ռոբերտ Ֆրոսթը՝ «Հարեւանը լավն է, երբ ցանկապատդ լավն է»։ Մոտավորապես այսպես ու այս ոգով պիտի արտահայտվի բանաստեղծը։ Այն պատճառներով, որոնք թվարկելը շատ երկար կտեւեր, եկեղեցին, կրթությունը, արդարադատությունը եւ մի քանի այլ սոցիալական ինստիտուտները Ռուսաստանում միշտ եղել են ծայրահեղ անբավարար վիճակում եւ իրենց պարտականությունները չեն կարողացել կատարել։ Եվ տեղի ունեցավ այն, որ գրականությունը ստիպված եղավ ստանձնել այդ գործառույթներից շատերը։ 

Ինձ քիչ է հետաքրքրել, որ իմ բանաստեղծությունները չեն հրատարակվում։ Նախեւառաջ՝ այն պատճառով, որ պոեզիան առավելապես մոտեցում է իրերի, կյանքի հանդեպ եւ ոչ թե տպագրական արտադրանք։ Ես եկել եմ Ամերիկա եւ ապրելու եմ այստեղ։ Ես տեսա նոր հող, բայց ոչ՝ նոր երկինք։ Սրանք զզվելի ժամանակներ են, երբ թվում է, թե այն ամենը, ինչ կարող էիր անել, արված է, եւ որ այլեւս ոչինչ չկա ասելու, եւ դու սպառել ես քեզ, եւ դու լավ գիտես քո հնարքների գինը, եւ քո գրականությունն ավելի լավն է, քան դու՝ ինքդ։ Գրողը միայնակ ճանապարհորդ է, եւ ոչ ոք նրա համար օգնական չէ։ Հասարակությունը միշտ էլ, ավելի կամ պակաս չափով, թշնամի է։ Ե՛վ երբ մերժում է գրողին, ե՛ւ երբ ընդունում է։ Համենայնդեպս՝ առաջինն էլ, երկրորդն էլ անում է կոպիտ ձեւով։ Մարդը գումարելիի պես է, տեղափոխումից ոչինչ չի շահում։ Ողբերգությունը կարելի է փոխարինել միայն ողբերգությամբ։ Դա հին ճշմարտություն է։ Միակ բանը, որ այն դարձնում է ժամանակակից, աբսուրդի զգացողությունն է այդ ողբերգության հերոսներին տեսնելիս։ Նույնկերպ, ինչպես եւ այդ ողբերգության հանդիսականներին տեսնելիս։ 

Թարգմանությունը՝ Անուշ ԲԱԲԱՅԱՆԻ 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ